«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#8, 2008-01-17 | #9, 2008-01-18 | #10, 2008-01-19


ՀԱՎԵՐԺԻ ՃԱՄՓՈՐԴԸ

Հունվարի 20-ը Ամենայն հայոց բանաստեղծուհու` Սիլվա Կապուտիկյանի ծննդյան օրն է: Սակայն արդեն երկրորդ տարին է, որ այդ օրը նշվում է առանց իր ամենատես ներկայության. մեզ հետ չէ հայոց բանաստեղծության մայրը, քույրը, դուստրը` իր բազմախոհ ու սրամիտ խոսքով, առանց երկնչելու մարդկանց եւ երեւույթները իրենց անունով կոչելու համարձակությամբ, իր վիթխարի, անմնացորդ հայրենասիրությամբ, հումանիզմով:

Այնուամենայնիվ նա ապրեց ստեղծագործական հարուստ եւ տեւական կյանք. ավելի քան 70 տարի իր գրիչը մուսաների բարձր հովանավորությամբ եւ ազնվորեն ծառայեցրեց իր ժողովրդին` ստեղծելով մեծարժեք եւ մնայուն այնպիսի գործեր, որ նրան լիովին իրավունք էին տալիս դեռեւս 1960-ին իր «Մտորումներում» դիմելու ժողովրդին այսպես`

Ես` հետին մշա՜կ քո մեծ դպրության,

Բայց ինձ մեծերիդ համեմա՛տ դատիր:

Նորագույն շրջանի հայ գրականության մեջ առաջինը նաՙ ըստ էության, արծարծեց սփյուռքի թեման, եղավ մի շարք գաղթօջախներում, մանրամասն ուսումնասիրեց այնտեղի կյանքն ու մարդկանց եւ նրանց սովորեցրեց հայրենիքի ճամփան ու ներարկեց սեր իրենց միակ հայրենիքի` Հայաստանի նկատմամբ ու մեզ հաղորդակից դարձրեց սփյուռքի հոգսերին ու տվայտանքներին, նրան աջակից լինելու բարձր առաքելությանը: Ու ծնվեցին Ս.Կապուտիկյանի մեծարժեք եւ ծավալուն արձակ էջերը` սփյուռքապատումը, որ տասնամյակներ շարունակ դարձավ նրա մարդկային ու ստեղծագործական մտքերի կիզակետը` մեծագույն ավանդ բերելով Հայրենիք-Սփյուռք օրավուր ամրապնդվող կապերին: Եվ պատահական չէր, որ դեռ 1944-ից իր եւ մեր գրականության ամենասքանչելի գործերից մեկը` «Խոսք իմ որդուն» պատգամ-բանաստեղծությունը դարձավ ոչ միայն Հայաստանի, այլեւ սփյուռքի նորօրյա աղոթքը, որն իրենով պորտալարի նման մեկ անգամ եւս սփյուռքը կապեց իր մայր լեզվին, իր հայրենիքին:

Ս. Կապուտիկյանի հերոսը հայ մարդն է, նրա չափածոում, արձակում Հայաստանն է` իր դարավոր հոգսերով, տառապանքով, կորուստներով, բայց եւ` հույսով, այսօրվա եւ վաղվա նկատմամբ իր ամբողջացող հայրենիքի հավատով.

Ինչպե՞ս խեղդենք խեւ խռովքը Սասնա տան,

Ինչպե՞ս մարենք այսքան կարոտ, վառք ու կիրք,

Այսքան երազ ինչպե՞ս թաղենք գետնի տակ,

«Իմա՞լ կեղնի, իմա՞լ չերթանք մըր էրգիր»:

Եվ առաջին հերթին սա հենց իր հարցն էր, Վանի անհուն կարոտներով լեցուն հարազատ դստեր հարցն ու նաեւ հավատամքը`

Պիտի երթա՛նք, պիտի երթա՛նք մեր երկիր:

Ընդհանրապես կապուտիկյանական հայրենասիրության որակը շատ բարձր է եւ նրա «Արարատյան համանվագ» շարքն ու այլ հայրենասիրական երկեր համարժեք են մեր մեծագույն գրողների արարումներին: Ահա մի քանի տող նրա «Մեր սերը» քերթվածքից.

Հայաստա՛ն աշխարհ,

Դու մե՛րը եղար ու մերը չեղա՜ր,

Դրա համար էլ մենք քեզ սիրեցինք սիրահարի պես...

Ո՛չ ազգականի հանդարտիկ սիրով,

Այլ` սիրածի՛ պես, սիրահարի՜ պես,

Քո գրկո՛ւմ անգամ` քեզ կարոտելով:

Իսկ մեկ այլ` «Աղոթք Արարատին» սքանչելի գործում, հեղինակը դիմում է Արարատին.

Ինձ օրինա՛ կ տուր`

Տառապանքի մեջ մնալ վեհապա՛ նծ,

Եվ գերության մեջ տիրակա՛ լ լինել:

Նրա պոեզիայի հերոսը հայ կինն է նաեւ, կինն է ընդհանրապես, որի մեջ նիրհում են ե՛ւ Լիլիթն ու Կլեոպատրան, ե՛ւ հայ հավատավոր կանայք ու հարսները, նրանց սերն ու տառապանքը, սպասումները, հոգեւոր սարսուռները եւ հպարտ, հպարտ, արժանապատիվ գոյությունը: Միայն իսկական զգացմունքը կարող էր մղել հերոսին կարոտի պահին ասելու

- Թեկուզ ուրի՜շ գրկից

Միայն արի՜, արի՜, -

եւ ապա արդեն արժանապատվության դասեր տալ`

Սովորեցրո՛ւ ինձ, Ա՛ ննա, գնացքի տա՛ կ նետվել,

Բայց չնետվե՛ լ երբեք ոտքերի մոտ...

Ընդհանրապես Սիլվա Կապուտիկյանի սիրային բանաստեղծությունները չափազանց ուժեղ են: Այնտեղ տրոփում է մի սիրող, փարող, հավատավոր սիրտ, թեեւ բազում անգամ խաբված, վիրավորված ու վերքերից սպիացած արդեն, բայց կարծես իրենով պայմանավորած հայ աղջիկների, կանանց սիրո այն բարձր որակը, որ բացառիկ ազնիվներին է հասու:

Սիլվա Կապուտիկյանը Խորհրդային Հայաստանի ժամանակակիցը եղավ ու տարեգիրը, եղավ մտերիմն ու հարազատը նրա հոգեւոր եւ մտքի տիտանների` Ավետիք Իսահակյան ու Մարտիրոս Սարյան, Վազգեն Վեհափառ ու Արամ Խաչատրյան, Վիկտոր Համբարձումյան, ուրիշներ ու իր սերնդակից գրողները` Հ. Շիրազ ու Հ. Սահյան, Պ. Սեւակ, Հ. Մաթեւոսյան, Վ. Դավթյան եւ շատերը: Նա իր ստեղծագործություններով կարողացավ նվաճել ոչ միայն իր փոքր հայրենիքի մեծ սերը, այլեւ դարձավ Խորհրդային Միության միլիոնավոր ընթերցողների սիրելին, իսկ այդ հզոր կայսրության փլուզման նախաշեմին հռչակվեց կենդանի դասական:

Եվ որքա՜ն հարազատ էր նա եւ իմաստուն իր առօրյա զրույցներում, կյանքում, հանդիպումներում, ասուլիսներում, որքան բարի, հասնող, բայց եւ սթափ, արդարամիտ, ազնիվ ու համարձակ:

Նա իր մահով հարստացրեց առանց այն էլ «մեծ մահերով հարուստ» մեր պանթեոնը, գնաց դեպի հավերժություն, թեեւ գնաց իր ժողովրդի դժվար կյանքի ու ճակատագրի մտահոգություններով, գալիք արդարության եւ հավատի երազներով:

ՌՈԼԱՆԴ ԱՎԵՏԻՍՅԱՆ, Բանասիրական գիտությունների թեկնածու


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4