«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#10, 2008-01-19 | #11, 2008-01-22 | #12, 2008-01-23


ԵՎՐՈՊԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԲԱՔՈՒ-ԷՐԶՐՈՒՄ ԵՎ ԿԱՍՊՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՆԱԽԱԳԾԵՐՈՒՄ

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հունվարի 17-ին Եվրոպական խորհրդարանն ընդունել է «Հարավային Կովկասի նկատմամբ ավելի արդյունավետ ԵՄ քաղաքականություն. խոստումներից դեպի գործողություններ» բանաձեւ-զեկույցը: ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության աշխատանքների շնորհիվ հայկական կողմի շատ առաջարկություններ արտացոլվել են զեկույցում: Մասնավորապես, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի մասով բանաձեւում ընդգծվում է, որ նախագիծը շրջանցում է «գոյություն ունեցող եւ ամբողջապես գործունակ Հայաստան-Թուրքիա երկաթգիծը` այդ կերպ նպաստելով Հայաստանի մեկուսացմանը»:

Այն նաեւ կոչ է անում Հարավային Կովկասի երկրներին եւ Թուրքիային տարածաշրջանային տնտեսական ինտեգրման քաղաքականություն վարել եւ ձեռնպահ մնալ այնպիսի «անհեռատես եւ քաղաքականապես հիմնավորված էներգետիկ եւ տրանսպորտային նախագծերից, որոնք խախտում են Եվրոպական նոր հարեւանության քաղաքականության սկզբունքները»:

Զեկույցում հաստատվում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը անհրաժեշտ է ԵՄ հարեւանության կայունության, ինչպես նաեւ Հարավային Կովկասի տնտեսական եւ սոցիալական զարգացման համար: Ի դեպ, ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության աշխատանքների շնորհիվ «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ» հակամարտություն որակումը ԼՂ հիմնահարցի առնչությամբ փոխվել է եւ ներկայացվում է հակամարտություն, որ վատթարացնում է հարաբերությունները Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ:

Եվրոպական խորհրդարանն, ընդգծելով հարգանքը հակամարտության երկու հիմնական սկզբունքների հանդեպ, նշում է, որ ինքնորոշման իրավունքի եւ տարածքային ամբողջականության սկզբունքների հակասությունը նպաստում է Հարավային Կովկասում չկարգավորված հակամարտությունների երկարաձգմանը, եւ գտնում է, որ այդ հիմնահարցերը պետք է կարգավորվեն միայն խաղաղ բանակցությունների միջոցով:

Եվրոպական հանձնաժողովին եւ ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին զեկույցում կոչ է արվում գործունեություն ծավալել նաեւ Լեռնային Ղարաբաղում այնպես, ինչպես դա արվում է Աբխազիայում եւ Հարավային Օսիայում:

Բանաձեւը ողջունում է Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների բարեհաջող ընթացքը եւ Եվրոպական հարեւանության քաղաքականության ԵՄ-Հայաստան գործողությունների ծրագրի արդյունավետ իրականացումը: Նշվում է, որ 2007-ի մայիսի խորհրդարանական ընտրությունները համապատասխանում էին միջազգային չափանիշներին եւ կոչ արվում ապահովել նույն մակարդակը նաեւ նախագահական ընտրություններին: Միաժամանակ ավելացվել է կոչը ՀՀ իշխանություններին, որ հետաքննություն սկսեն կոռուպցիայի եւ մամուլի ազատության խախտման դեպքերի կապակցությամբ:

Կոչ է արվում տարածաշրջանի հիմնական դերակատարներին կառուցողական դեր ունենալ հետխորհրդային տարածքում հակամարտությունների լուծման հարցում: Մասնավորապես, Թուրքիայինՙ գործադրել լրջագույն եւ ինտենսիվ ջանքեր` կարգավորելու խնդրահարույց վե- ճերը իր բոլոր հարեւանների հետ` միջազգային նորմերի համաձայն, հորդորելով Եվրոպական խորհրդին եւ հանձնաժողովին` Թուրքիայի եւ Հայաստանի իշխանությունների հետ ներգրավվել հայ-թուրքական սահմանի բացման խնդրում:

Հետաքրքրական է, որ հատուկ եւ որոշակի շեշտմամբ բանաձեւում կոչ է արվում Հայաստանին ներառել տարածաշրջանային Բաքու-Թբիլիսի-Էրզրում եւ կասպյան էներգետիկ միջանցքների ծրագրերում:

Զեկույցի մի շարք կետերում Ադրբեջանի վերաբերյալ բացասական ձեւակերպումներ կան: Մասնավորապես` լրագրողների ձերբակալության, մամուլի ազատության, մարդու իրավունքների հարգման, նավթից ստացված եկամուտների ծախսման վերաբերող մասերում: Բանաձեւում առաջարկվում է կրճատել Ադրբեջանին տրվող օգնությունը, քանի որ վերջինս դարձել է դոնոր երկիր:

Զեկույցի հեղինակ Լ. Պոլֆերը, ներկայացնելով փաստաթուղթը, նշել է, որ այն բավականին հավասարակշռված է եւ հնարավորինս արտացոլում է իրերի վիճակը: Նա ողջունել է Հայաստանում ընթացող բարեփոխումները, մտահոգություն հայտնել Ադրբեջանում մարդու իրավունքների վերաբերյալ եւ կոչ արել վրացական իշխանություններին հետամուտ լինել ընտրություններում տեղ գտած խախտումների համարժեք հետաքննության անցկացմանը: Նրա խոսքերով` տարածաշրջանում տեղ գտած դրական զարգացումների կողքին չլուծված են մնում մի շարք կարեւոր սոցիալ-տնտեսական հարցեր, ինչպիսիք են աղքատութունը, գործազրկությունը եւ կոռուպցիան: Տկն Պոլֆերը կարեւորել է հակամարտությունների խաղաղ կարգավորման խնդիրը եւ մտահոգություն հայտնել Հայաստանի մեկուսացման կապակցությամբ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4