«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#12, 2008-01-23 | #13, 2008-01-24 | #14, 2008-01-25


ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՆ ՈՒ GB ԲԱՆԿԸ` ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՔԱՐՈԶԱՐՇԱՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈ՞Ղ

Վրացական ընտրությունները կարծես միայն Թերի Դեւիսի կարծիքով չէ, որ անարդար են եղել

«Վրաստանի բանկ»-ը, որ առեւտրային բանկերի վարկանիշում ԱՊՀ երկրների բանկերի մեջ կապիտալիզացիայով զբաղեցնում է 37-րդ տեղը, Վրաստանի առեւտրային խոշոր բանկերից է, վրացական բանկային համակարգում բանկի ակտիվների տեսակարար կշիռը կազմում է ավելի քան 30 տոկոս: Վրացական լրատվամիջոցների տեղեկացմամբ, 65 միլիոն դոլարի նոր վարկ (կրեդիտ) է վերցրել, որի կազմակերպիչն ամերիկյան «Մերիլ Լինչ Ինթերնեյշընլ» ֆինանսական կորպորացիան է: Այդ կրեդիտը մարելու ժամկետ է նշվում 13 ամիսը, սակայն կողմերի համաձայնությամբ կարող է երկարաձգվել մինչեւ 24 կամ 36 ամիս:

Այս տեղեկությունն ինքնին կարող էր հետաքրքրական լինել միայն բանկային համակարգի, ֆինանսական շուկայի մասնակիցների համար, եթե չլիներ նախ այն հանգամանքը, որ հենց այս բանկի ղեկավար Լադո Գուրգենիձեն 2007 թվականի նոյեմբերից Վրաստանի վարչապետի պաշտոնում փոխարինեց հիվանդության պատճառաբանությամբ վարչապետությունը թողած Զուրաբ Նողաիդելուն:

Բացի այդ, ֆինանսական շուկայում «Վրաստանի բանկը» մինչ այս մեծաթիվ կրեդիտը նախընտրում էր զուսպ քաղաքականություն վարել արտաքին պարտքեր կուտակելու առնչությամբ, անգամ այն դեպքերում, երբ խոսքը վերաբերում էր միջազգային ֆինանսական ինստիտուտների երկարաժամկետ ու արտոնյալ ծրագրերին: Գուրգենիձեի նշանակմանը զուգահեռ բավականին հաճախակի էին դառնում խոսակցությունները, թե բանկից հարյուր միլիոնավոր լարի է հանվել եւ ուղղվել Միխեիլ Սաակաշվիլու նախընտրական քարոզարշավին:

Այսօրինակ տեղեկությունների ճշմարտացիության փաստարկներից մեկն էլ այն է, որ Լադո Գուրգենիձեն Սաակաշվիլու վստահված անձն է եւ համարվում է «սեւ դրամարկղի» վերահսկողը:

Թերեւս այս հանգամանքը, ապացուցելի լինելու դեպքում, կարող է ոչ միայն վկայել երկրի միջոցները տնօրինելու Սաակաշվիլու ազատ կեցվածքի, այլեւ վարդերի հեղափոխությանն աջակցող ուժերի կողմից ֆինանսական հոսքերի բացակայության մասին:

ֆինանսական միջոցների յուրօրինակ հոսքերի մասին են խոսում նաեւ այլ հանգամանքներ: Մասնավորապես, Վրաստանում դեռեւս հարյուր հազարավոր թոշակառուներ չեն ստացել հունվար ամսվա իրենց թոշակները այն պարզ պատճառով, որ Վրաստանի պետական բյուջեն ուղղակի միջոցներ չունի:

Եվ, քանի որ նախընտրական շրջանում նախագահական լիազորություններ չիրականացնող Սաակաշվիլին իրեն թույլ տվեց երկրի կառավարությանն, օրինակ, խորհուրդ տալ վճարել բնակչության պարտքերը էլեկտրաէներգիայի, գազի դիմաց, ապա ավելի հավանական է դառնում այն տեղեկությունը, որ վրաց պետական բյուջեն ուղղակի դատարկ է, քանի որ նախընտրական այդ «բարեհոգությունը» փոքր թիվ չկազմեց, մինչդեռ նման ծախսերի մասին որեւէ տող չկար նախորդ տարի հաստատված բյուջեում

Ամեն դեպքում, մասնավորապես «Նովի ռեգիոն» կայքէջի` «Վրաստանի բանկի» աղբյուրները հաստատել են, որ նախընտրական շրջանից քիչ առաջ բանկից հսկայական միջոցներ են հանվել, ընդ որում, խոսքը միլիոնների մասին է: Եվ այդ գումարների դուրսբերման հետեւանքով դեռեւս 2007 թվականի վերջին բանկը ազատ ֆինանսական միջոցների դեֆիցիտ է ունեցել, կրճատվել են վարկավորման ծրագրերը, որոշ ծրագրեր ուղղակի սառեցվել են:

Մասնագետների գնահատմամբ, եթե բանկից հանված գումարը կազմել է մոտ 400 միլիոն լարի (2,5 միլիոն դոլարից ավելի), ապա ստացվում է, որ «Վրաստանի բանկը» ոչ միայն զրկվել է իր ակտիվներից, այլեւ օգտագործել է հաճախորդների միջոցները: Փաստվում է, որ 2008-ի հունվարին բանկի աշխատանքը գրեթե կաթվածահար է եղել:

Թերեւս տեղին է հիշեցնել, որ դեռեւս վարդերի հեղափոխությունից անմիջապես հետո հենց այս բանկը համարվում էր Սաակաշվիլու մեքենայություններն իրականացնողը այն տարբերակով, որ ծառայեցվում էր պետական բյուջեից միջոցների դուրսբերմանը:

Տեղեկությունների համաձայն, բանկի միջոցով բյուջետային ռեսուրսները ուղղորդվում էին ինչ-որ ծրագրերի, որոնք սակայն իրականացվում էին ստիպողաբար ներգրավված բիզնես միջոցներով` ի հաշիվ Վրաստանում գործունեություն ծավալող գործարարների եւ առանձին ընկերությունների: Այնուհետեւ մեխանիզմը բարդ չէ. եթե իսկապես նման մեխանիզմ գործել է, ուրեմն բյուջեից միջոցների դուրսբերմանը հետեւել է որեւէ օֆշորային ընկերության հաշվին հայտնվելը, այնուհետեւ էլիտան կարող էր նույն այդ միջոցները բերել Վրաստան` որպես միջազգային կապիտալ ու ներդրում:

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4