«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#13, 2008-01-24 | #14, 2008-01-25 | #15, 2008-01-26


ԹԱՐՄԱՑՈՒՄՆԵՐ` ՈՐՈՇԱԿԻ ՓՈԽԱՏԵՂՈՒՄՆԵՐՈՎ

Վրաց նոր կառավարությունում սփյուռքի հարցերով պետնախարար կլինի

Վրաստանի խորհրդարանին ներկայացվեց երկրի կառավարության թարմացված կազմը, որին անմասն մնացին ընդդիմադիր ուժերը: Վերջիններս համառում են, պնդելով, որ հունվարի 5-ի արտահերթ նախագահական ընտրություններն արդար ու ազատ չէին, հետեւաբար լեգիտիմ չէ նաեւ երկրի նախագահը: Լեգիտիմության խնդիր ունի, նմանապես, ձեւավորվող կառավարությունը:

Ամեն դեպքում Վրաստանի վարչապետն, ըստ իրեն, ներկայացրել է «հիմնովին նորացված» կառավարություն: Նախ, հետաքրքրական է, որ կառավարության կազմը լքել է արտգործնախարար Գելա Բեժուաշվիլին, որի առնչությամբ լուրեր էին տարածվել, թե նշանակվելու է անվտանգության խորհրդի նախագահ: Սակայն ավելի հավանական է, որ Բեժուաշվիլին կզբաղվի իր եւ եղբոր բիզնեսով` վրացական «Ռուսթավի-2» եւ «Մզե» երկու խոշոր հեռուստաընկերությունների հարցերով:

Իրենց պաշտոնները պահպանում են ներքին գործերի նախարար Վանո Մերաբիշվիլին եւ պաշտպանության նախարար Դավիթ Կեզերաշվիլին, գյուղնախարար Պետրե Ցիսկարիշվիլին, ֆինանսների նախարար Նիկա Գիլաուրին եւ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Խեթագուրին:

Արդարադատության նախարար Էկա Տկեշելաշվիլին զբաղեցնում է գլխավոր դատախազի պաշտոնը, իսկ նրա փոխարեն նախարար կլինի գլխավոր դատախազի տեղակալ Նիկա Գվարամիան: Գլխավոր դատախազին է վերագրվում երկրի նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը:

Հետաքրքրական է, որ նոր կառավարության կազմում կհայտնվեն երկու հասարակական հայտնի գործիչ. Գիա Նոդիան, որ Խաղաղության, դեմոկրատիայի եւ զարգացման կովկասյան ինստիտուտի ղեկավարն է, կդառնա կրթության եւ գիտության նախարար, Վրաստանի ռազմավարության եւ միջազգային հետազոտությունների հիմնադրամի փոխնախագահ Թեմուր Յակոբաշվիլին կզբաղեցնի հակամարտությունների կարգավորման հարցերով նախկին նախարարության հիման վրա վերակազմավորված ռեինտեգրացիայի նախարարի պաշտոնը: Հակամարտությունների կարգավորման հարցերով նախկին նախարար Դավիթ Բակրաձեն, որ ընտրական փուլում ղեկավարում էր Սաակաշվիլու նախընտրական շտաբը, դառնում է արտգործնախարար:

Վրաց կառավարությունում կհայտնվեն կառուցվածքային նոր գերատեսչություններ: Մասնավորապես, վրացիները կունենան ինչպես սփյուռքի, այնպես էլ տարածքային կառավարման հարցերով պետնախարարներ: Աշխատանքի, առողջապահության եւ սոցպաշտպանության նախարար կդառնա Սանդրո Կվիտաշվիլին, որ վարչապետ Գուրգենիձեի ընկերն է: Բնապահպանության նախարար կլինի բուսաբանության ինստիտուտի տնօրեն Զազա Գամցեմլիձեն, իսկ մշակույթի նախարար կդառնա փոխնախարար Նիկա Վաչեիշվիլին: Էկոնոմիկայի նախարար Գեորգի Արվելաձեի հետագա գործունեությունը եւս կապվում է մասնավոր բիզնեսի հետ, նրան կփոխարինի նախագահի աշխատակազմի ղեկավար Էկա Շարաշիձեն:

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4