«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#13, 2008-01-24 | #14, 2008-01-25 | #15, 2008-01-26


ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԸ ՏԱՐԲԵՐ ԿԵՐՊ ԵՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄ, ԲԱՅՑ ԷԼԻ ԿՈՂՄ ԵՆ ԿՈՄՊԼԵՄԵՆՏԱՐՈՒԹՅԱ՞ՆԸ

ԼՂ հարցի լուծման տարբերակներ, ըստ էության, չկան

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հայաստանի նախագահի թեկնածուների ծրագրերում արտաքին քաղաքականության ոլորտը երեկ ներկայացրին մի քանի թեկնածուների ներկայացուցիչները` Մամուլի ազգային ակումբի եւ ԱՄՆ Ազգային ժողովրդավարական ինստիտուտի համատեղ «Հայաստանը եւ ընտրությունները» ծրագրի շրջանակներում:

Ներկայացնելով «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանի նախընտրական ծրագրի արտաքին քաղաքականությանը վերաբերող հատվածը` Գուրգեն Սարգսյանը դեկլարատիվությունից դենը չանցավ: Մասնավորապես, որ միջազգային բոլոր տեսակի հարաբերությունները չեն կարող ունենալ ապագա, եթե չլինի ժողովրդավարություն երկրում: Ամեն դեպքում, ըստ ՕԵԿ-ի, Հայաստանը պետք է ավելի նախաձեռնող դիրք ունենա արտաքին քաղաքականության առումով:

Բացառապես խաղաղ, բանակցային ճանապարհով պետք է, ըստ ՕԵԿ-ի, իրականացվի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը: Ընդ որում, բացառվում է ինքնորոշման իրավունքի` բանակցություններում սակարկության առարկա լինելը, հատկապես, որ ինքնորոշման իրավունքի իրացումն էլ ենթադրում է Ղարաբաղի` Հայաստանի հետ միավորում, կամ էլ որպես առանձին միջազգային սուբյեկտի ճանաչում:

Թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրում արտաքին քաղաքականությանը վերաբերող դրույթները ներկայացրեց Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ Արմեն Աշոտյանը: Մի կողմ թողնելով իմաստուն երեւալու հավակնություններ ցուցաբերող Աշոտյանի գնահատականները մյուս թեկնածուների մոտեցումների առնչությամբ` նշենք, որ նա եւս համաձայնեց արտաքին քաղաքական ոլորտում ավելի նախաձեռնող Հայաստան ունենալու անհրաժեշտությանը:

Աշոտյանն առանձնացրեց երկու կարեւոր խնդիր արտաքին քաղաքական կտրվածքով` ԼՂ հարց եւ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթաց, ըստ էության, չներկայացնելով Սերժ Սարգսյանի մոտեցումները այս հարցերին, այլ մյուս թեկնածուների ծրագրերում եղածի հետ համեմատություններ անելով: Եվս մեկ հարթակ տարածաշրջանային համագործակցությունն է, որի առումով Հայաստանն, Աշոտյանի մատուցմամբ, շահագրգիռ է ռեգիոնալ ինտեգրման հարցում, նաեւ պետք է ավելի լավ օգտագործել միջազգային կառույցներում անդամակցության ընձեռած հնարավորությունները:

Վահան Հովհաննիսյանի տեսակետը ներկայացնում էր Ազգային ժողովում Դաշնակցության խմբակցության անդամ Արտաշես Շահբազյանը: Ամենից առաջ ընդգծվեց, որ Հովհաննիսյանի մոտեցմամբ, Հայաստանը պետք է ունենա բազմաբեւեռ քաղաքական ուղղություն: Պետք է իրատես լինել, քանի որ իրականությունն, ըստ Շահբազյանի, այն է, որ կարեւոր են կապերը Ամերիկայի, Եվրոպայի եւ Ռուսաստանի հետ:

Երկու հարեւան երկրների հետ հարաբերությունների բարդ, իսկ ավելի ճիշտՙ չգոյությունն իրականություն է, իսկ Թուրքիայի հետ հապշտապ հարաբերություններ հիմնելու եւ տնտեսական օգուտ ունենալու ձգտողներին Շահբազյանը հիշեցրեց, թե կա Իրան, որն էլի մեծ տարածք ու հարստություններ ունի, վարում է տարածաշրջանում ավելի հավասարակշիռ քաղաքականություն: Ամեն դեպքում, Վահան Հովհաննիսյանը առաջարկում է Թուրքիայի, նաեւ Ադրբեջանի հետ «ոչ ագրեսիայի համաձայնագիր» կնքել:

Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա, հաշվի առնելով շատ հարցերում ջավախքյան խնդիրների հետ մշտապես Դաշնակցության անվան հոլովումը, մեջբերենք, որ Շահբազյանի որակմամբ, Ջավախքը փորձաքար է Վրաստան-Հայաստան հարաբերություններում, եւ պետք է «անկայունության ներքին վտանգ պարունակող Ջավախքը դարձնել բարեկամություն ամրապնդող»: Արցախի հարցի կարգավորումն էլ Դաշնակցությունը, որի ծրագրից է բխում Վահան Հովհաննիսյանի ծրագիրը, տեսնում է անկախ պետության կարգավիճակով կամ «Հայաստանի հետ վերամիավորված» Արցախի տարբերակով:

Թեկնածու Վազգեն Մանուկյանի դիրքորոշումը ներկայացնում էր Մանուկյանի աջակից ուժերի նախագահական խորհրդի անդամ Շավարշ Քոչարյանը, որի խոսքերն, ավելի շուտ, սեփական համոզմունքներն էին թերեւս, բայց դա արդեն իրենց գործն է: Ուրեմն, ըստ Քոչարյանի, կամ էլ նաեւ ըստ Մանուկյանի, արտաքին քաղաքականության մեջ երեք ուղենիշ է առանձնացվում: Ամենից առաջ եվրոինտեգրացիան, որի տակ պետք է, ըստ Քոչարյանի, հասկանալ Եվրոպայի խորհրդի առջեւ ստանձնած պարտավորությունները, անդամակցությունը Եվրոմիությանը, բանակի արդիականացումը, անգամ ԱՄՆ հետ հարաբերությունները, քանի որ վերջինս մտնում է ընդհանուր Արեւմուտքի մեջ:

Երկրորդ ուղենիշը քաղաքակրթությունների երկխոսության գաղափարը կրող եւ իրականացնող Հայաստան ունենալն է: Եվ Շավարշ Քոչարյանը գտնում է, որ Հայաստան-Իրան հարաբերությունները փայլուն օրինակ են, որ Հայաստանը կարող է դառնալ Արեւմուտք-Արեւելք կամուրջ: Ընդ որում, չպետք է ընտրել այդ կտրվածքում վրացական ուղին, երբ եվրոպական ուղղությունը հակադրվում է ռուսական համագործակցությանը:

Երրորդ ուղենիշը սփյուռքի գործոնն է, որի մասին այնքան հաճախ եւ այնքան շատ է խոսվում, որ որեւէ անհրաժեշտություն չկա կրկնելու:

Լեռնային Ղարաբաղի հարցում եթե կարճ ասվի, ապա «Ղարաբաղը մերն է», ասաց Քոչարյանը: Իսկ քիչ ավելի մանրամասնՙ Հայաստանը պետք է Արցախի միջազգային ճանաչման երաշխավորը լինի` իրենով չփոխարինելով Լեռնային Ղարաբաղին: Ավելին, Արցախի կարգավիճակի եւ անվտանգության գոտու տարածքների առնչությամբ որեւէ որոշում կարող է կայացնել միայն Արցախի ժողովուրդը, որն, ի դեպ, ըստ Քոչարյանի, ոչ մի հանրաքվեի կարիք չունի, քանի որ արդեն հաստատել է, որ կայացել է որպես անկախ պետություն:

Հանդիպմանը մասնակից էր նաեւ թեկնածու Տիգրան Կարապետյանին ներկայացնող Ժողովրդական կուսակցության քաղխորհրդի անդամ Կարապետ Հակոբյանը: Վերջինս ընդգծեց, որ Կարապետյանի ծրագրում արտաքին քաղաքականության առումով կարեւորվում է եվրոպական ուղղությունը, իսկ Լեռնային Ղարաբաղի հարցում էլ պետք է ընդունել, որ Արցախը կայացել է եւ պետք է օգտվի ինքնորոշման իրավունքից:

Հանդիպման հրավերին չէր արձագանքել Լեւոն Տեր-Պետրոսյանը: Թերեւս ազգափրկիչ առաքելություն իրականացնողի դերին հավակնողին սազական է նման մոտեցումը, հատկապես որ հրավերին չէր արձագանքել նաեւ Արտաշես Գեղամյանը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4