«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#19, 2008-02-01 | #20, 2008-02-02 | #21, 2008-02-05


ՓՈՍՏԱՅԻՆ ԱՌԱՔՈՒՄՆԵՐԸ ԵՐԵՎԱՆՈՒՄՙ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՔԱՂԱՔԻ ՉԱՓԱՆԻՇՆԵՐՈՎ

Հավաստիացնում է «Հայփոստի» տնօրենը

«Հայփոստի» հոլանդացի տնօրեն Հանս Բոնը երեկ հանդիպում ունեցավ ընկերության աշխատակիցների հետ եւ ներկայացրեց այն արդյունքները, որոնք ընկերությունն ունեցել է 2007-ին, եւ առաջիկա ծրագրերը: «Հայփոստի» տնօրենի կարծիքով, անցյալ տարվա գլխավոր հաջողությունը ընկերության ծառայության որոշակի բարելավումն է: Մասնավորապես, վերջին մի քանի ամիսներին, ըստ տնօրենի, փոստային առաքումները Երեւանում նույն որակն ունեն, ինչ եվրոպական որեւէ քաղաքում: Այսինքն, մինչեւ երեկոյան 18-ը ուղարկված նամակը մայրաքաղաքի ներսում հասցեատիրոջն է հասնում հաջորդ օրն առավոտյան: «Նամակների 98 տոկոսն այդպես է հասնում», հավաստիացրեց Հանս Բոնը:

Ընկերության ղեկավարը երեկ նաեւ տեղեկացրեց, որ շուտով կստեղծվի արագացված փոստի նոր ծառայությունը, որը նամակները Հայաստանում բաժանորդին կհասցնի 48 ժամվա ընթացքում: Ինչ վերաբերում է ընկերության եկամտաբերությանը, ապա անցյալ տարի ունեցել է 4,1 մլրդ դրամի եկամուտ, ինչը 30 տոկոսով ավելի է նախորդ տարվանից:

Այս տարի նախատեսվում է արդիականացված փոստային բաժանմունքների թիվը հասցնել 50-ի: Միաժամանակ, շուտով կսկսի գործել «Փոստբանկը»: Հանս Բոնի տեղեկացմամբ, ներդրումներն այդ նպատակով արդեն կատարվել են, ներկայումս բանկը գրանցման փուլում է: Ընկերությունը կհրաժարվի իր ծառայությունները մատուցել հին «Վոլգաներով» կամ ՈւԱԶ-ներով: Երեկ արդեն արդիականացվածՙ թ.19 փոստային բաժանմունքի առջեւ կանգնած էին հարավկորեական «Դեու» մակնիշի, «Հայփոստի» բրենդային գույնովՙ նարնջագույն ներկված ավտոմեքենաները: Ի դեպ, այս բաժանմունքի բացումը տեղի ունեցավ ընկերության աշխատակիցների հետ Հանս Բոնի հանդիպումից հետո:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4