«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#21, 2008-02-05 | #22, 2008-02-06 | #23, 2008-02-07


ԳԱՍՊԱՐՅԱՆՆ ՈՒ ԽՈՋՈՅԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿԵՑԻՆ ՀԱՂԹԱՐՇԱՎԸ

Մոսկվայում շարունակվում է «Աերոֆլոտի» շախմատային փառատոնը: Ուժեղագույնների խմբում առաջատարների թվում գտնվող Զավեն Անդրեասյանն ու Կարեն Ասրյանը 4-րդ տուրում հաշտություն կնքեցին մրցակիցների հետ: Զավենը միավորը կիսեց Արկադի Նայդիչի հետ մրցախաղում, իսկ Ասրյանը ոչ-ոքի խաղաց Անդրեյ Ռիչագովի հետ: Մրցաշարի մասնակիցներից ամենաբարձր վարկանիշն ունեցող Վլադիմիր Հակոբյանը մրցում էր իր հայրենակցիՙ Հրանտ Մելքումյանի հետ: Փորձառու գրոսմայստերը հաղթեց եւ ինչպես Ասրյանն ու Անդրեասյանը, վաստակեց 3 միավոր: Դա հայ շախմատիստների մեջ լավագույն արդյունքն է:

Քալաշյան-Ռահմանով, Մինասյան-Իսաեւ, Հովհաննիսյան-Իսկուշին պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի: Յուրի Համբարձումյանը հաղթեց Վասիլի Կրիվոլապովին: Վերջապես իր օգտին առաջին միավորը գրանցեց Աղասի Ինանցըՙ հաղթելով Սեմյոն Ադլային: Քալաշյանը վաստակել է 2,5 միավոր, Մելքումյանը, Համբարձումյանն ունեն 2-ական միավոր, Մինասյանն ու Հովհաննիսյանն իրենց օգտին 1,5-ական միավոր են գրանցել:

Մրցաշարային աղյուսակը 4 միավորով գլխավորում է Ալեքսանդր Ռյազանցեւը: Նա 4-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց Սոն Նգուենի նկատմամբ: 16 շախմատիստներ 3,5-ական միավորով հետապնդում են առաջատարին: 5-րդ տուրում Հակոբյանը կմրցի Վասիլի Եմելինի հետ, Անդրեասյանն ուժերը կչափի Պավել Տրեգուբովի հետ, իսկ Ասրյանի մրցակիցը կլինի Օլեգ Նիկոլենկոն:

Կանանց մրցաշարում Էլինա Դանիելյանը ոչ-ոքի ավարտեց պարտիան Եվգենիա Կուզեւանովայի հետ: Լիբանանահայ Քնարիկ Մուրադյանն անդրանիկ պարտությունը կրեցՙ զիջելով Իրինա Վասիլեւիչին: Կարինա Համբարձումովան հաղթեց Անգելինա Գավրյուշչենկովային ու վաստակեց 2 միավոր: Նույնքան միավոր ունեն նաեւ Քնարիկ Մուրադյանը եւ Տաթեւիկ Հայրապետյանը, որը ոչ-ոքի խաղաց Լյուդմիլա Ֆրանսուզովայի հետ: Հաշտություն կնքեց նաեւ Մարինա Նազարյանը, որի մրցակցուհին Իրինա Կաբանովան էր: Նա ունի 1,5 միավոր:

Էլինա Դանիելյանը 3 միավորով առաջատարների շարքում է: 5-րդ տուրում նա սեւերով կմրցի Մարիա Մանակովայի հետ: Առաջատարներն են միջազգային վարպետներ Ելենա Թահիրովան ու Աննա Ուզենինան, որոնք հաջորդ տուրում մրցելու են միմյանց հետ: Ուզենինան պարտության մատնեց Մարիա Մանակովային, Թահիրովան հաղթեց Անաստասիա Բոդնարուկին:

«B» խմբի մրցաշարում էլ հայ շախմատիստները վերելքով են խաղում: 3 տուրից հետո նրանցից չորսը 100 տոկոսանոց արդյունք ունեին: 4-րդ տուրում հաղթարշավը շարունակեցին Տիգրան Գասպարյանն ու Վարդան Խոջոյանը: Տիգրանը հաղթեց Սերգեյ Ֆոկինին, Վարդանն առավելության հասավ Օլեգ Միտլաշեւսկու նկատմամբ: Իսկ ահա Վահագն Խաչատրյանը եւ Վարդան Մելքոնյանը միավորի առաջին կորուստն ունեցան: Եթե Խաչատրյանը ոչ-ոքի խաղաց Եվգենի Կրետովի հետ, ապա Մելքոնյանը պարտվեց Վլադիմիր Մելեշկոյին:

4 տուրից հետո վեց շախմատիստներ 100 տոկոսանոց արդյունքով գլխավորում են աղյուսակը: Նրանց թվում են Տիգրան Գասպարյանն ու Վարդան Խոջոյանը: 5-րդ տուրում Գասպարյանը կմրցի Վլադիմիր Կառլսենի հետ, իսկ Խոջոյանի մրցակիցը կլինի Վլադիմիր Մելեշկոն:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4