«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#22, 2008-02-06 | #23, 2008-02-07 | #24, 2008-02-08


ՎԱՐԴԱՆ ԽՈՋՈՅԱՆԸ ՀԱՐՅՈՒՐ ՏՈԿՈՍԱՆՈՑ ԱՐԴՅՈՒՆՔԻ Է ՀԱՍԵԼ

Շախմատի «Աերոֆլոտի» մրցաշարի 5-րդ տուրն անհաջող էր ուժեղագույնների մրցավեճում առաջատարների խմբում գտնվող մեր շախմատիստների համար: Վլադիմիր Հակոբյանը սեւերով պարտվեց Վասիլի Եմելինին, իսկ Զավեն Անդրեասյանը զիջեց Պավել Տրեգուբովին: Այս պարտությունները զգալիորեն վատթարացրին մեր շախմատիստների մրցաշարային իրավիճակը:

Միավորների իր պաշարը կեսով ավելացրեց Կարեն Ասրյանըՙ ոչ-ոքի խաղալով Օլեգ Նիկոլենկոյի հետ: Ասրյանն այժմ վաստակել է 3,5 միավոր եւ Դավիթ Քալաշյանի հետ լավագույն արդյունքն ունի: Վերջինս հաղթանակով ավարտեց պարտիան Կոնստանտին Չեռնիշովի հետ: 3-ական միավոր ունեն Հակոբյանն ու Անդրեասյանը:

2,5 միավոր վաստակեցին Հրանտ Մելքոնյանը, Արտաշես Մինասյանը եւ Ռոբերտ Հովհաննիսյանը: Առաջինը ոչ-ոքի խաղաց Իլյա Շկուրկինի հետ, իսկ մյուս երկու շախմատիստները հաղթեցին համապատասխանաբար Վիտալի Եզիկովին եւ Ալեքսեյ Պավելեւին: Երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց Աղասի Ինանցըՙ պարտության մատնելով Սերգեյ Լեբեդեւին: Յուրի Համբարձումյանը պարտվեց Արթուր Գաբրիելյանին, որը ներկայացնում է Ռուսաստանը:

«A» խմբում աղյուսակը 4,5-ական միավորով գլխավորում են Զախար Եֆիմենկոն, Սերգեյ Վոլկովը, Ալեքսանդր Լաստինը, Միխայիլ Ալեքսիենկոն եւ Ալեքսանդր Ռյազանցեւը:

«B» խմբի մրցաշարում Վարդան Խոջոյանը 5-րդ անընդմեջ հաղթանակը տոնեցՙ առավելության հասնելով Վլադիմիր Մելեշկոյի նկատմամբ: Նա 5 միավորով Ալեքսանդր Սպիչկինի եւ Վլադիլեն Կառլսոնի հետ գլխավորում է աղյուսակը: Իսկ ահա Տիգրան Գասպարյանը, որ մինչ այդ 4 անընդմեջ հաղթանակ էր տոնել, առաջին պարտությունը կրեցՙ զիջելով Վլադիլեն Կառլսոնին: 4,5 միավոր վաստակեց ռուսաստանցի Արմեն Վարդապետյանըՙ հաղթելով Վյաչեսլավ Ռոժկովին: Վահագն Խաչատրյանը ոչ-ոքի խաղաց Արթուր Ղարագյոզյանի հետ: Երկուսն էլ վաստակեցին 4-ական միավոր: Իսկ Վարդան Մելքոնյանը պարտվեց Անատոլի Լոպուխինին: Նա ունի 3 միավոր:

Կանանց մրցաշարում Էլինա Դանիելյանը ոչ-ոքի խաղաց Մարիա Մանակովայի հետ եւ վաստակեց 3,5 միավոր: 3-ական միավոր ունեն Քնարիկ Մուրադյանն ու Տաթեւիկ Հայրապետյանը, որոնք համապատասխանաբար հաղթեցին Լարիսա Կալաշնիկովային ու Իրինա Միլասերդովային: Կարինա Համբարձումովան ոչ-ոքի խաղաց Դարիա Իվանովայի հետ ու իր օգտին 2,5 միավոր գրանցեց: 4,5-ական միավորով առաջատարներն են Աննա Ուզենինան, Սվետլանա Վասիլկովան, Ելենա Թահիրովան եւ Աննա Մուզիչուկը:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4