«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#29, 2008-02-15 | #30, 2008-02-16 | #31, 2008-02-17


ՈՐՔԱ՞Ն ՄԻՏԻՆԳԱՎՈՐ Է ՏԵՂԱՎՈՐՈՒՄ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԸ

Այս օրերին Ազատության հրապարակը դարձել է մեր քաղաքական կյանքի կիզակետը: Այստեղ իրենց նախընտրական հանրահավաքներն են անցկացնում նախագահի թեկնածուներն ու նրանց սատարող կամ աջակցող քաղաքական ուժերը: Հիմնականում նրանցից յուրաքանչյուրը ձգտում է ավելին ներկայացնել իր հանրահավաքի մասնակիցների թիվըՙ 80 հազար, 100 հազար, 180 հազար եւ այլն: Մի խոսքով, կարծես աճուրդ է իրականացվումՙ ո՞վ ավելի շատ: Հանրահավաքային թվեր ասելը դարձել է նախընտրական տեխնոլոգիա եւ փորձ է արվում դրանց վրա հիմնվելով ցույց տալ, թե որքան է բարձր սեփական վարկանիշը: Ի վերջո, հնարավո՞ր են 100 հազարանոց հանրահավաքներ Ազատության հրապարակում, թե՞ ոչ: Եղե՞լ են այդպիսիք 1988-ին:

Այս հարցերի պատասխանները ստանալու համար պարզապես պետք է իմանալ, թե քանի՞ քառակուսի մետր է Ազատության հրապարակի տարածքը: Կան համապատասխան հաշվարկներ, որոնք հնարավորություն են տալիս պարզելու թե իրականում որքան ցուցարարներ էին հավաքված 1988-ին: Երբ ամբողջ հրապարակն ու շրջակա կանաչ տարածքները մեծ խտությամբ լիքն էին լինում մարդկանցով, ապա այդ ժամանակ միայն հանրահավաքներին մասնակիցների թիվը կարելի է ասել, որ հասնում էր 100 հազարի: Ինչ մնում է միայն Ազատության հրապարակին եւ ներկայիս հանրահավաքներին, ապա շուրջ 10,200 քառակուսի մետր կազմող այդ տարածքի վրա, եթե 1 քմ-ի վրա կանգնած լինեն 4 մարդ, ապա կհասնի 40 հազարի: Սակայն հարթակին մոտ կանգնածներն են միայն հիշյալ խտությամբ կանգնած, իսկ հետո աստիճանաբար կանգնածների դասավորվածությունն ավելի է նոսրանում: Մի խոսքով, ներկայիս հանրահավաքների առավելագույն թիվը Ազատության հրապարակում կազմում է 50 հազար մարդ, քանի որ շրջակա տարածքները ներկայումս կառուցապատված են եւ այնտեղ մարդիկ գրեթե չեն լինում:

Հետեւաբար, հանրահավաքները դարձնել որպես սեփական վարկանիշի առաջինը լինելու ապացույց, ճիշտ չէ, քանի որ առնվազն 4 թեկնածու կարող են հիշյալ քանակությունն ապահովել: Իսկ թե հրապարակ այցելածներից ո՞ր մասն է իսկապես պաշտպանում տվյալ օրվա հանրահավաքի մասնակիցներին, ո՞րըՙ հետաքրքրասերներ են, ընտրական տարիքի չհասած պատանիներ, դեռ չկողմնորոշվածներ, անհնար է ասել: Այսինքն, անգամ 50 հազար ցուցանիշը միշտ չէ, որ այդքան երաշխավորված ընտրող ունենալու ապացույց է: Հետեւաբար, անկախ նրանից, թե ո՞ր քաղաքական ուժը ո՞ր օրն է հանրահավաքում հավաքել վերոնշյալ 50 հազարը, դեռ չի խոսում այն մասին, որ հաղթանակն ու ընտրողների գերակշիռ մասի աջակցությունն իր գրպանում են:

Սակայն 100 հազարավոր ցուցարարների մասին խոսելը հետապնդում է մեկ այլ կարեւոր նպատակՙ ընտրություններից հետո ասել, որ միայն Ազատության հրապարակում հավաքվածների թիվը կազմում էր, ենթադրենք, 180 հազար (200 հազար, 300 հազար եւ այլն), այդ ինչպե՞ս եղավ, որ ստացած ձայները կազմեցին, ենթադրենք, 80 կամ 100 հազար: Այսինքն, դա արվում է հետագայում ընտրությունները կեղծված հայտարարելու համար:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4