«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#32, 2008-02-20 | #33, 2008-02-21 | #34, 2008-02-22


ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ՊԱՂՏԱՍԱՐ ԴՊԻՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒՆ

Վերջերս Գրականության եւ արվեստի թանգարանի հրատարակչությունը տպագրել է «Պաղտասար Դպիր-տաղեր» ժողովածուն, որը Հենրիկ Բախչինյանի աշխատության հիման վրա է կազմվել: Ժողովածուն ընդգրկում է XVIII դարի քերթության խոշորագույն ներկայացուցիչ Պաղտասար Դպիրի ողջ բանաստեղծական ժառանգությունը: Բնագիրը կազմված է բանաստեղծի հրատարակած տաղարանների եւ այլ տպագիր ու ձեռագիր աղբյուրների հիման վրա: Հատորում զետեղված են Պաղտասար Դպիրի կյանքն ու գործը ներկայացնող ընդարձակ ներածական, հավելվածներ, ծանոթություններ, ցանկեր: Վաղուց արդեն հասունացել է նաեւ Պաղտասար Դպիրի բանաստեղծական ժառանգության ակադեմիական հրատարակության հարցը եւ հենց այս հատորով է հեղինակը տալիս այդ հարցի լուծումը: Հատորն ընդգրկում է տաղերգուի մեզ հայտնի բոլոր չափածո գեղարվեստական երկերը: Բնագրերը ժողովածուում ներկայացված են չորս բաժիններով: Առաջինում ընդգրկված է հեղինակի կազմած եւ հրատարակած առաջին ժողովածունՙ Տաղարան Ա, 2-րդըՙ Տաղարան Բ, իսկ 3-րդումՙ Տաղարան Գ-ն, առանց այն տաղերի, որոնք տեղ են գտել նախորդ երկուսում: 4-րդ բաժնում համախմբված են այն տաղերն ու բանաստեղծությունները, որոնք գտնվում են Դպիրի հեղինակած եւ խմբագրած զանազան տպագիր գրքերում, ինչպես նաեւ տարբեր գրչագրերում: Զետեղված են նաեւ բանաստեղծի քառյակների եւ երկտողերի մի ընտրանի: Հեղինակի բնագրերին հաջորդում են երկու հավելվածներՙ Պետրոս Ղափանցու ողբերգական ներբողըՙ գրված Պաղտասար Դպիրի մահվան առիթով եւ Մեսրոպ Վարժապետի հեղինակած չափածո տապանագիրը: Գիրքն ունի նաեւ ընդարձակ ներածական, որտեղ ներկայացրել ու քննել են բանաստեղծի ու գործչի կյանքի ուղին, գործունեության տարբեր բնագավառներն ու բանաստեղծական ժառանգությունը:

«Ազգի» ընթերցողներին ենք ներկայացնում Պաղտասար Դպիրի ծննդյան եւ մահվան ստույգ թվականները, որը հայտնի է դարձել Մատենադարանի ձեռագրերիցՙ ծնվել է 1683 թվականին եւ մահացել 85-ամյա հասակումՙ 1768-ին: Իսկ թե նախնական կրթությունը երբ եւ ինչպես է ստացել, հայտնի չէ: Թե՛ իր երկարամյա մանկավարժական ու հրատարակչական եւ թե՛ գրական ու գիտական բեղմնավոր գործունեությամբ Պ. Դպիրը մեծ համբավի ու հարգանքի է արժանացել պոլսահայ եւ առհասարակ համազգային կրթական-մշակութային կյանքում: Նրա լեզվաբանական աշխատանքներից է «Ցանկ գիրք Նոր Կտակարանին» երկը, որը լույս է տեսել 1753-ին Պոլսում: Իսկ բանաստեղծական ժառանգության ամենաարժեքավոր մասն այն շարքն է, որը խորագրել է «Տաղիկներ սիրոյ եւ կարօտանաց»: «Պաղտասար Դպիրըՙ ժամանակի առաջավոր գաղափարների եւ ժողովրդական նվիրական իղձերի արտահայտիչը, կարողացել է միահյուսել հայ քնարերգության տարբեր կենսունակ երակները եւ ստեղծել մի նորօրինակ ազգային բանաստեղծությունՙ դառնալով իսկապես նորարար երգիչ, հիմնելով բանաստեղծական մի ամբողջ դպրոց», բնութագրել է Հենրիկ Բախչինյանը:

Նշենք, որ գիրքը տպագրվել է պոլսահայ անվանի կոմպոզիտոր Սիրվարդ Գարամանուկի եւ ամերիկաբնակ երախտավոր երաժիշտ Շահան Արծրունու մեկենասությամբ:

Մ. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4