«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#35, 2008-02-23 | #36, 2008-02-26 | #37, 2008-02-27


ՕՊԵՐԱՅԻ ՀՐԱՊԱՐԱԿԸ, ՀԵՌՈՒՍՏԱԵԹԵՐԸ ԵՎ... ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Օբյեկտիվը հաճա՞խ է ոչ օբյեկտիվ

Երբ իրականությունը առօրյա է, սովորական դարձած հորձանուտ, բնավ էլ չես գիտակցում, որ այդպիսին չեն երեւույթները այլոց համար: Իմացության, ճանաչման որոշակի կարողությունների տիրապետելը դեռեւս չի նշանակում, թե բացատրության, պարզաբանման, մեկնաբանությունների կարիք չունեն մյուսները:

Թե ինչ է կատարվում Ազատության հրապարակում, այլ մեկնաբանության թեմա է եւ դեռեւս բազմաթիվ առիթներ կլինեն անդրադառնալու: Բայց երբ այդ ամենին ականատես ես մայրաքաղաքի կենտրոնում, իսկ արդեն տանը հեռուստաէկրանից այդ իրողության մասին ոչինչ չի ասվում, ուղղակի զարմանալի է: Անգամ համատարած գրաքննության դեպքում, եթե այդպիսին առկա է մեր եթերում, չի կարելի առաջնորդվել այն պարզունակ մոտեցմամբ, որ եթե ոչինչ չեն ասում, ուրեմն այդ երեւույթը չկա, գոյություն չունի:

Պահվածքը, որ որդեգրել են հայաստանյան հեռուստաընկերությունները, առավելապես հայտնի խոշոր, չթռչող թռչնի կեցվածքն է հիշեցնում, մինչդեռ ամենայն համոզվածությամբ կարելի է ասել, որ դա չի նպաստում կայունության պահպանմանը, չի նպաստում հասարակական գիտակցության մութ ու լույս ծալքերում նորմալ, գիտակից, հավասարակշիռ վերաբերմունքի ձեւավորմանը:

Եթե «անդարդ» եթեր մատուցելու նպատակը օպերայի հրապարակում հավաքվածների շարքերը շատացնելուն նպաստելու մտավախությունն է, ապա նույն հաջողությամբ իրականությունից կտրված եթերն ուղղակի տրամադրում է սեփական աչքերով շատ բան տեսնելու ցանկության բավարարմանը: Իսկ եթե «չեմ տեսնում, ուրեմն չկա» մոտեցումը արդեն նաեւ քարոզչություն է, ապա դա կարճատեսություն է:

Ինչ վերաբերում է «աշխարհասփյուռ» Հանրային հեռուստաընկերության «Հայլուր» լրատվական ծրագրի հաղորդումներին, ապա այստեղ ուղղակի դասական օրինակներ կարելի է ստանալ այն մոտեցման, թե ինչպիսին ՉՊԵՏՔ է լինի լրատվությունը: Տեղեկացված, հասարակական կյանքին յուրօրինակ ձեւով մասնակից լինելու ձգտումը հեռուստաէկրանի մոտ է պահում մարդկանց, բայց ի՞նչ են տեսնում եթերում:

Նախ, հայրենի ոստիկանությունն էլ, որ վերջին երկու օրերի մի քանի նյութերն էր պատրաստել եթերում պտտելու համար, ռեպորտաժի այնպիսի կառուցվածք էր ընտրել, որ առաջին տպավորությամբ խոսվում էր անդրխաղաղօվկիանոսյան ինչ-որ տարածքի մասին: Իսկ «պլանքյաշ» միտինգավորի մասին պատմությունը բնավ էլ արդյունավետ լինել չէր կարող, քանի որ այդպիսիք միշտ կարելի է գտնել ուզածդ 100 հոգանոց կուտակվածներ մեջ, այն էլ` թմրանյութերի հանդեպ հակումների առավել ցայտուն արտահայտումներով:

Մի ողջ օր էլ առանց բացատրության միայն ընթերցվում էր այն տեղեկությունը, թե նախագահ Քոչարյանը դիվանագիտական ամեն ինչից` պաշտոնից, կոչումից ու էլ ինչ գիտեմ ինչից զրկել է մի երեք մարդու: Թե ինչո՞ւ է նման բան անում երկրի գլխավորը, այդպես էլ մի երկար ժամանակ մնաց «չբացահայտված»: Մինչդեռ բացատրությունն առավել քան մատչելի ու ընդունելի կարելի էր ներկայացնել, այն էլ համապատասխան հնարավորությունների առկայությամբ:

Առավել հաճախ չլինելով հեռուստադիտող` վերջին օրերի եթերից կարելի էր միայն նույն այնպիսի խաբկանքի մեջ հայտնվել, ինչպիսին, երեւի, չի հաղթահարում ընդդիմությունը: Բնավ էլ ազգովին չենք խնդրել վերադարձը ՀՀՇ-ի, բնավ էլ ազգովին չենք անարժանապատիվ, եթե պրն ԼՏՊ-ի կողքին չենք, բայց դա բնավ էլ չի նշանակում, թե հեռուստաեթերն է արտահայտում այդ իրականությունը:

Ինչեւէ, ջայլամն ամուր ու երկար ոտքեր ունի, բայց շատ փոքր, ընդգծեմ` թռչնի գլուխ: Իսկ փոքր գլխում դժվար թե «մեծ» մտքեր տեղավորվեն... Բայց գոնե ավելի «լայն» մտածելու ցանկություն պետք է դրսեւորել, այլապես ճիշտ չէ նաեւ այն խոսքը, թե մարդ իր տեսածին է հավատում:

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4