«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#35, 2008-02-23 | #36, 2008-02-26 | #37, 2008-02-27


ԴԱՎԹՅԱՆՆ ՈՒ ՆԱԶԱՐՅԱՆԸ ԵՐՐՈՐԴ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐ

Համբուրգում անցկացված ձյուդոյի Եվրոպայի Սուպերգավաթի խաղարկությունում հաջող հանդես եկան հայ ձյուդոյիստներ Հովհաննես Դավթյանն (60 կգ) ու Արմեն Նազարյանը (66 կգ)` զբաղեցնելով մրցանակային 3-րդ տեղը:

Առաջին գոտեմարտում Դավթյանը բացարձակ առավելության հասավ բրազիլացի Ալեքսանդրե Լեեի նկատմամբ (16-0), այնուհետեւ պայքարից դուրս մղեց ղազախստանցի Բազարբեկ Դոնբաեւին ու ֆրանսիացի Ջերոմե Գույոտին: Քառորդ եզրափակիչ գոտեմարտում էլ ռուսաստանցի Եվգենի Ստանեւի նկատմամբ հայ ձյուդոյիստի առավելությունը նկատելի էր: Ցավոք, եզրափակիչի ճանապարհը նրա դիմաց փակեց ճապոնացի Տադահիրո Նոմուրան, որն ի վերջո զբաղեցրեց 2-րդ տեղը` վճռորոշ գոտեմարտում զիջելով ավստրիացի Լյուդվիգ Պայշներին: Իսկ Հովհաննես Դավթյանը բրոնզե մեդալի համար մրցավեճում հաղթեց թուրք Քեմալ Օգուզին ու դարձավ երրորդ մրցանակակիր:

Քաշային այս կարգում Հայաստանը ներկայացնող մյուս ձյուդոյիստը` Արթուր Սրափյանը առաջին գոտեմարտում պարտվեց ապագա չեմպիոնին` Լյուդվիգ Պայշներին, այնուհետեւ զիջեց շվեյցարացի Լյուդովիկ Չամարտինին ու դուրս մնաց պայքարից:

Արմեն Նազարյանը մինչեւ 66 կգ քաշային կարգում հաղթարշավը սկսեց ավստրիացի Իվո դոս Սանթոսի նկատմամբ տարած հաղթանակով, այնուհետեւ առավելության հասավ գերմանացի Ռենե Շնայդերի, լեհ Պավել Զագրոդնիկի նկատմամբ: Քառորդ եզրափակիչում հայ ձյուդոյիստը զիջեց ռումինացի Գեորգե Ֆասիեին: Բրոնզե մեդալի համար մրցավեճում Նազարյանն իրեն լավ դրսեւորեց: Հաջորդաբար հաղթելով Լի Վանգին, Դավիթ Դուբսկուն ու Ադրիան Կուլիշին, Նազարյանն արժանացավ բրոնզե պարգեւի: Իսկ հաղթող ճանաչվեց իսպանացի Օսկար Պենասը, որը եզրափակիչում առավելության հասավ հունգարացի Միկլոշ Ունգվարիի նկատմամբ:

Քաշային այս կարգում հանդես եկած Համբարձում Տոնոյանը, ինչպես նաեւ Ռոբերտ Վարդանյանը (73 կգ) պայքարից դուրս մնացին նախնական փուլերում:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4