«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#39, 2008-02-29 | #40, 2008-03-01 | #41, 2008-03-04


ԵՐԵՎԱՆՈՒՄ ՄԱՐՏԻ 1-ԻՑ ԾԱՎԱԼՎՈՂ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔՐՈՆԻԿՈՆԸ

Մարտի 1-ի վաղ առավոտյան, ոստիկանությունը պաշտոնական հաղորդագրություն է տարածեց այն մասին, որ «տվյալներ կային, որ մարտի 1-ին մայրաքաղաքում պետք է ձեռնարկվեն սադրիչ գործողություններ, հրահրվեն զանգվածային անկարգություններ»: Հաղորդվում էր նաեւ, որ ոստիկանությունը, այդ նյութերն առգրավելու եւ իրավիճակը վտանգազերծելու նպատակով, Ազատության հրապարակի ցուցարարներին կոչ արեցին համապատասխան զննություն կատարելու հնարավորություն տալ: Հաղորդվում է, որ ցուցարարները սկսել են նրանց վրա նետել քարեր, փայտի կտորներ, մետաղյա ձողեր, բռնկուն նյութերով շշեր եւ այլն: «Ստեղծված իրավիճակի անկանխատեսելիությունից եւ իրավախախտումների բնույթից ելնելով, օպերատիվ որոշում կայացվեց` օրենքով նախատեսված շրջանակներում համապատասխան միջոցներ ձեռնարկել» ասված է հաղորդագրության մեջ:

Ազատության հրապարակից դուրս մղված ցուցարարները սկսում են հավաքվել քաղաքապետարանի հրապարակում, որտեղ մասնակի բախումներ են տեղի ունենում ոստիկանության եւ ցուցարարների միջեւ: ՀՀՇ-ը առաջնորդների եւ ոստիկանության բանակցությունների արդյունքում որոշվում է, որ հավաքված ամբոխը պետք է տեղափոխվի Մատենադարանի դիմացի հրապարակը, սակայն ցուցարարները հրաժարվում են կատարել իրենց առաջնորդների հրահանգը: Անօրինական հանրահավքին ելույթ են ունենում Նիկոլ Փաշինյանը եւ մյուսները կոչ անելով չհեռանալ Մյասնիկյան հրապարակից:

Հանգստության կոչով հանդես է գալիս Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը. «Մայր Աթոռը հորդորում է մեր ժողովրդի զավակներին հանդարտության եւ զսպվածության, զերծ մնալ ընդհարումներից»:

Գլխվոր դատախազության հայտարարություն տարածեց այն մասին, որ «ՀՀ Նախագահի թեկնածու Լեոն Տեր-Պետրոսյանը, Խաչատուր Սուքիասյանը, Սասուն Միքայելյանը, Նիկոլ Փաշինյանը եւ այլոք, օրենքով սահմանված կարգի խախտմամբ, Երեւանի Ազատության հրապարակում, առանց ընդհատումների, կազմակերպել եւ անցկացրել են զանգվածային հրապարակային միջոցառումներ եւ կոչ արել չենթարկվել ոստիկանության պահանջներին»:Երեւանում տեղի ուենցող իրադարձությունների առիթով իրենց անհանգստությունն են հայտնում ԵԱՀԿ Գործող Նախագահ, Ֆինլանդիայի արտգործնախարար Իլկա Կաներվան եւ ԵԽԽՎ գլխավոր քարտուղար Թերի Դեվիսը:

Մարտի 1-ին ժամը 18.00-ին մոտ Առողջապահության նախարարությունը հայտնեց, որ Ազատության հրապարակում տեղի ունեցած միջադեպի արդյունքում տուժել են 31 մարդ, որից 6-ը` ոստիկան:

Ժամը 21.30-ի մոտերքը հրապարկվում է նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագիրը Երեւանում Արտակարգ դորւթյուն հաստատելու մասին «Սահմանադրական կարգին սպառնացող վտանգը կանխելու եւ բնակչության իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելու նպատակով..., Երեւան քաղաքում 2008 թվականի մարտի 1-ից 20 օր ժամկետով հայտարարել արտակարգ դրություն...»: Քոչարյանի ուղերձով դիմում է նաեւ ժողովրդին «2008 թվականի ընտրություններում պարտություն կրած` ինքնաառաջադրված թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանն ու արկածախնդիրների մի խումբ, չհաշտվելով կրած պարտության հետ, դիմել են ապօրինի գործողությունների: Դրանց թվում են` զենքի եւ զինամթերքի կուտակումն ու տեղափոխումը մարդաշատ վայրեր...»: Նախագահը բոլորին զսպվածության եւ խոհեմության կոչ է անում, նշելով, որ «այս իրավիճակում ավելի քան երբեւէ անհրաժեշտ է դրսեւորել համախմբվածություն, անշեղորեն կատարել օրենքի պահանջները»:

Հրամանագրի հրապարակման պահին Քաղաքապետարանի դիմացի հրապարակում լայնածավալ բախումներ էին ընթանում ցուցարարների եւ օրենքի պահապանների միջեւ: Ոստիկանության տարածած հաղորդագրութան մեջ նշվում է, որ «7 հազարանոց ամբոխից պարբերաբար անջատվող մեծ ու փոքր ավազակախմբերը զանգվածային անկարգությունների ընթացքում շրջակա փողոցներում հրկիզել են երկու տասնյակից ավելի անձնական օգտագործման, ինչպես եւ ոստիկանական ավտոմեքենաներ, նույնիսկ "շտապ օգնության" մեքենաներ, ջարդուփշուր են արել ավտոբուսներ ու տրոլեյբուսներ: Ավերվել ու թալանվել է «Մոսկվայի տունը», շրջակա խանութներն ու գրասենյակները»: Ըստ ոստիկանության հաղորդագրության այդ պահին «հոսպիտալ է ընդունվել ոստիկանության 33 զինծառայող եւ աշխատակից: Ըստ առողջապահության նախարարության տվյալների` դեպքի պահին զոհվել է 8 հոգի, որոնց մահվան հանգամանքները պարզվում են»:

Մարտի 2-ին ԱԺ 60 պատգամավորների նախաձեռնությամբ տեղի ունեցավ Ազգային ժողովի արտահերթ նիստ` քննարկելու Ազգային ժողովի որոշման նախագիծը` ԱԺ հայտարարությունը, որում դատապարտվում է «հայտնի ուժերի կողմից » հրահարված խժդժությունները եւ Զսպվածության եւ ողջամտության կոչ էր արվում, միաձայն ընդունեցին ԱԺ արտահերթ նիստին ներկա 81 պատգամավորները:

Մարտի 2-ին հոգեհանգստյան արարողություն տեղի ունեցավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նախագահությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի` բախումների հետանքով զոհված անմեղ հայորդիների հիշատակին:Հանգստության կոչով ժողովրդին դիմեց ԶՈՒ գլխավոր շտաբի պետ գեներալ- գնդապետ Սեյրան Օհանյանը: Վերջինս նշեց, որ «Երեւան քաղաքում հայտարարել է Արտակարգ Դրություն, ինչը ենթադրում է նաեւ հանրահավաքների, երթերի եւ այլ զանգվածային միջոցառումների կազմակերպման եւ այդ միջոցառումներին մասնակցության ժամանակավոր արգելում»: Ավելի ուշ նախագահը այցելել է ՀՀ ոստիկանության բուժվարչության հոսպիտալ` ծանոթանալու մարտի 1-ին տեղի ունեցած անկարգություններից տուժած եւ այստեղ բուժվող զինվորականների եւ ոստիկանների առողջական վիճակին: Սոլանան իր զորակցությունը հայտնեց

Մարտի 3-ին Նախագահ Ռոբերտ Քոչարյանն մասնակցեց ընդդիմության կողմից հրահրված անկարգությունների հետեւանքով ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանության զորքերի վաշտի հրամանատար, կապիտան Համլետ Թադեւոսյանի հուղարկավորության արարողությանը: Հովհաննես Թադեւոսյանին հետմահու շնորհվել է մայորի կոչում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4