«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#46, 2008-03-11 | #47, 2008-03-12 | #48, 2008-03-13


ԳՈՂԱՆՈՒՄ ԵՆՔ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԵՐԳԵ՞ՐԸ

Ինտերնետային կայքէջերում տխուր է մեր պաշտպանությունը

Ինտերնետը յուրօրինակ իրականություն է` անկախ այն ամենից, թե ինչպես, ով եւ ինչ նպատակներով է հայտնվում այնտեղ, կամ ինչ խնդիրներ է փորձում լուծել վիրտուալ սարդոստայնի հարթություններում: Եվ այս հարցում էլ, ցավոք, ավելի շատ ու ավելի շուտ ասիացի ենք բառի բացասական իմաստով, քան եվրոպացի: «Մենք» ասելով էլ բնավ նկատի չունեմ Համզաչիմանի գյուղական կյանքի բարքերին սովոր մարդկանց հայացքները ինտերնետային իրականության առնչությամբ, այլ նրանց, ովքեր ավելի շուտ նախընտրում են գոտկատեղից ներքեւ կախ ընկած ջինսերն ու ընդհանրապես արեւմտյան կարիքների համար արդեն իսկ մի լավ օգտագործված վերնազգեստները` որքան հնարավոր է շատ անցքերով ու պատռվածքներով:

Հատկապես մարտյան վերջին իրադարձությունների ֆոնին «գովազդվելու» յուրօրինակ մի հնարավորություն ստացան մի շարք կայքէջեր, որոնց այցելուների մակարդակի մասին կարծիք կազմելու համար բավարար է միայն մեկ մեկնաբանություն ընթերցել, որպեսզի հայհոյախառն ու պարզունակ դատողությունների տեր այդ այցելուներին ու ընդհանրապես կայքէջին վերաբերմունքը դուրս մնա լրջության սահմաններից: Բնականաբար, խոսքը հատկապես վերաբերում է այդ կայքէջերի այն այցելուներին, որոնք առնվազն տիրապետում են հայերենին, այլ խոսքով` հայ են:

www.youtube.com կայքէջին գուցե քչերն են ծանոթ, ինչը բնականաբար լավ է, իսկ եթե ծանոթ են շատերը, հուսանք, որ մշտական այցելու չեն: Սա եվրոպական տրամաբանությանը հատուկ այնպիսի կայքէջերից է, որտեղ այցելուներին հնարավորություն է տրվում ազատորեն արտահայտելու իրենց կարծիքը, նկարներ եւ տեսագրություններ տեղադրելու, որոնք մատչելի են կայքէջի մյուս այցելուներին: Երբ եվրոպացիները խոսում են այսօրինակ երեւույթներից, միանշանակ ընկալելի ու հասկանալի է: Իսկ երբ հայկական մոտեցումներն են արտահայտվում այսօրինակ ազատ կայքէջում, ուղղակի հիասթափվել կարելի է սեփական ազգի ներկայացուցիչներից:

Իսկ որ ավելի տխուր է, այս ամենից ամենայն հանգստությամբ օգտվում է հարեւան Ադրբեջանը: Ավելին, այսօրինակ կայքէջերում այնպիսի հակահայկական քարոզչություն է տարվում, որ անգամ նման քարոզչության ոլորտում հայտնի «day.az» ադրբեջանական գործակալությունը կարող է նախանձել: Ի հաստատումն այս ամենի` թեկուզ վերցնենք Սիրուշոյի «Եվրոտեսիլ» մեկնելու եւ նրա ներկայացնելիք երգի ադրբեջանական մեկնաբանությունները:

Այս դեպքում գոնե կայքէջի այցելուների մեջ ավելի շատ հայկականությունն է խոսում, քան սեփական սահմանափակության դրսեւորումը: Ամեն դեպքում, կողմ են արտահայտվում ինչպես երգին, այնպես էլ Սիրուշոյին: Մինչդեռ Ադրբեջանը այստեղ էլ, տարբեր միջոցներով, փորձում է աղավաղել իրողությունները` շարունակելով հակահայկական քարոզչության իր պետական քաղաքականությունը, որի դեմ արդեն սովորական այցելուների հիացմունքը անուժ գործոն է:

Մասնավորապես, ամենից առաջ ադրբեջանցիները կասկածի տակ են դնում ոչ միայն Սիրուշոյի կատարելիք երգի հայկական լինելը, այլեւ ընդհանրապես հայկական երաժշտության որպես այդպիսին առկայությունը` բացի եկեղեցականից: Ու դա ասում է մեկը, որին Ադրբեջանում համարում են հայտնի կոմպոզիտոր, որն ուղղակի հայտարարում է, թե մենքՙ հայերս, ազգային երաժշտություն չունենք: Ավելին, Ադրբեջանը բողոքի նամակ է հղել «Եվրոտեսիլ»-2008-ի համապատասխան հանձնաժողովին` հայտարարելով, թե Հայաստանը գողանում է Ադրբեջանի լավագույն երգերը` ակնարկելով Սիրուշոյի «Քելե-քելե» երգը:

Այսօրինակ մեկնաբանություններին արժանին չի մատուցվում, ավելին, ուղղակի Սիրուշոյով հիացած «ուլտրաժամանակակից» երիտասարդությունը չի կարող պատասխան տալ: Ամեն դեպքում, չի էլ տալիս` սահմանափակվելով միայն հարեւանների հասցեին ածականների շարադրմամբ:

Մյուս կողմից, պասսիվությունը, կարծես, դարձել է հայերիս բնորոշ հատկանիշ բոլոր այն հարցերում, որտեղ իսկապես եւ միշտ հարկ է լինել ակտիվ: Ճիշտ այնպես, ինչպես շատ հարցերում լռում է հայրենի արտաքին գերատեսչությունը, որոշ դեպքերում էլ` քաղաքական ղեկավարությունը, ավելի պարզ մակարդակներում էլ անպատասխան են մնում ադրբեջանական ապատեղեկատվական հոսքերը: Մինչդեռ դրանց հերքումն իսկ շատ դեպքերում արդեն ուշացած քայլ է:

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4