«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#47, 2008-03-12 | #48, 2008-03-13 | #49, 2008-03-14


ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԻԼԵՄԱՅԻ ԱՌԱՋ` ԵՐԿՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՄ ...

Ղարաբաղյան հարցի կարգավորման բանակցությունների նոր վերսկսում Բուխարեստո՞ւմ

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հայաստանին մտահոգում է ինչպես սեփական ժողովրդի, այնպես էլ միջազգային հանրության վերաբերմունքը մարտի 1-ի իրադարձությունների ու հետագա զարգացումների առնչությամբ: Այս մասին երեկ հրավիրած ասուլիսում հայտարարեց Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Մտահոգությունը հատկապես վերաբերում է սուտ լուրերի տարածմանը, մինչդեռ վերջին օրերին Հայաստան են այցելել տարբեր մակարդակի միջազգային կառույցների ներկայացուցիչներ` տեղում ծանոթանալու իրավիճակին:

Այդպիսի մի այցելություն էլ այս օրերին իրականացնում է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համերբերգը: Ըստ Օսկանյանի, Համերբերգը, հանդիպելով երկրի ղեկավարությանը, այցելել է կալանավայրեր եւ հիվանդանոցներ եւ հանդիպելու է ընդդիմության ներկայացուցիչներին: Իսկ թե ինչ եզրակացության կամ գնահատականի կհանգի մարդու իրավունքների հանձնակատարը Հայաստանում լինելուց հետո` կիմանանք ավելի ուշ:

Օսկանյանը տեղեկացրեց նաեւ, որ այսօր կլինի Վիեննայում, որտեղ, ինչպես տեղեկացրել է «Ազգը», արդեն հանդիպում են ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Վիեննայում Օսկանյանը կհանդիպի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, իսկ Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ հանդիպում չի լինի: Օսկանյանի մատուցմամբ, Էլմար Մամեդյարովին համանախագահները հավանաբար կհանդիպեն այլ վայրում:

Համանախագահների հանդիպման օրակարգում ամենից առաջ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների վերսկսումն է: Օսկանյանի խոսքերով, համանախագահներն աշխատում են այդ համատեքստում հնարավորինս շուտ կազմակերպել Հայաստանի նորընտիր նախագահի եւ Ադրբեջանի նախագահի հանդիպումը:

Դրա համար որպես առաջին հնարավորություն կարելի է դիտարկել Բուխարեստում ՆԱՏՕ-ի գագաթաժողովը, որը, որքան էլ հետաքրքրական է, տեղի կունենա մինչեւ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի երդմնառության եւ պաշտոնապես նախագահի լիազորությունների ստանձնման արարողության օրը` ապրիլի 9: Սա նկատի ունենալով էլ Օսկանյանը շեշտեց, որ եթե նման առաջարկություն արվի եւ ադրբեջանական կողմն էլ համաձայնություն տա, ապա նորընտիր նախագահը պատրաստ է այդ հանդիպմանը: Այս հարցը եւս, ըստ Օսկանյանի, այսօր կքննարկվի Հայաստանի արտգործնախարարի` համանախագահների հետ հանդիպմանը:

Ինչ վերաբերում է ՄԱԿ-ում Ադրբեջանի` ղարաբաղյան հարցն ու մեր տարածաշրջանի մյուս հակամարտությունները միասնաբար դիտարկելու նախաձեռնությանը, որ քվեարկության է դրվելու մարտի 15-ին, ապա, Օսկանյանի մատուցմամբ, սա եւս կքննարկվի Վիեննայում կայանալիք հանդիպմանը: Արտգործնախարարի բացատրությամբ, եթե Ադրբեջանը պնդի, ապա բանաձեւը կդրվի քվեարկության: Մինչդեռ Հայաստանի դիրքորոշումը մնում է նույնը, որ բանակցությունները դեռ իրենց չեն սպառել եւ այլ հարթություն հարցի տեղափոխումը հավասարազոր է ինքնախաբեության, քանի որ ՄԱԿ-ի այդ բանաձեւն, ընդունման դեպքում, իրավական ուժ չունի, այլ միայն խորհրդատվական:

Ամեն դեպքում, եթե ՄԱԿ-ում բանաձեւի առնչությամբ տեղի ունենա քվեարկություն, ապա Հայաստանն ըստ քվեարկության արդյունքների, գոնե կարող է հասկանալ մեզ համար նշանակալի պետությունների դիրքորոշումները` հարցի առնչությամբ օբյեկտիվության կտրվածքով:

Եվրոմիության` մի շարք հարցերում Հայաստանի վերաբերմունքի փոփոխության հայտարարության մասին էլ Վարդան Օսկանյանը նախ նշեց, որ արտակարգ դրությունը նորմալ իրավիճակ չէ եւ կարելի է հասկանալ ԵՄ հայտարարությունը: Մյուս կողմից, այդ հայտարարության կետերից մեկի առաջարկը լրատվամիջոցների գործունեության առնչությամբ ունի առաջընթաց, մասնավորապես, որոշակի սահմանափակումներ արդեն այսօրվանից հանվում են: Կալանավորվածների հարցն էլ իրավական է, եւ պետք չէ քաղաքականացնել:

Ինչ վերաբերում է իշխանություն-ընդդիմություն երկխոսությանը, ապա, ըստ ԱԳ նախարարի, երկխոսության անհրաժեշտությունը միանշանակ է, բայց դրա ճիշտ պահը «կորցրեցինք»: Օսկանյանի խոսքերով, եթե պահը ճիշտ օգտագործվեր, դա Հայաստանի համար ոչ թե կպակասեցներ բացասական դրսեւորումը, այլեւ կարող էր դրական լինել: «Ես պնդելու եմ, որ պահը կար այս ամենից դրական դուրս գալու: Ու չնայած դրան, մենք չենք կարող բաժանված մնալ, երկխոսությունը օրակարգում պետք է լինի: Այստեղ շատ բան կախված է Լեւոն Տեր-Պետրոսյանից»:

Լրագրողներից մեկի հարցին, թե ինչպես է արտգործնախարարությունը իր խոսքում նշում ցուցարարների զինված լինելու մասին, Վարդան Օսկանյանը պատասխանեց հարցով. «Դուք համոզված չե՞ք, որ ցուցարարները զինված են եղել»: Օսկանյանն ավելացրեց, որ հիվանդանոցներում են դեռ 40 ոստիկան, որոնք հրազենային վնասվածքներ են ստացել:

«Վերջ ի վերջո, հասկանալի է, որ պետությանն են մեղադրում: Բայց հասարակությունը պետք է հանրային ահազանգ բարձրացնի, թե նախագահական ընտրությունների ժամանակ թեկնածուի գործելաոճը անընդունելի է: Որեւէ մեկին իրավունք չի վերապահվում արտառոց ձեւով ընտրարշավ տանելու», ասաց նախարարը:

Օսկանյանի բացատրությամբ, հասարակությանը արժեքային համակարգի հեղափոխություն է պետք ապրել: Եղել է տնտեսականն ու քաղաքականը, բայց, ըստ Օսկանյանի, մենք շարունակում ենք մտածել այնպես, ինչպես մտածել ենք:

Անդրադառնալով Հայաստանի հանդեպ հավանական պատժամիջոցներին` Վարդան Օսկանյանը չբացառեց «Հազարամյակի մարտահրավերներ - Հայաստան» ծրագրի կասեցումը, կամ առնվազն սառեցումը: Ծրագրի պայմանագրում հստակ նշված են դրույթներ, որոնք մեծապես խախտելու դեպքում կարող է եւ այդ օգնությունը դադարեցվի: Դա, ըստ Օսկանյանի, կախված է նրանից, թե երբ երկիրը դուրս կգա ստեղծված իրավիճակից:

ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսի վերջին հայտարարության մասով էլ Օսկանյանը պարզաբանեց, որ իրապես վտանգ կա այդ օգնության կասեցման, բայց Ռայսը նման բան նկատի չի ունեցել իր խոսքում: Օսկանյանի ներկայացմամբ, ԱՄՆ պետքարտուղարը խոսել է ընդհանրապես ամերիկյան օգնության մի մասի սառեցված լինելուց, ինչը երեւի վերաբերում է այն կազմակերպություններին, որոնք չեն գործում` ելնելով արտակարգ դրության ռեժիմից:

Ըստ Օսկանյանի, Հայաստանը դիլեմայի առաջ է կանգնած. մի կողմից` երկրի անվտանգությունը, կայունությունը, մյուս կողմից` ժողովրդավարական արժեքներն ու առաջընթացը: Ի վերջո, յուրաքանչուր գնահատական, լինի ուղղակի հորդոր, կոչ, մեղադրանք, ծրագրի կասեցում, տրվում է Հայաստանին եւ ոչ թե Հայաստանի կառավարությանը:

«Հազարամյակի մարտահրավերներ-Հայաստան» ծրագրի կասեցման վտանգ տեսնելով հանդերձ, Օսկանյանը կարծիք հայտնեց, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ձայնից զրկվելու կամ եվրոպական նոր հարեւանության ծրագրի կասեցման վտանգ չկա:

Ադրբեջանական լրահոսի` Ղարաբաղում իբր քրդական ներկայության դեմ հակաահաբեկչական գործողությունների իրականացման ցանկությունը Օսկանյանը հերթական սադրանք որակեց: Իսկ շփման գծում նախորդ շաբաթ ակտիվացած փոխհրաձգության առնչությամբ էլ նախարարը նշեց, որ ներկա դրությամբ դրությունը մնում է լարված, բայց կրակոցներ չկան, իսկ ադրբեջանական կողմի` իբր նոր զոհերի մասին տեղեկություններն էլ ավելի շուտ վերաբերում են մարտի 4-ի իրադարձություններին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4