«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#47, 2008-03-12 | #48, 2008-03-13 | #49, 2008-03-14


ՊՂՏՈՐ ՋՈՒՐ` ԿԱՊՈՒՅՏ ԷԿՐԱՆԻՑ

Հրաշալի է, որ մեզանում բազմաթիվ հեռուստաալիքներ կան: Դեռ նորերը կստեղծվեն: Դա ազատ խոսքի դրսեւորման մի գործոն է, ինչպես նաեւ լրագրողների, օպերատորների, ռեժիսորների, դերասանների եւ այլոց համար ստեղծագործական ու նաեւ, ինչու չէ, ֆինանսական գոյաղբյուր է: Սակայն որպես սովորական հեռուստադիտող, երբ մոտիկից ծանոթանում եւ դիտում ես տարբեր հեռուստաալիքների հաղորդումներ, ցավ է պատճառում, որ կապույտ էկրաններից «պղտոր ջրի» հոսքը չափազանց շատ է: Եթե ամենաընթերցվող թերթի, ամսագրի տպաքանակը հինգ կամ վեց հազարից չի անցնում, ապա ամենացածր վարկանիշ ունեցող հաղորդումներ դիտողների թիվը հարյուր հազարից անցնում է: Հակիրճ եզրահանգում: Յուրաքանչյուր հաղորդում, ծրագիր, ինֆորմացիոն թողարկում պետք է ունենա նորի, գեղեցիկի զգացողություն եւ արդիական հնչեղություն: Թերթեք որեւէ հեռուստաալիք. նույն մարդիկ, նույն լուրերը, նույն դեմքերը, նույն գովազդը: Խոսքը այստեղ ոչ թե չցուցադրելու, այլ ինֆորմացիայի մատուցման շաբլոնից հրաժարվելու մասին է:

Իսկ թե ինչպես ներկայացնել, սա արդեն լրջմիտ խոսակցության նյութ է եւ բարձր պրոֆեսիոնալիզմի խնդիր: Էլ չենք խոսում բարբառներով խոսող որոշ լրագրողների ու հաղորդավարների մասին:

Մինչեւ 1990 թվականը նույնիսկ երկրաշարժից հետո Հայաստանում գործել են 520 կինոթատրոն եւ կինոցուցադրման կայանքներ: 90-ականների համատարած սեփականաշնորհման ժամանակ այդ ամենը չնչին գումարներով փոշիացվեց, կամ իրերն իրենց անունով կոչենք` ոչնչացվեց: Հանրապետությունում դրանցից միայն մի քանիսն է մնացել: Փաստորեն կինոթատրոնների դերն անուղղակի ձեւով վերցրեց հեռուստատեսությունը: Եթե ճշմարիտ լինենք, այսօր բազմաթիվ հեռուստաալիքներ լցված են կրակոցներով, սպանություններով, նոր սերնդի հոգեբանությունը աղավաղող ֆիլմերով: Ակամա հիշում ես Ակիրա Կուրոսավային, որը հաճախ էր կրկնում. «Ֆիլմը պիտի լինի այնպիսին, որ ընտանիքի անդամներով նայելիս չամաչես»: Մեզանում հաճախ ցուցադրվում են ֆիլմեր, որ նույնիսկ արգելված են ԱՄՆ-ում եւ շատ այլ երկրներում: Այդ հեռուստաարկղի ոչ հավասարակշռված գործածությունը, թող վերամբարձ չհնչի, իմ կարծիքով` վնասում է մեր ազգային անվտանգությանը...

Անշուշտ կան հեռուստաընկերություններ, որոնք այս ամենը հասկանալով, փոքր-ինչ այլ քաղաքականություն են վարում: Մեզանում քիչ չեն հետաքրքրական հեռուստահաղորդումները, որտեղ ներկայացվում են ուսանելի թեմաներ, ներկայացվում են հայկական գեղարվեստական, վավերագրական եւ մուլտիպլիկացիոն ժապավեններ: Սակայն այս ամենը մատների վրա կարելի է հաշվել:

Մեր լրագրողները, հեռուստաժուռնալիստները, ինչու չէ, կինոքննադատները պետք է մամուլով, հեռուստատեսությամբ փոքրիկ գրախոսականներով պարբերաբար հանդես գան: Թե չէ պլպլան միջոցառումներ լուսաբանելով պրոբլեմներ չես լուծի: Ի հակակշիռ վերը նշվածի` առաջարկում եմ պետական միջոցներով ՀՀ-ում ստեղծել առանձին, նոր հեռուստաալիք, որտեղ կպրոպագանդվի միայն արվեստն ու մշակույթը: Այն կարող է կոչվել «Գեղարվեստ», «Մշակույթ» կամ մեկ այլ անվանմամբ, դա էական չէ: Այս թեմայի շուրջն ազատ ու անկաշկանդ խոսակցության ենք հրավիրում հեռուստատեսության աշխատակիցներին ու մեր ընթերցողին:

ՌՈԲԵՐՏ ՄԱԹՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4