«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#50, 2008-03-15 | #51, 2008-03-18 | #52, 2008-03-19


«ԱՐՄԵՆՏԵԼՆ» ԱՐԴԻԱԿԱՆԱՑՆՈՒՄ Է ԻՐ ՑԱՆՑԸ

«Արմենտելը» Հայաստանում ֆիքսված եւ բջջային կապերի ծառայություններն ապահովող սարքավորումների ամբողջական արդիականացման ծրագիր է իրականացնում: Այս մասին երեկ տեղեկացրեց «Արմենտելի» սեփականատեր «Վիմպելկոմ» ընկերության ԱՊՀ երկրների գծով տեխնիկական տնօրեն, աշխատանքային այցով Երեւանում գտնվող Իլյա Չուլյուկինը: Ընդ որում, Չուլյուկինի խոսքերով, ֆիքսված կապի համար «Արմենտելը» կապահովի այնպիսի նորացված ցանց, ինչպիսին աշխարհի մակարդակով գործում է հաշված քանակությամբ: Կոնվերգենտ անվանվող այդ ցանցը ենթադրում է որոշակի ծառայությունների փաթեթ, այլ խոսքով ասած` մի քանի արտադրանք, բայց մեկ շահագործում:

Ամեն դեպքում, Չուլյուկինի մատուցմամբ, ընկերությունն աշխատում է ֆիքսված կապի ամբողջական մատչելիության ուղղությամբ, իսկ այսօրվա խնդիր դարձած համարների բացակայությունը շուտով կլուծվի: Այս կապակցությամբ «Վիմպելկոմ» ընկերության ԱՊՀ երկրների գծով տեխնիկական տնօրենն անդրադարձավ Հայաստանում իրականացվող շինարարությանը, որի դեպքում մեծ մասամբ հաշվի չեն առնվում հաղորդակցության գծերի անցկացման համար անհրաժեշտ մոտեցումները, եւ ընկերությունն արդեն իսկ ավարտված շինարարական օբյեկտներում ստիպված է լինում սկսել ասֆալտ քանդելուց:

Բջջային կապի առումով էլ, ըստ ԱՊՀ երկրների գծով տեխնիկական տնօրենի, իրականություն կդառնա այնպիսի մի արդիական ցանցի շահագործումը, երբ հնարավոր կլինի մեկ քարտով հեռախոսակապ ունենալ տանը` ֆիքսված, դրսում` բջջային:

Այսօրինակ արդիականացված համակարգի իրագործման ժամկետներն աշխարհի մեծ մեգապոլիսների համար տեւում են առնվազն հինգ տարի: Իլյա Չուլյուկինի խոսքերով, «Արմենտելը» դա հավանաբար կանի երկու տարում` փուլային տարբերակով:

Արդեն երրորդ սերնդի տեխնոլոգիաների օգտագործման կապակցությամբ էլ նշվեց, որ Հայաստանի հիմնական ցանցը աշխատում է ինչպես երկրորդ, այնպես էլ երրորդ սերնդի սարքավորումների հետ, եւ ամենայն հավանականությամբ ապրիլին երրորդ սերնդի սարքավորումների տեխնիկական փորձարկում կիրականացվի: Արդիական նույնօրինակ տեխնոլոգիաների` բջջային կապի ոլորտում օգտագործելու առումով էլ արդեն իսկ կոմուտատորները երրորդ սերնդի են, ռոմինգ ծառայության սակագնի հաշվարկը կատարվում է անմիջապես խոսակցության ընթացքում եւ ոչ դրանից շատ հետո, ինչպես նախկինում:

Պարզաբանելով «Արմենտելի» բջջային կապի համակարգում վերջերս տեղի ունեցած խափանումները` Չուլյուկինը նշեց, որ դրանք կապված են արդիականացման աշխատանքների հետ:

Ընդհանուր առմամբ, «Վիմպելկոմ» ընկերության ԱՊՀ երկրների գծով տեխնիկական տնօրենը գոհունակություն հայտնեց «Արմենտելի» բջջային կապից Հայաստանում, նշելով, թե ընդհանրապես հետխորհրդային երկրներում մարդիկ շատ պահանջկոտ են: Մինչդեռ Եվրոպայում կողմնորոշվում են գործարար սկզբունքներից ելնելով. չեն առաջարկում «Մերսեդես», երբ գնում են «Ժիգուլի» ու հակառակը:

Խոսելով «Վիվասել» ընկերության հետ մրցակցության մասին` Իլյա Չուլյուկինը կարեւորեց, որ հագեցվածության (տեխնիկական-Ա.Հ.) առումով «Արմենտելը» մրցունակ է:

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4