«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#52, 2008-03-19 | #53, 2008-03-20 | #54, 2008-03-21


ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԶՈՐԱԿՑՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ԵՎ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆԸ

Գրիգորի Կարասին. ՌԴ-ն հույս ունի, որ Մինսկի խմբի ձեւաչափը կպահպանվի

Մարտի 18-20-ը Հայաստանում էր գտնվում Ռուսաստանի պետքարտուղար, փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը: Երեկ մեկնումից առաջ «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում հայաստանյան լրատվամիջոցներին Կարասինը տեղեկացրեց, որ կարեւոր հանդիպումներ է ունեցել Հայաստանի պետական ղեկավարության` նախագահի, վարչապետի, արտգործնախարարի հետ: Քննարկված լայն շրջանակի հարցերից Կարասինն առանձնացրեց երկկողմ հարաբերությունների համալիրը, որ կրում է ակտիվ բնույթ, ուղղված է ապագային: Այդ հարաբերություններն ակտիվորեն զարգանում են քաղաքական, մշակութային, կրթության ոլորտներում: «Մի խոսքով, մենք մնում ենք դաշնակից երկրներ եւ ուշադրությամբ ենք վերաբերվում մեր հարաբերությունների բոլոր ոլորտներին», նշեց ՌԴ պետքարտուղարը:

Ըստ Կարասինի, քննարկվել է երկկողմ կապերի քաղաքական ժամանակացույցը ամենաբարձր մակարդակով: Առանձին թեմա են դարձել փետրվարի 19-ի նախագահական ընտրություններին հետեւած իրադարձությունները: «Ռուսաստանը միանշանակորեն անտարբեր չէ, թե ինչպես կձեւավորվի ներքաղաքական իրավիճակը մեզ բարեկամ երկրում: Մենք ելնում ենք նրանից, որ երկխոսությունը եւ իրավական դաշտը միակ հնարավորությունն են լուծելու քաղաքական խնդիրները, իսկ անկարգությունները եւ փողոցային քաոսը վտանգավոր երեւույթ են յուրաքանչյուր երկրի համար: Ես համոզված եմ, որ մարտի 1-2-ի իրադարձությունները Հայաստանի քաղաքացիներին ցույց տվեցին, թե որքան վտանգավոր կարող է լինել այդ ճանապարհը: Այն ոչ մի հարց չի լուծի, բայց երկիրը կբերի անկայունության, ապագայի անվստահության», հավաստիացրեց Գրիգորի Կարասինը:

Կարասինի հաստատուն տպավորությամբ, ե՛ւ Հայաստանի նախագահը, ե՛ւ վարչապետը լավ են հասկանում եւ վերահսկում իրավիճակը, ունեն հստակ ծրագրեր ներգրավելու կառուցողական ընդդիմությանը իրավական դաշտում հրավիրելու երկխոսության, եւ հույս հայտնեց, որ այս միտումը կգերակշռի եւ հայ հասարակություն կվերադառնան կայունությունը, կանխատեսելիությունը:

Ի վերջո, հայկական նոր պետականության կառուցումն, ըստ ՌԴ պետքարտուղարի, անցել է այդ վտանգավոր փուլը եւ հիմա դուրս է գալիս քաղաքական բարեփոխումների, երկխոսության որոշակի մի ճանապարհ:

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի եւ զինադադարի խախտման մարտյան դեպքերի առնչությամբ Կարասինն ընդգծեց, որ կարգավորման գործընթացն առաջընթաց ունի, եւ կարեւոր է, որ հետսովետական տարածությունում այլ հակամարտությունների համեմատությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների ջանքերով հանդիպումներ են տեղի ունենում` Մինսկի խմբի համանախագահների ակտիվ մասնակցությամբ: «Մեզ անհանգստացրին մարտի սկզբին շփման գծում տեղի ունեցած իրադարձությունները: Լավ է, որ դրանք սահմանափակ բնույթ էին կրում եւ կանխվեցին ինչպես մի, այնպես էլ մյուս կողմից», կարեւորեց Կարասինը:

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Ադրբեջանի անցկացրած բանաձեւի կապակցությամբ էլ Կարասինը հիշեցրեց, որ համանախագահող երկրները դեմ էին այդ նախաձեռնությանը, քանի որ գործընթացը նորմալ հունով է գնում: «Նմանօրինակ կտրուկ նախաձեռնությունները միջազգային կառույցներում, հատկապես այնպիսի հեղինակավոր, ինչպիսին ՄԱԿ-ի ԳԱ-ն է, ոչ մի դրական արդյունքի չեն բերի, ինչն էլ հաստատվեց քվեարկությամբ», հավելեց Կարասինը, հույս հայտնելով, որ գործընթացը կգնա նույն հունով` Մինսկի խմբի միջնորդությամբ ու շուտով տեղի կունենա Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարության հանդիպումը:

Ընդդիմության ներկայացուցիչների հետ հանդիպում չունենալն էլ Կարասինը հետեւյալ կերպ բացատրեց. «Մեզ բավարարում է այն ինֆորմացիան, որ տվեցին նախագահը, վարչապետը, արտգործնախարարը: Տեղյակ ենք, թե ինչ են մտածում ընդդիմության ճամբարում. մենք ունենք այստեղ դեսպանատուն, բարեկամներ Հայաստանի քաղաքական եւ հասարակական կյանքի բոլոր ոլորտներում: Կարող եք չկասկածել, որ մենք տիրապետում ենք տարբեր տրամաչափի տեղեկությունների»:

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4