«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#53, 2008-03-20 | #54, 2008-03-21 | #55, 2008-03-22


ՔԱՌԱԿՈՂՄ ԿՈԱԼԻՑԻԱ` «ՑԱՎՈՏ, ԼԱՅՆԱՄԱՍՇՏԱԲ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՈՒ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ»

Կոալիցիոն համաձայնագիր` առանց պորտֆելաբաժանման... առայժմ

Երեկ կառավարությունում քաղաքական կոալիցիայի համաձայնագիր ստորագրեցին Սերժ Սարգսյանը (Հանրապետական կուսակցություն), Գագիկ Ծառուկյանը («Բարգավաճ Հայաստան»), Արթուր Բաղդասարյանը («Օրինաց երկիր»), Արմեն Ռուստամյանը (ՀՅԴ):

Հանրապետական կուսակցության նախագահ, վարչապետ Սերժ Սարգսյանի կարծիքով, սա աննախադեպ երեւույթ է, քանի որ նախկինում Հայաստանում կոալիցիոն համաձայնագրեր ստորագրվել են կոալիցիոն կառավարություն կազմելու մասով:

«Մենք այսօր քաղաքական կոալիցիա ենք ստեղծել, որի նպատակն է մեր երկրում իրականացնել բարեփոխումներ, լրջագույն փոփոխություններ: Անշուշտ, այս փոփոխությունները լինելու են մասշտաբային, լինելու են ցավոտ շատ շատերի համար եւ որպեսզի այս փոփոխությունները հնարավոր լինի իրականացնել ողջ մասշտաբով, մեզ անհրաժեշտ է հասարակական լուրջ աջակցություն», ստորագրումից հետո ասաց վարչապետը: Սարգսյանը նաեւ խնդրեց լրատվամիջոցներին «աջակից լինել մեր երկրում իրականացնելու լրջագույն փոփոխություններ»: ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն, իր հերթին, նշեց, որ ստորագրված փաստաթուղթը տեւական բանակցությունների միջոցով հասունացել էր, եւ նախ եւ առաջ քաղաքական համաձայնության փաստաթուղթ է, որում հնարավոր չէ գտնել, թե ով ինչ պաշտոններ է ստանձնում: «Մենք սա չենք կարեւորել, այլ քաղաքական հարցերի համաձայնեցումը», ավելացրեց Ռուստամյանը:

Դաշնակցությունը այս համաձայնագրով երեք հիմնական խնդիր է հետապնդել: Առաջինը, ըստ Ռուստամյանի, անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի առկա ներքաղաքական լարվածությունն արագ լիցքաթափվի, ինչի համար նախ եւ առաջ անհրաժեշտ են քաղաքական կամք եւ համաձայնության գնալու գիտակցություն: Մնացած խնդիրները, որ պետք է դրանից հետո իրականացվեն, արձանագրված են համաձայնագրում:

«Այն խնդիրները, որ նշված են առաջնահերթությունների մեջ, ճիշտ են մատնանշված: Դրանք իսկապես այն հարցերն են, որ այսօր անհրաժեշտ են մեր երկրին եւ որոնց լուծմամբ մենք քայլ առ քայլ էական փոփոխություն ենք մտցնելու մեր կյանքում», պարզաբանեց Ռուստամյանը: Միաժամանակ, իրականացվելու է երկու խնդիր. թե՛ բարեփոխումները խորքային դարձնել, թե՛ պահպանել մեր երկրում կայունությունը,ներքաղաքական ամրությունը:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի խոսքերով, համաձայնագրի ստորագրումը պարտավորեցնող է, որ եւս մեկ անգամ համատեղ աշխատանքով իրականացվեն այն հույսերը, որոնք տրվել են ժողովրդին: «Ժողովուրդը սպասելիք ունի, իսկ մենք պետք է կարողանանք մեր ներկայացրած ծրագիրը միասին իրականացնել, ոչ միայն ասենք, այլեւ իրականացնենք»: Ըստ Ծառուկյանի, կա համոզվածություն, որ նոր կազմով իսկապես կաշխատեն եւ ժողովրդի համար պայմաններ կստեղծեն աշխատելու, սովորելու, ապրելու բարեկեցիկ ու բարգավաճ:

«Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը կարեւորեց, որ Հայաստանի քաղաքական կյանքում առաջին լայնածավալ նմանօրինակ փաստաթուղթն է, որ ունի մի քանի առանձնահատկություններ: «Առաջինը, փաստաթուղթը ստորագրող քաղաքական ուժերը ե՛ւ խորհրդարանական, ե՛ւ նախագահական ընտրություններում հավաքել են ծանրակշիռ թվով ձայներ, ինչը նշանակում է, որ Հայաստանի ապագա քաղաքական կոալիցիան ունի Հայաստանի բնակչության գերակշիռ մեծամասնության քաղաքական վստահությունը», ասաց Բաղդասարյանը:

Որպես երկրորդ առանձնահատկություն Բաղդասարյանը նշեց, որ կոալիցիայի անդամները ստանձնում են քաղաքական պատասխանատվություն Հայաստանի իշխանության գործունեության համար, ինչը չի եղել նախկինում: Երրորդ առանձնահատկությունն, ըստ «Օրինաց երկրի» նախագահի, այն է, որ փաստաթուղթը ենթադրում է լայնածավալ սոցիալական-տնտեսական եւ քաղաքական բարեփոխումներ Հայաստանում: Որպես վերջին առանձնահատկություն առանձնացվեց այն, որ ադրբեջանա-թուրքական քարոզչամեքենան Հայաստանի ներքաղաքական իրավիճակը փորձեց օգտագործել, ծառայեցնել իր նպատակներին, եւ կոալիցիայի անդամները քաղաքական վճռականություն են ցուցաբերելու ոչ միայն երկրի ներքին, այլեւ արտաքին մարտահրավերներին դիմակայելու համար: «Հայաստանի ապագա քաղաքական իշխանությունն ունի հանրային վստահության ծանրակշիռ ռեսուրս եւ ինքս վստահ եմ, որ սպասվող բարեփոխումներն անպայման իրականացնելու ենք»:

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4