«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#53, 2008-03-20 | #54, 2008-03-21 | #55, 2008-03-22


ԸՍՏ ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԻ, ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՊԱՅՄԱՆԸ ԻՐԵՆՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԸՆԿԵՐՆԵՐԻ ԱԶԱՏՈՒՄՆ Է

«Միգուցե հարմար պահ է վերլուծելու անցած ուղին: Այսօր այլեւս մենք գործ չունենք ուղղակի քաղաքական շարժման հետ: Սա ոչ թե անգամ հասարակական շարժում է, այլ պայքար ամբողջ հասարակության, ժողովրդի` հանցագործ, հակաօրինական, հակասահմանադրական ռեժիմի, բռնապետության դեմ»: Երեկ նման հայտարարություն արեց Մամուլի ազգային ակումբում «Հրատապ թեմա» ծրագրի շրջանակներում հյուրընկալված Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանը` խոսքը մեծապես համեմելով ԼՏՊ խոսքերով ու մտքերով:

Նա եղածը բաժանեց երեք փուլի: Եթե մինչեւ փետրվարի 19 ընտրական պայքար էր Տեր-Պետրոսյանի հաղթանակի համար, ապա փետրվարի 19-ից հետո, ըստ Զուրաբյանի, «ընտրությունների խայտառակ պատկերից հետո» Տեր-Պետրոսյանին չհամակրող, ձայն չտված մարդիկ էլ միացան լեւոնականներին` մասնակցելով հանրահավաքներին, ինչը տեւեց մինչեւ մարտի 1-ը: Դրանից հետո, ըստ Զուրաբյանի, ի հայտ եկավ նոր իրավիճակ, «երբ ռեժիմը կրակեց իր ժողովրդի վրա եւ կորցրեց իր վերջին հենարանները»: Նա չբացատրեց սակայն, թե առաջինը ովքեր են կրակել ու խոշտանգել ոստիկաններին

Հարցերին ի պատասխան Զուրաբյանը ավելացրեց, որ քաղաքական իրավիճակի կարգավորման համար անկախ հետաքննությունը շատ կարեւոր է, ինչը, ըստ Զուրաբյանի, իշխանությունները չեն անելու: Ուստիեւ Զուրաբյանը հիշեցրեց ԼՏՊ-ի մարտի սկզբի իրադարձությունների միջազգային հետաքննություն անցկացնելու կոչը:

Լեւոն Զուրաբյանի մեկնաբանմամբ, սեփական ուժերով էլ հետաքննություն տանելը խնդիր է, քանի որ «Շարժման կառույցները եթե ոչ պարալիզացված, համենայն դեպս մեր ռեսուրսները սահմանափակվել են»: Բացի այդ, Զուրաբյանի խոսքերով, այն մարդկանց դեմ, ովքեր կփորձեն հետաքննել տեղի ունեցածը, «կսանձազերծվի քաղաքական ռեպրեսիաների շղթա»: Ամեն դեպքում, նյութեր հավաքվում են:

Զուրաբյանի դիտարկմամբ, ակտիվացել է հասարակական կազմակերպությունների սեկտորը:

Երկխոսության առաջարկներ լինել-չլինելու փորձերի առնչությամբ Զուրաբյանը հայտարարեց, որ իշխանությունների կողմից երբեւէ առաջարկ չի եղել, որին «Մենք բաց էինք, երբ խաղաղ ցույցեր էին գնում, երբ լուրջ հնարավորություն կար ամեն ինչ տանելու քաղաքական ճանապարհով»: Մարտի 1-ից հետո հարցը բարդացել է, բայց «հասկանալով, որ այս առճակատումը չի կարող երկար շարունակվել, պատրաստ ենք երկխոսության, բայց չի կարելի երկխոսել մեկի հետ, որը մի ձեռքով հարվածում, մյուսով ուզում է սեղմել քո ձեռքը»:

Լեւոն Զուրաբյանը գտնում է, որ դավաճանություն կդիտվի երկխոսությունը, երբ, իր իսկ խոսքերով, կան քաղբանտարկյալներ: «Բանակցությունները չպետք է տարվեն ուժի դիրքերից... Ուստի բանակցությունների առաջին պայմանն է անհապաղ ազատել քաղաքական հայացքների համար հետապնդվող մեր քաղաքական ընկերներին, գործիչներին»:

Սահմանադրական դատարանը Զուրաբյանը որակեց խամաճիկային վիճակում հայտնված, արտակարգ դրությունն էլ` իշխանություններին հարմար որոշում կայացնելու պայման: Ամեն դեպքում, «մեր քաղաքական շարժումը չի ցանկանում իրավիճակի սրում»` ցանկանալով բողոքի ակցիաները անցկացնել օրինական մեթոդներով, չնայած հանրահավաք անցկացնելու մի շարք դիմումներ արդեն մերժվել են:

Թե ինչ զարգացումներ են հնարավոր, Զուրաբյանը նշեց, որ կանխատեսում անողները մի ռազմավարություն ունեն. կարող է իրենց կանխատեսումը պատահականորեն իրականանալ, եւ իրենք դառնան մարգարե: Բայց մի ընդհանուր բան ասաց. «Ես չգիտեմ, դա ինչքան կտեւի` մի շաբաթ, թե մի տարի: Բայց հայ ժողովուրդը չի հաշտվելու իշխանությունների փորձին` փաթաթվել նրա վզին»:

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4