«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#59, 2008-03-28 | #60, 2008-03-29 | #61, 2008-04-01


ՔԱՇԱԹԱՂԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՔԱՅԼԵՐ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Քաշաթաղն (Լաչին) ազատագրվեց 1992 թվականին: Հայաստանից Արցախ մեկնող-վերադարձողներն անցած 15 տարիներին տարի առ տարի տեսել են փոփոխություններ գոնե ճանապարհին մոտիկ հատվածներում, քանի որ հենց Քաշաթաղով են անցնում Հայաստանը եւ Արցախը միացնող 4 ճանապարհներից երեքը, եւ ամեն ոք կարող է հիշել` երբվանի՞ց սկսեցին տներ կառուցվել եւ նորոգվել, ե՞րբ Քաշաթաղն ունեցավ իր վարչական կենտրոնը` Բերձորը: 1994 թվականից սկսված վերաբնակցման ծրագիրը շատերին բերեց Քաշաթաղ, սակայն որոշ գնահատումներով 24 հազար, իսկ պաշտոնապես հրապարակված 12,5 հազար բնակչից այժմ մնացել են 8,5 հազարը, հատկապես գնացել են Քաշաթաղի այն բնակավայրերից, որտեղ հոսանք եւ տարրական կենսապայմաններ չկան: Շրջանի ձգվածությունը մոտ 200 կմ է, շրջանում 94 բնակավայր կա, որոնցից 53-ն ունի համայնքի կարգավիճակ:

Քաշաթաղ մեկնելու այս առիթը մարտի 28-30-ը «Թուֆենկյան հիմնադրամի» ջանքերով եւ ԼՂՀ ղեկավարության աջակցությամբ Բերձորում կազմակերպված Քաշաթաղի զարգացմանը նվիրված խորհրդաժողովն էր, որին արտերկրից եւ Հայաստանից մասնակցում էին 80 գործարարներ եւ կազմակերպություններ: Խորհրդաժողովին Հայաստանից լրագրողներ առանձնապես չէին մասնակցում, մեր կարծիքով` իզուր, որովհետեւ այս այցելության ընթացքում տեսածն ու լսածը բավարար պատկերացում տվեցին Քաշաթաղի անցածի ու ներկայի մասին, ու առավել շատ լրագրողներ այդ բոլորից ազդված ու ներշնչված` Քաշաթաղի զարգացման ծրագրի ապագային օժանդակող իրենց դերի մասին եւս կմտածեին: Իսկ «Ազգը» ներկա եղավ շնորհիվ «Գուրգեն Մելիքյան» հիմնադրամի նախագահ Գուրգեն Մելիքյանի, ում գլխավորած կազմակերպությունը Արցախում, մասնավորապես նաեւ Քաշաթաղում բազմազավակ ընտանիքներինՙ օգնություն, քաշաթաղցի ուսանողներին ուսման վարձ է տրամադրում:

Քաշաթաղի զարգացման խիստ ներկայացուցչական եւ իր տեսակի մեջ աննախադեպ խորհրդաժողովն աչքի էր ընկնում մինչեւ այժմ այս տիպի խորհրդաժողովներին չնմանվող գործնականությամբ: Ե՛վ «Թուֆենկյան հիմնադրամի» ներկայացուցիչների, ե՛ւ ԼՂՀ կառավարության համատեղ մշակած առաջարկների փաթեթն էլ շատ հստակ էր ու հասկանալի, իսկ մասնակիցներից շատերն արդեն երկրորդ օրը գործնական առաջարկներ էին անում: Խորհրդաժողովի ավարտին «Թուֆենկյան հիմնադրամի» Արցախի ծրագրերի համակարգող Անդրանիկ Գասպարյանն արդեն կարողացավ տալ գործարարների եւ կազմակերպությունների անուններ, ովքեր պատրաստակամություն էին ստանձնել կոնկրետ ոլորտներ զարգացնելու կամ ներդրումներ անելու այս կամ այն ծրագրում:

Խորհրդաժողովի առաջին օրը ներկա էին եւ ելույթ ունեցան ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն ու «Թուֆենկյան հիմնադրամի» նախագահ Ջեյմս Թուֆենկյանը: Վերջինս, որ այս քանի տարին մի շարք հումանիտար ծրագրեր է իրականացրել Արցախում, անգլերենով բավական հուզիչ մի խոսք ասաց, որը հագեցած էր անկեղծությամբ եւ Քաշաթաղը զարգացած տեսնելու անկեղծ մղումով. «Ես չէի կարող պատերազմին մասնակցել, բայց կարող եմ օգնել, որ Քաշաթաղը զարգանա», իր անելիքի տարածքը ճշտեց նա: ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, հիշեցնելով Քաշաթաղի ռազմավարական տարածք լինելը, նկատեց. «Մենք պետք է ստեղծենք կայուն եւ մրցունակ տնտեսություն, բարձրացնենք բնակչության կենսամակարդակը, բարելավենք մարդկանց կենսապայմանները` դա է այսօրվա հրամայականը եւ դա են պահանջում մեր ազգային անվտանգության շահերը»: Նա նշեց այն ամենացավոտ խնդիրները, որոնք հետո առավել մանրամասն նկարագրվեցին ե՛ւ խորհրդաժողովում ներկայացված տեղեկանքում, ե՛ւ Քաշաթաղի վարչակազմի ղեկավար Էռնեստ Ղեւոնդյանի խոսքում: Տարբեր օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով առաջացած ժողովրդագրական բարդ իրավիճակ, պատերազմի հետեւանքների առկայություն, թույլ զարգացած ենթակառուցվածքներ, կառավարման ոլորտում տեղ գտած բացասական երեւույթներ, նաեւ վերաբնակեցման քաղաքականության ոչ ճիշտ իրականացում: Նա միաժամանակ տեղյակ պահեց, որ կառավարությունը մեծ ջանքեր է գործադրում շրջանում այնպիսի մթնոլորտ ձեւավորելու համար, որ գերակայեն օրինականությունը եւ ազգային շահերից բխող որոշումները. «Ուժեղ, զարգացած եւ վերաբնակեցված Քաշաթաղի առկայությունը կայուն նախադրյալներ կստեղծի ամրացնելու համար մեր դիրքերն ինչպես ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում, այնպես էլ ճակատային գծում` դարձնելով այն առավել պաշտպանված եւ անվտանգ»: Նա հեռանկարային անվանեց գյուղատնտեսությունն ու էներգետիկ ոլորտը, անասնապահությունը: Ջրառատ, համարյա 22 000 հա վարելահող ունեցող տարածքում տարբեր մշակաբույսերից կարելի է շատ բարձր բերքատվություն ապահովել, խոստումնալից կարող է լինել ձկնաբուծությունը, հիդրոէներգետիկան զարգացնել` միայն թե զարգացած ոռոգման եւ խմելու ջրի ցանց ստեղծվի եւ ճանապարհները նորոգվեն: Հրատապ են փոքր ձեռնարկությունների ստեղծումը, առողջապահական հիմնարկների կառուցումը, դպրոցների նորոգումը, բնակարանաշինությունն ու առկա բնակֆոնդի նորոգումը: Վարչական կենտրոն Բերձորում ժամանակակից ավտոկայանի եւ շուկայի կառուցումը կնպաստեն քաղաքը խաչվող ճանապարհների տրանսպորտային կենտրոն դարձնել, անգամ խորհրդաժողովի մասնակիցներից մեկը հնարավոր համարեց Բերձորը Գորիսին եւ Ստեփանակերտին համարժեք քաղաք դարձնելը:

Քաշաթաղի պրոբլեմների եւ զարգացման հեռանկարների մասին մենք ավելի մանրամասն կներկայացնենք հաջորդ համարում, այժմ միայն Անդրանիկ Գասպարյանի` խորհրդաժողովի արդյունքները գնահատող խոսքից մեջբերենք: Ըստ նրա` խորհրդաժողովի հիմնական երկու նպատակներն էին խնդիրը տեղ հասցնել եւ խոստումներ ստանալ գործարարներից եւ կազմակերպություններից փաթեթում առաջարկվող 4 մեծ ոլորտների 20 ծրագրերի վերաբերյալ: Այդպիսի մի քանի խոստում արդեն ստացվել էին, բացի այդ` բոլոր մասնակիցները փաթեթները վերցրին մտմտալու եւ իրենց ընկերներին եւս առաջարկելու մտմտալ ծարագրերին աջակցելու վերաբերյալ: Հիմնական խոստումներից մեկը ստացվել է «Ծառուկյան հիմնադրամից», որի ներկայացուցիչները ցանկություն են հայտնել ենթակառուցվածքային խոշոր որեւէ ծրագրի մասնակիցը դառնալ (կամ ճանապարհաշինություն, կամ ջրի ոռոգման, կամ խմելու ջրի համակարգի ստեղծում): Գյուղատնտեսական աշխատանքային խմբում մոտ 300 հազ. դոլարանոց ներդրման խոստում է եղել սփյուռքի գործարարներից, որով պետք է ստեղծվեն գինու, հյութերի եւ գյուղմթերքի վերամշակման գործարարներ Քաշաթաղի հարավային հատվածում այժմ ուժեղացվող Իշխանաձոր գյուղի շրջակայքում: Մի ուրիշ առաջարկով 200 հազ. դոլար ներդրվելու է Քաշաթաղի հարավում, Արաքսի ափամերձ տարածքներում խաղողի այգիներ տնկելու համար: Վերջին երկու առաջարկները արդեն կսկսեն իրականացվել ապրիլի վերջին, մայիսի սկզբին:

Ի դեպ, ՀԲԸՄ հայաստանյան գրասենյակի ղեկավար Աշոտ Ղազարյանը դեռ խորհրդաժողովի առաջին օրն առաջարկ հնչեցրեց Քաշաթաղի զարգացման ծրագիրն իրականություն դարձնելու համար հատուկ տելեթոն կազմակերպել:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4