«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#60, 2008-03-29 | #61, 2008-04-01 | #62, 2008-04-02


«ԻՆՔՆԱՎԵՐԱՀՍԿՈՒՄԸ ԵԹԵ ԿՈՐՑՐԵՑԻՐ, ԲՌՆՑՔԱՄԱՐՏԸ ՊԻՏԻ ԹՈՂՆԵՍ»

Մարտի 29-ին գերմանական Քիլ քաղաքում ջունգլիների սեւամորթ առյուծինՙ Էլվին Այալային գետնեց 26 անգամ իր անպարտելիությունն ապացուցած Արթուր արքան: Սա գերմանական լրատվամիջոցներից մեկի ձեւակերպումն է, որ հիշողությանս մաղին քամվել-մնացել էՙ երկու տասնյակից ավելի հրապարակումների ընթերցանության արդյունքում: Արժեր դրանցից գոնե մի քանիսին անդրադառնալ, բայց... գերմանական թերթերիՙ սպորտային ընդարձակ տարածքը մենք չունենք, ուստի «Ազգ» թերթի մարզական էջի շնչահեղձ վիճակը մտաբերելովՙ մեր կարդացածն ավելի շուտ հարց դարձրած ուղղենք IBF վարկածով միջին քաշայինների աշխարհի չեմպիոնության գոտին 7 անգամ պաշտպանած Արթուր Աբրահամին, ով մարտի 31-ին բժշկի, թե օդանավակայանի սպասասրահում, այդուհանդերձ, ժամանակ գտավ պատասխանելու մեր չսպառվող հարցերին:

- Արթուր, ինչպե՞ս կգնահատեք Ձեր վերջին ելույթը: Մի կողմից կարծիք կա, թե կարող էիք նոկաուտի ավելի շուտ հասնել, բայց երկարաձգեցիք պահը, որ հանդիսասրահը խաղը «վայելելու» առիթն ունենա, մյուս կողմից էլՙ ասում են, թե ամբողջովին կենտրոնացած եք ԱՄՆ-ում Ձեր ապագա մրցելույթների վրա, այդ է պատճառը, որ միայն 12-րդ ռաունդում, այն էլ խաղավարտից 28 վայրկյան առաջ Ձեզ հաջողվեց հաղթել:

- Երկու տարբերակն էլ ճիշտ չէ: Ինչպե՞ս կարող եմ հանդիսասրահի համար խաղը երկարաձգել. ո՛չ երկարացնում եմ, ո՛չ էլ կարճացնում: Դիմացս կանգնածը մարդ է, հակառակորդ, որ ուզում է չեմպիոնական գոտին խլել: Պիտի ուշադիր լինես, երբ ստեղծվում է հնարավորությունը, ձեռքիցդ բաց չպիտի թողնես: Բոլոր խաղերն էլ ինձ համար կարեւոր են: Հետո եթե Քիլում չհաղթեի, Ամերիկա գնալն էլ կմոռանայի:

- Ռինգում ուրի՞շ մարդ եք դառնում: Բոլոր լուսանկարներում Ձեր աչքերը լի են բարությամբ, մրցամարտի ժամանակ, կարծում եմ, դրանք ուրիշ արտահայտություն ունեն:

- Նորմալ է: Դիմացինդ հակառակորդ է, ուրիշ մարդ պիտի դառնաս: Բայց իհարկե նշանակություն ունի, թե մինչեւ ռինգ դուրս գալը մրցակիցն իրեն ինչպես է պահել: Եթե շատ ամբարտավան է եղել, պիտի զգույշ լինես, որ չարությամբ չլցվես, չմոլորվես, հոսանքի տակ չընկնես: Ինքնավերահսկումը չի կարելի կորցնել, թե չէ բռնցքամարտը պիտի թողնես:

- Ձեր դեմքը շա՞տ է վնասվել:

- Ոչ, մի քիչ այտուցվել է:

- Իսկ ծնո՞տը: Պլատինե թիթեղները դեռ չե՞ք հեռացրել: Հարցազրույցներից մեկում ասում եքՙ այնքան պինդ է, որ կարող եք ընկույզ կոտրել:

- Ճիշտ է: Պլատինե թիթեղները չեմ զգում: Եթե հանեմ, երկու-երեք ամիս պիտի դրանցով զբաղվեմ, հիմա ժամանակ չունեմ:

- Հնարավո՞ր է, որ Ձեր քաշային կարգը փոխվի: Ասում ենՙ Դուք լուրջ խնդիրներ եք ունենում Ձեր քաշը պահպանելու հարցում: Խիստ դիետան է փրկում:

- Ամեն անգամ 5-6 կգ կորցնում եմ: Իհարկե դիետա պիտի անեմ, հո ամեն օր խորոված- քյաբաբ չե՞մ ուտելու: Ճիշտ սնվելըՙ սալաթները, տարբեր բույսերի թեյերը շատ են օգնում: Մինչեւ սուպերչեմպիոն չդառնամ, քաշային կարգս չեմ փոխի:

- Մեծ կարիերան առանց զոհողությունների չի լինում: Դուք ինչի՞ց եք հրաժարվում: Մի անգամ ասացիքՙ ռոբոտի կյանքով եք ապրում:

- Ռոբոտ ասելով նկատի ունեմ այն, որ անձնական հարցերով զբաղվելու ժամանակ չկա: Սպորտսմենը ժամանակ չունի ոչ դիսկոտեկ գնալու, ոչ անքուն մնալու, ոչ շփվելու: Ուտելըՙ չափավոր, չեմ ծխում, չեմ խմում:

- 26 մրցելույթ ուՙ անպարտելի: Ինչպիսի՞ զգացողություն է սա:

- Մեծ ճնշում է: Ամեն անգամ պիտի ապացուցես, որ անպարտելի ես: 100 անգամ էլ հաղթես, մի անգամ պարտվեցիրՙ վերջ: Ամեն անգամ ավելի խելացի պիտի լինես:

- Գերմանական շատ լրատվամիջոցներ այսպես արձանագրեցինՙ հրաժեշտ Գերմանիային, ողջույն ԱՄՆ-ին: Ուրեմն ի՛նչ սովորեցրեց գերմանական միջավայրը Ավետիք Աբրահամյանին:

- Նախՙ հրաժեշտ չկա: Մեկումեջ Ամերիկայում կլինեմ, բայց Գերմանիա եմ վերադառնալու: Մի երկիր, որ ինձ չեմպիոն դարձրեց: Սովորեցրեց կարգապահություն, կարգուկանոն, նաեւՙ որ մարդ դժվար իրադրություններում պիտի պայքարի:

- Ապրիլի 30-ին Շվերինում ֆիլմարվեստի փառատոնի շրջանակներում 94 րոպեանոց վավերագրական ֆիլմ է ներկայացվելու Արթուր Աբրահամի մասին: Մայիսի 15-ից այն ցուցադրվելու է նաեւ Գերմանիայի կինոէկրաններին: Ասում ենՙ ֆիլմում Ձեր ու Ձեր մարզչի մեծ ու փոքր վեճերն են: Դուք նո՞ր մենեջեր, նո՞ր մարզիչ եք ունենալու: Վեգների մասին ասում եքՙ դիկտատոր է:

- Ոչ, նույնն են մնալու: Վեգներից լավ մարզիչ կա՞: Ճիշտ էՙ դիկտատոր է. իր ասածն օրենք է:

- Հունիսի 21-ին Նյու Յորքում ո՞վ է լինելու Ձեր առաջին մրցակիցը: Ձեր մենեջերի ասելովՙ կպարզվի 3-4 օրից: Պավլիկը չի լինի, նրա հետ հանդիպումը տարեվերջին է նախատեսված, բայց «Բեռլինյան կուրիերը» շահարկում է նաեւ Էդիսոն Միրանդայի անունը ու գրում, թե Աբրահամի համարՙ վրեժ լուծելու, ամերիկացիների համարՙ դիտարժան շոուի լավ առիթ:

- Երեւի Միրանդան կլինի, ու վրեժս կլուծեմՙ ամեն ինչ կանեմՙ բոլոր ուժերս ցույց տալու համար:

- Սեպտեմբերին Գերմանիայում պաշտպանելու եք Ձեր IBF գոտին: Սեբաստիան Սիլվեստրն է լինելու Ձեր մրցակիցը: Կարծիք կա, թե նա թույլ է:

- Երբ խոսքը աշխարհի չեմպիոնության մասին է, թույլ մրցակից չկա:

- Մարզիչ Վեգների հետ աշխատում եք Ձեր ձախ ձեռքն ուժեղացնել: Վերջին մրցամարտում ձախով հաղթեցիք:

- Ճիշտ է: Դրա վրա աշխատում ենք:

- Ձեր աջի հարվածի ուժը 380 կգ է, իսկ Ձեր եղբորըՙ Ալեքսանդրինը ավելի ծանր է, բայց նա աշխարհի չեմպիոն չէ:

- Ալեքսանդրինը 80 կգ-ով ավելի ուժեղ է իմ հարվածից: Մոտակա 1,5 տարում ինքն էլ կհասնի աշխարհի չեմպիոնի մակարդակին:

- Հնարավո՞ր է, որ Ձեր խաղաոճը փոխվի Ամերիկայում:

- Դժվար:

- «Օսկար դե լա Հոյա, Քելլի Պավլիկ, Ջերմեյն Թեյլոր, բոլորին կհաղթեմ», հայտարարել եք Դուք: «Վելթը» գրել էր, թե Արթուր արքան հիմա էլ Ամերիկան է կառավարելու, իսկ տեղի աստղերին ահ ու սարսափն է պատելու:

- Ահ ու սարսափ չէ, բայց վտանգ սպառնում է:

- Գերմանիայում Ձեր մրցելույթին սպասում են, 10 հազար նստատեղ ունեցող, լեփ-լեցուն արենայում երկրպագուների հսկայական բանակը «Արթուր» է վանկարկում, ԱՄՆ-ում առանց այդ բանակի դժվար չի՞ լինի:

- Չեմ կարծում, երկրպագուներ այնտեղ էլ կունենամ:

- Ամերիկյան բռնցքամարտի շոուի շուկան Ձեզ լավ ճանաչո՞ւմ է:

- Ոչ այդքան լավ, բայց մեկ անգամ ռինգ դուրս գամ, կճանաչեն:

- Թերթերից մեկն էր գրել, թե Աբրահամը 40 տարեկանում 40 միլիոն է ուզում ունենալ: Ու հետո էլ ակնարկել էր Ձեր օտարերկրացի լինելու հանգամանքը: Բայց Ձեր եկամուտները Գերմանիայում նաեւ բարեգործական նպատակների են ուղղվում: Վերջին մրցամարտի ձեռնոցը միշտ աճուրդի եք դնում ու գումարն ուղղում քաղցկեղով հիվանդ երեխաների բուժմանը: Հայաստանին շատ եք կապված, այնտեղ բարեգործական ծրագրեր իրականացնելու ցանկությո՞ւն, թե ժամանա՞կ չկա:

- Նախՙ նման բան չեմ ասել: Բայցՙ աշխատում եմ, հետեւաբար ուզում եմ նաեւ փող ունենալ: Ինչ վերաբերում է Հայաստանում նման ծրագրեր իրականացնելուն, դեռ կոնկրետ չէ: Եթե մի բան ձեռնարկում եմ, ուզում եմ լավ անել, բայց դրա համար դեռ ժամանակ չկա:

- Նյու Յորքում դեռ չեք եղել, բայց այս քաղաքի հետ են կարծես կապվում Ձեր երազանքները:

- Իսկապես: Բռնցքամարտի լեգենդներն այնտեղ են:

- Ուզո՞ւմ եք լեգենդ դառնալ:

- Ես չէ, ժողովուրդն է որոշում:

- Ձեր թարմացված կայքէջից տեղեկացաՙ Արթուր Աբրահամ անվանյալ կոնյակ, բազկաթոռ, նորաձեւության հավաքածու կա: Ինձ միայն վերջինն է հասկանալի:

- Ովքեր արձանագրվեն, անդամակցության քարտ կստանան ու կարող են պատվիրել ու ստանալ այդ ապրանքները: Գումար վաստակելու միջոց չէ, պարզապես երկրպագուները նման բաներ սիրում են: Կոնյակը Երեւանի կոնյակի գործարանի արտադրանքն է, չի թույլատրված Գերմանիայում վաճառել, 5 աստղանի է, 15 տարվա հնության: Իսկ աթոռը թագավորական է, վրան մակագրություն կա ՙ King Arthur Abraham, համարակալված են, ընդամենը 100 հատ կա:

- Աշխարհի չեմպիոնի համար տարվա մեջ 4 խաղը շա՞տ է:

- Շատ է: Գերլարված ես աշխատում, բայց պատրաստ եմ դրան:

- «Ֆրանկֆուրտեր ռունդշաուն» գրել էր, թե 4-5 տարի հետո հրաժեշտ եք տալու մեծ ռինգին, մարզչական կարիերա՞ն եք նախընտրելու:

- 5 տարի հետո հրաժեշտ տալու եմ, բայց դժվար մարզիչ դառնամ:

- Մի քանի ամիս առաջ մարզում էիք Գերմանիայի գեղեցկուհիներին: Մամուլում խոստովանել էիք, որ դա ավելի դժվար գործ է, քան ռինգ դուրս գալը:

- Ճիշտ եմ ասել, ավելի դժվար էր: Այդպիսի առիթներ շատ են լինում, կամքի մեծ ուժ է պետք, զսպվածություն:

- Նույնիսկ Ֆրանսիայի նախագահ Սարկոզին չդիմացավ գայթակղությանըՙ ամուսնացավ գեղեցկուհի Բրունիի հետ: Աբրահամին նման փորձություն չի՞ սպառնում:

- Գերմանացի գեղեցկուհու հետՙ ոչ: Ասել եմ հայ ընտանիքի աղջկա հետ եմ ամուսնանալու, արդեն ունեմ իմ ընտրածըՙ սեւ մազերով, սիրուն աչքերով:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4