«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#63, 2008-04-03 | #64, 2008-04-04 | #65, 2008-04-05


ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎԱԾ ՄԻ ՔԱՆԻ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ 20-ՐԴ ԴԱՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՈՒՐՎԱԳԾԵՐ

ԳԵՎՈՐԳ ՅԱԶԸՃՅԱՆ

Հայկական հայրենադարձությունն անմիջականորեն առնչվում է մի խումբ հասկացությունների հետ, որոնք հայկական հասարակական-քաղաքական եւ պատմագիտական մտքում առ այսօր չունեն վերջնական, հստակ սահմանումներ: Ստեղծվել է ահավոր մի շփոթ այնպիսի կարեւորագույն հասկացությունների շուրջ, ինչպիսիք են «Հայրենիքը», «սփյուռքը», «Հայ դատը», «հայկական ինքնությունը», «հայապահպանումը», «արտագաղթը»: Այսպես, օրինակ, եղել են կամ այսօր էլ հանդիպում են «մեծ հայրենիք», «փոքր հայրենիք», «միակ հայրենիք». «զույգ հայրենիք», «երկու հայրենիք», «երկրորդ հայրենիք», «նոր հայրենիք», «վերջին հայրենիք», «վերջնական հայրենիք», «նախնիների հայրենիք», եւ այլ հասկացություններ: «Հայրենիք» հասկացությունը հաճախ նույնացվում է «ծննդավայր», «աշխատավայր», «կեցության հիմնական վայր», «քաղաքացիության երկիր» եւ այլ իմաստների հետ: Շփոթ կա նույնինքն «հայրենադարձություն» հասկացության մեկնաբանման մեջ, որի պատճառը հենց «Հայոց հայրենիք» սահմանման ամենատարբեր մեկնաբանումներն են: Այսպես, պատմական գիտությունների դոկտոր Հակոբ Հակոբյանը գտնում է, որ հայրենադարձությունն ու ներգաղթը տարբեր հասկացություններ են (այս խնդրին նա նվիրել է մի ամբողջ մենագրություն): Ըստ նրա, ծագումով արեւմտահայերի եւ կիլիկահայերի վերադարձը Խորհրդային Հայաստան կամ Հայաստանի Հանրապետություն` հայրենադարձություն չէ, այլ` ներգաղթ: Հայրենադարձություն կլիներ եթե նրանք վերադառնային այն վայրերը, որոնցից բռնագաղթի են ենթարկվել են նրանց նախնիները: Մի խոսքով` հայոց մեկ, միասնական եւ անփոխարինելի հայրենիքի` Հայկական լեռնաշխարհի գաղափարը փոխարինվում է նախնիների բնօրրաններով:

Սփյուռքահայ եւ հայրենաբնակ որոշ գործիչներ տարբեր կերպ են հասկանում «Սփյուռքը»: Այսպես, Վարդան Մատթեոսյանի համար, Սփյուռքն սկսում է 1950-ական թվականներին միայն, իսկ Գեւորգ Բարդակչյանը «Սփյուռք» (Diaspora) հասկացությունը սխալ է համարում` առաջարկելով «Ցրվում» (Dispersion) եզրը: Որոշ հեղինակներ էլ ավելի անդին են գնում, եզրակացնելով, թե հայությունն այսօր, փաստորեն, բաղկացած է երկու ազգերից...

Նմանօրինակ շփոթ է առաջացած «Հայ դատ» հասկացության տարբեր սահմանումների հետեւանքով: Մինչ շատ շատեր «Հայ դատը» հասկանում են Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը, ոմանք նաեւ` դրան իբր հետեւելիք հատուցումները, ուրիշներ (ՀՅԴ, նախկին ԱՍԱԼԱ-ականներ եւ այլն) գտնում են, որ «Հայ դատ» հասկացության անբաժան մասն է կազմում հայրենադարձությունը, ավելի ճիշտ` ազգահավաքը հայրենի հողի վրա:

Հայկական մտքի սխալներից մեկն է 20-րդ դարի հայրենադարձությունները սահմանափակել միայն ԽՍՀՄից դուրս գտնվող երկրներից հայերի վերադարձով: Սա հետեւանքն է «մեծ հայրենիք» (ԽՍՀՄ) եւ «փոքր հայրենիք» (Խորհրդային Հայաստան) հասկացությունների ստեղծած շփոթին: Այս խայծը կուլ տալով, հայ պատմագիտությունը պաշտոնական տեսակետ է դարձրել այն, որ խորհրդային ժամանակաշրջանում ոչ միշտ է եղել հայրենադարձություն, այնինչ գտնում ենք, որ այդ երեւույթը շարունակվել է անխափան, թեեւ պարբերաբար եղել են հայրենադարձության մեծ ալիքներ` կապված ոչ խորհրդային երկրներից կատարված հայրենադարձությունների հետ:

Հայ պատմագիտության ուրիշ սխալներից է հայոց հայրենիքի մի մասից մի այլ մաս տեղափոխումը հայրենադարձություն համարելը: Այս սխալը հաճախ է հանդիպում 1828թ. Թուրքմենչայի պայմանագրի կնքումից հետո Պարսկահայքից այսօրվա ՀՀ եւ ԼՂՀ տարածք տեղափոխված հայերի մասին պատմագիտական աշխատություններում:

Մեկ ուրիշ սխալ է հայապահպանման գործում Հայրենիք վերադարձի գաղափարի արհամարհումը կամ անտեսումը, նույնիսկ Հայրենիքի գործոնի վճռորոշ նշանակությունը այս խնդրում: Օրինակի համար, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Հայր Լեւոն Զեքիյանի համաձայն, նույնիսկ վտանգավոր է հայերի մեկտեղումը «իրադրական մի կենտրոնում» (նա նկատի ունի այսօրվա Հայաստանի Հանրապետությունը), քանի որ բնական կամ տեխնոլոգիական աղետի պարագայում, ամբողջ ազգի վերացման վտանգ է սպառնում: Հայոց հայրենիքից դուրս հայ ազգի պահպանումը գերիվեր խնդիր են համարում նաեւ սփյուռքում հանրահայտ գիտնականններ Խաչիկ Թեոլեոլյանը, Խաչիկ Տեր-Ղուկասյանը, Վարդան Մատթեոսյանը, Գրիգոր Պլըտյանը, Ռազմիկ Փանոսյանը, Արա Սանճյանը եւ ուրիշներ:

Հետեւաբար, հայրենադարձության թեմայի ուսումնասիրությունը անհրաժեշտ է կատարել վերոհիշյալ եւ հարակից հասկացությունների ուսումնասիրության ու դրանց սահմանումների վերջնական հստակեցման համատեքստում: Այլապես, աշխատանքը կլինի թերի եւ հղի հետագա բարդություններով: Մեր կարծիքով, այսպիսի շփոթն ու սոցիալ հոգեբանական ու մասնավորաբար էթնոհոգեբանական առանձնահատկությունների ոչ պատշաճ հաշվառումը մեծապես պայմանավորեցին 1946-1949 թթ. Մեծ հայրենադարձության ոչ այնքան բարեհաջող արդյունքը:

***

Կարելի է ասել, որ 20-րդ դարում հայոց հայրենադարձության թեման հայ պատմագիտության մեջ ընդհանրապես չի ուսումնասիրվել: Որոշ վերապահությամբ` կարելի է բացառել Հովիկ Միլիքսեթյանի 1985-ին Երեւանում հրատարակված «Հայրենիք-սփյուռք առնչությունները եւ հայրենադարձությունը 1920-1980 թթ.» մենագրությունը: Վերջինս, հասկանալի պատճառներով, չէր կարող օբյեկտիվ լինել: Ներկայացված են հայրենադարձության երեւույթի դրական կողմերը միայն, այնինչ հատկապես 1946-1949 թթ. հայրենադարձները այնպես էլ չկարողացան լիովին մերվել նոր միջավայրին, որի դրսեւորումն եղավ «ախպար» հեգնական երանգն ունեցող ենթաէթնիկ խմբի առաջացումը: Հայաստանցի ազգաբանների եւ ազգագրագետների վերջին հրապարակումներում բազմաթիվ անդրադարձներ կան այս խմբի էթնոհոգեբանական եւ սոցիալ հոգեբանական բարդույթների մասին: Այնուհանդերձ, չուսումնասիրված է մնում մի շատ կարեւոր կողմ եւս. այս ենթաէթնիկ խմբի ողբերգությունը խորացել էր նաեւ այն պատճառով, որ նրա անդամների մեծագույն մասը, նոր միջավայրում խորթ մնացած լինելու իրողության հարցում այդպես էլ չհասկացված մնաց հենց իրենց` արտասահմանում մնացած հարազատների ու բարեկամների համար: Հիշյալ շրջանակները մեծ մասամբ սվիններով դիմավորեցին հետագայում արտագաղթած հայրենադարձներին, ինչը էլ ավելի օտարեց նրանց` հայկական միջավայրից, արագացնելով նրանց ձուլումը արեւմտյան երկրներում (հոգեբանական այս բարդագույն երեւույթների ուսումնասիրման հիանալի աղբյուր են 1966-1970 թթ. հայրենադարձ, ապա Լիբանան արտագաղթած Սիմոն Հովիվյանի «Սրտբաց խոստովանութիւններ եւ զգաստութեան հրաւէր արտասահմանի իմ եղբայրներուս եւ քոյրերուս» գիրքը, վերջին տարիներին Երեւանում լույս տեսած` 1946-ին հայրենադարձված գրող եւ թարգմանիչ Կարպիս Սուրենյանի եւ 1962-ին հայրենադարձված ժողովրդական նկարիչ Հակոբ Հակոբյանի խոհագրություն-հուշագրքերում մտորումները:

***

Հետեղեռնյան ժամանակաշրջանում առաջին զանգվածային հայրենադարձությունը եղել է 1919 թվականին` Հայաստանի առաջին Հանրապետության տարիներին: Հայ պատմագրության մեջ ընդհանրապես անտեսված է այս փաստը, եւ համատարած է այն թյուր կարծիքը, թե հայրենադարձությունն սկսվել է խորհրդային իշխանության առաջին տարիներին:

Խորհրդային ժամանակաշրջանում առաջին զանգվածային հայրենադարձությունը եղել է 1921-ի դեկտեմբերին` Իրաքի Նահր Օմար գաղթակայանից` Բաթումիի վրայով: Մինչեւ 1931-ը, հայրենադարձությամբ զբաղվող պետական հատուկ մարմին գոյություն չուներ Խ. Հայաստանում: Այդ գործի կազմակերպումը դրվել էր 1921-ին իշխանությունների ստեղծած Հայաստանի օգնության կոմիտեի (ՀՕԿ) վրա, որը անվանապես հասարակական կառույց էր: Հայրենադարձությունները կարգավորվում էին կառավարական որոշումներով: Մինչեւ Խորհրդային Միության փլուզումը, այդպես էլ օրենք չընդունվեց հայրենադարձության մասին, եւ այդ գործընթացները կարգավորվում էին Կենտրոնի` Մոսկվայի հետ Հայաստանի Կոմկուսի կենտկոմի եւ կառավարության համաձայնեցրած որոշումներով: Այդուհանդերձ, հայրենադարձության կազմակերպման, հայրենադարձների բնակարանով եւ աշխատանքով ապահովման համար 1931-ի օգոստոսի 10-ին, կառավարական որոշումով հիմնվեց «Արտասահմանյան հայերի ընդունման եւ տեղավորման պետական կոմիտեն», որն առավել ծանոթ է «Ներգաղթի կոմիտե» անունով (վերակազմակերպվեց ԽՍՀՄ Ժողկոմխորհի 1945-ի նոյեմբերի 21-ի որոշման 2-րդ կետով): Այս պետական մարմինն էր զբաղվում այդ կոնկրետ հարցերով: Սակայն, հայրենադարձության առնչված հարցերով զբաղվում էին նաեւ Պետական անվտանգության կոմիտեն, Հայաստանի Կոմկուսի կենտկոմը, «Արտասահմանյան երկրների հետ բարեկամության եւ մշակութային կապերի կոմիտեն» (ԱՕԿՍ), 1964-ին հիմնված «Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեն» (Սփյուռքի կոմիտե): Արտասահմանում, հայրենադարձության աշխատանքների հիմնական ֆինանսավորողն էր Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ): Հայրենադարձությանն օժանդակում էին առաջադիմական համարվող կուսակցություններն ու հասարակական կազմակերպությունները` Սոցիալ դեմոկրատ հնչակյան կուսակցությունը, Ռամկավար ազատական կուսակցությունը, արտասահմանյան երկրների կոմկուսների հայկական հատվածները եւ այլն:

***

20-րդ դարի զանգվածային հայրենադարձությունները կարելի է հետեւյալ կերպ պարբերացնել.

1. - 1920-1930-ական թվականներ .- Ինչպես նշեցինք, խորհրդային ժամանակաշրջանում հայրենադարձության առաջին կարավանը եղել է 1921-ի դեկտեմբերին, վերջինը` 1936-ին: Նույն տարվա հուլիսի 21-ին Մոսկվան, հանձինս Համկ/բ/Կ Կենտկոմի առաջին քարտուղար Ի. Ստալինի եւ ԽՍՀՄ Ժողկոմխորհի նախագահ Վ. Մոլոտովի, ընդունեց աննախադեպ մի որոշում` «Ներգաղթող հայերին Հայկական ԽՍՀում տեղավորելու միջոցառումների մասին»: Սակայն, 1930-ական թթ. երկրորդ կեսին Խորհրդային Միության մեջ ծավալված բռնությունների հերթական ալիքի պատճառով, արտասահմանյան երկրներից Խ. Հայաստան հայրենադարձությունը կանգ առավ: Մյուս կողմից, Խ. Հայաստանն էլ պատրաստ չէր մեծաքանակ հայրենադարձներ ընդունելու եւ նրանց համար տանելի կենսապայմաններ ապահովելու:

Այս տարիներին հայրենադարձվեց շուրջ 77 հազար հայ:

2.- 1946-1949 թթ. կամ Մեծ հայրենադարձությունը .- Երկրորդ աշխարհամարտի ընթացքում եւ նրա ավարտին, Խորհրդային Միությունը պահանջ դրեց վերանայել 1920-ականների սկզբին հաստատված խորհրդային-թուրքական սահմանագիծը եւ որոշ հողեր վերադարձնել Խորհրդային Հայաստանին ու Խորհրդային Վրաստանին: Այս նպատակի իրագործմանը ծառայելու էր Մեծ հայրենադարձությունը: Անշուշտ, կային նաեւ այլ նպատակներ, ինչպես որոշ չափով բարելավել պատերազմի պատճառով վատթարացած ժողովրդագրական վիճակը Խ. Հայաստանում: Միջազգային նոր իրադրության, մասնավորաբար Տրումենի դոկտրինի պատճառով թեեւ Ստալինը չկարողացավ իրականացնել սահմանների սրբագրման իր մտահղացումը, այդուհանդերձ, հետպատերազմյան տարիներին հայրենադարձվեց շուրջ 90 հազար հայ: Այս հայրենադարձության համար Ստալինը, որպես ԽՍՀՄ Ժողկոմխորհի նախագահ, 1945-ի նոյեմբերի 21-ին հրամանագրեց արտասահմանից հայերի հայրենադարձության կազմակերպումը: Հայրենադարձության այս ալիքը եւս կանգ առավ հիմնականում նույն` Խորհրդային Միության մեջ ծավալված բռնությունների հերթական ալիքի պատճառով: Նոր հայրենադարձներից հազարներ հայտնվեցին Ալթայի աքսորավայրերում:

Ի տարբերություն 1920-30-ականների հայրենադարձների, 1946-49 թթ. հայրենադարձները չկարողացան համարկվել (ինտեգրվել) խորհրդահայ հասարակությանը, եւ մինչեւ Միության փլուզումը մնացին զգալիորեն մեկուսացված կամ ինքնամեկուսացած, երկրորդ կարգի քաղաքացի, պետության համար անբարեհույս տարր: Քաղաքական, սոցիալական, կենցաղային եւ կյանքի մյուս ոլորտներում խտրականությունը ազգի այս խմբին օտարեց իր հայրենիքից: Ծայր առան փախուստների փորձերն ու փախուստները, նույնիսկ Թուրքիայի ճանապարհով: 1960-ականներին սկսվեց հակառակ ուղղությամբ զանգվածային շարժումը` արտագաղթը, որը հատկապես ուժեղացավ Խ. Միության 1975-ին ստորագրած Հելսինկիի հռչակագրի ընդունումից հետո: Արտագաղթի շարժումը վարակեց նաեւ տեղաբնակ (ոչ հայրենադարձ) տարրին` այդպիսով նոր շերտեր ավելացնելով դասական սփյուռքի առանց այն էլ խայտաբղետ սոցիալ հոգեբանական կազմում:

3.- 1960-ական թվականներ .- Եթե նախորդ երկու փուլերում հայրենադարձությունը կատարվում էր նաեւ արեւմտյան երկրներից, այս երրորդ փուլն առանձնանում է իր արեւելյան ուղղվածությամբ: Հայրենադարձների համարյա բոլորը այս տարիներին գալիս էին ներքին եւ արտաքին ռազմական ու քաղաքական ցնցումներ ապրող մերձավորարեւելյան երկրներից` Իրան, Սիրիա, Եգիպտոս, Իրաք, Թուրքիա եւ այլն: 1970-ականների երկրոդ կեսին փոքրաքանակ հայրենադարձություն եղավ Լիբանանից, որին մղում էր երկրում 1975-ի ապրիլին սկսած քաղաքացիական պատերազմը:

Եթե հաշվի չառնենք 1979-ին իսլամական հեղափոխությունից հետո Իրանից Խ. Հայաստան հայրենադարձության աննշան ծավալը, կարելի է ասել, որ հայրենադարձությունն ընդհանրապես կանգ առավ 1980-ականներին, թեեւ «Ներգաղթի կոմիտեն» շարունակում էր անվանապես գոյություն ունենալ:

4.- 1988-1990 թթ .- Մի՞թե զանգվածային իսկական հայրենադարձություն չէր 1988-1990 թթ. Խորհրդային Ադրբեջանից հարյուր հազարավոր հայազգի անձանց հանգրվանումը Խ. Հայաստանում, որը հասարակության եւ պետության կողմից որպես այդպիսին չընկալվեց եւ դեռեւս շարունակում է չընկալվել: Ցավոք, ազգի այս հատվածը բնորոշվեց իբրեւ «փախստական»` նրանց նկատմամբ խտրականության որոշ դրսեւորումներով, որոնց շարքում` նրանց նկատմամբ նույնիսկ «թուրք» վիրավորական պիտակավորումով: Լեզվական, աշխարհայացքային, հոգեբանական եւ այլ զգալի տարբերությունների առկայության ու դրանց հաղթահարմանն ուղղված պետական լուրջ ծրագրերի չգոյության պատճառով, այս ենթաէթնիկ խումբը եւս հիմնականում չհամարկվեց ՀՀ հասարակությանը, եւ հնարավորության դեպքում, արտագաղթեց Ռուսաստան, ԱՄՆ ու այլ երկրներ:

5.- Անկախության ժամանակաշրջան .- Հայաստանի անկախության վերականգնումը վերացրեց խորհրդային ժամանակաշրջանում հայրենադարձներին ներկայացվող հիմնական պահանջը` հայրենադարձների հրաժարումը Դաշնակցությունից կամ այդ կուսակցությանը համակրելուց: 1990-ականների սկզբին ՀՅԴ-ն արտասահմանում հռչակեց «Դեպի Երկիր» կարգախոսը: Սակայն, կուսակցությունը չզբաղվեց հայրենադարձության կազմակերպմամբ: Հետեւաբար, Երկիր` Հայրենիք վերադարձողների քանակը չգերազանցեց մի քանի տասնյակ ընտանիքն ու լավագույն դեպքում, մեկ հարյուրյակ չամուսնացած երիտասարդները, որոնցից ոմանք մարտնչեցին արցախյան ռազմաճակատներում, եղան զոհեր:

90-ական թվականների երկրորդ կեսին ՀՀ կենսապայմանների բարելավումը, ներքաղաքական որոշակի կայունությունը, արտասահմանյան մի շարք երկրներում պատերազմներն ու ներքին եւ արտաքին աննպաստ պայմանները, համաշխարհայնացման հետեւանքով ձուլման ընթացքի արագացումը եւ այլ գործոններ նպաստեցին, որ 90-ականների կեսերից սփյուռքահայեր կայք հաստատեցին ՀՀում եւ նույնիսկ ԼՂՀում: Հայրենադարձության այդ գործընթացը հատկապես թափ ստացավ վերջին տարիներին` իսլամական արմատականության ուժեղացման հետ:

Մեր գնահատումներով, վերջին տասնամյակում ՀՀ եւ ԼՂՀ հայրենադարձված, ժամանակավոր (տարին մի քանի ամիս) կամ մշտապես ապրող սփյուռքահայերի քանակը հասնում է 10 հազարի:

***

Վերջին տասնամյակի հայրենադարձների փաստը, ինչպես նաեւ գաղթօջախներում հայրենադարձության գաղափարի օրե օր ժողովրդականացումը ՀՀ պետական մարմինների առաջ խնդիր են դնում օրենսդրորեն կանոնակարգել ազգային հույժ կարեւորություն ունեցող հայրենադարձության երեւույթը: Մեր կարծիքով, դրան անպայման պետք է նախորդի հետզհետե զանգվածային դարձող հայրենադարձության մերօրյա ալիքի համակողմանի, մասնավորաբար սոցիալ հոգեբանական, էթնոհոգեբանական կտրվածքներով ուսումնասիրությունը` երեւան հանելու նման ալիքի հավանական բացասական հետեւանքները, դրանք կանխելու կամ դրանց ազդեցությունը նվազեցնելու ուղղված միջոցառումներ նախաձեռնելու նպատակով:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4