«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#67, 2008-04-09 | #68, 2008-04-10 | #69, 2008-04-11


«ՎԻՐԱԺ ԼՈՋԻԿ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՊՀ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ

Կիսահաղորդչային արտադրության մտավոր սեփականության գործընկեր եւ բյուրեղային կողմնորոշումով մտավոր սեփականության նախաձեռնող «Վիրաժ լոջիկ» ընկերությունը այս շաբաթ հանդես է եկել TSMC-ի 40-նանոմետրանոց գործընթացների համար նախատեսված հիշողության կոմպիլյատորներ եւ տրամաբանական գրադարանների նոր արտադրանքով:

Ինչպես ավելի պարզ այս ամենը ներկայացրեց ընկերության հետազոտությունների եւ զարգացման գծով փոխնախագահ, գլխավոր տեխնիկ Ալեքս Շուբաթը երեկ հրավիրված ասուլիսում, այդ նոր արտադրանքի օգտագործման դեպքում չիպի 1 քառ մմ-ի վրա կարողանում են տեղավորել 1 մլն-ից ավելի տրանզիստորներ:

Սա կիրառվում է բջջային հեռախոսներում, էլեկտրոնային խաղերում, շարժական համակարգիչներում: Նման տեխնոլոգիաների օգնությամբ տարեց տարի հնարավոր է լինում մեծացնել տարբեր սարքավորումների հզորությունները` առանց չափերի փոփոխության:

Շուբաթի ներկայացմամբ, այս տեխնոլոգիական արտադրանքի համահեղինակ է նաեւ ընկերության հայաստանյան մասնաճյուղը, որն ունի 120-ից ավելի աշխատակից: Ընդհանուր առմամբ բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանը թվացող հեռանկարային երկիր լինելու համար կադրային լուրջ խնդիր ունի, ինչին Ալեքս Շուբաթն անդրադարձավ «Ազգի» խնդրանքով: Կադրերի հարցը լուրջ է նաեւ «Վիրաժ լոջիկի» պարագայում, քանի որ ընկերությունն իր տեսակի մեջ եզակի է Հայաստանում:

Այս նկատառումից ելնելով էլ ապրիլի 7-ին ԵՊՀ ռեկտոր Արա Սիմոնյանը եւ ընկերությունը ներկայացնող Ալեքս Շուբաթը ստորագրել են համագործակցության հիմք ստեղծելու փոխըմբռնման հուշագիր:

Հուշագրի համաձայն, «Վիրաժ լոջիկը» բուհի ուսանողների համար երկարաժամկետ եւ կարճաժամկետ դասընթացներ, գործնական պարապմունքներ եւ ուսանողների մասնագիտական աճին նպաստող այլ միջոցառումներ կկազմակերպի, կհովանավորի լավագույններին, կազմակերպության թափուր աշխատատեղերի մասին կտեղեկացնի վերջիններիս, իսկ պետհամալսարանը համագործակցություն կապահովի բուհի կարիերայի կենտրոնի եւ ընկերության միջեւ, ինչպես նաեւ կնպաստի վերոհիշյալ ծրագրերի իրականացմանը:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4