«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#70, 2008-04-12 | #71, 2008-04-15 | #72, 2008-04-16


ՄԱՐՏՅԱՆ ԴԵՊՔԵՐԻ ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԵԼԻՔՆ Է

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի երեկվա նիստում ի թիվս այլ հարցերի, քննարկման էր դրվել նաեւ 2007 թվականին մարդու իրավունքների առնչությամբ գործողությունների տարեկան զեկույցը, որ ներկայացրեց ԵԽ մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Թոմաս Համերբերգը:

Առանձին ասուլիսում Համերբերգը հայտարարեց, որ Եվրոպայի խորհուրդը Հայաստանի իշխանություններից հստակ պատասխան է ակնկալում, թե որքանով են ցանկանում համագործակցել ԵԽ-ի հետ մարտյան իրադարձությունների հետաքննության հարցում ԵԽ մասնակցության առումով: Ամենից առաջ Համերբերգը նկատի ուներ ԵԽ փորձագիտական մասնակցությունը:

Եվրոպայի խորհրդի առաջարկություններից մեկն էլ այս առնչությամբ եղել է Հայաստանում հետընտրական իրավիճակի ներքին, անկախ ու անկողմնակալ հետաքննության անցկացման անհրաժեշտության փաստումը: «Ես չեմ կարծում, որ միջազգային հանրությունը կարող է Հայաստանի իշխանություններին պարտադրել անցկացնելու նման հետաքննություն, բայց մենք կարող ենք առաջարկել, խորհուրդ տալ: Հայաստանի իշխանությունները պետք է հստակ որոշեն, թե ինչպիսի ներդրում են սպասում Եվրոպայի խորհրդից: Մենք կարող ենք տրամադրել փորձագիտական օգնություն», ասուլիսում հայտարարեց Համերբերգը:

Ինչ վերաբերում է մարտյան դեպքերից հետո ձերբակալվածներին ու կալանավորվածներին, ապա նրանց առնչությամբ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը ոչ մասնագիտական համարեց կարծիք հայտնելը, թե որեւէ մեկը բանտում է քաղաքական համոզմունքների համար, թե՞ ոչ: «Ձերբակալությունների ժամանակ դատախազների օգտագործած ձեւակերպումները հստակ չեն: Պետք է խուսափել այն իրավիճակներից, երբ հիմք չկա քրեական գործառնության համար»: Ամեն դեպքում, ԵԽ առաջարկությունը մնում է նույնը` բանտերում չպետք է լինեն քաղաքական համոզմունքների պատճառով ձերբակալված մարդիկ:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4