«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#71, 2008-04-15 | #72, 2008-04-16 | #73, 2008-04-17


ԹԵՐԻ ԴԵՎԻՍ. ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՑՐՈՒՄԸ ԿԼԻՆԻ ՈՒՐԱԽԱԼԻ ՄԻԱՅՆ, ԵՐԲ ԼՈՒԾՎԱԾ ԼԻՆԻ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱՐՑԸ

ԵԽ գլխավոր քարտուղարն առաջարկում է կողմերին հաճախ միասին սուրճ խմել

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը ԵԽԽՎ նստաշրջանի շրջանակներում հայ լրագրողների հետ հանդիպմանը Ստրասբուրգում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում միջնորդական առաքելություն իրականացնող ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության առնչությամբ հայտարարեց, որ Մինսկի խումբը բավականին ջանք է թափել` կարգավորման հարցում երկրներին օգնելու համար:

Անդրադառնալով Ադրբեջանի` Մինսկի խմբի ձեւաչափից հրաժարվելու առաջարկությանն ու դրա պատճառներին` Դեւիսը նշեց. «Ես չգիտեմ, թե ինչու է Ադրբեջանը փորձում դուրս գալ Մինսկի խմբի ձեւաչափից: Ես կարող եմ գուշակել, որ դա համբերության կորստի հետեւանք է: Բայց մենք բոլորս պետք է ավելի համբերատար լինենք»: «Ազգի» հարցին, թե ինչպես կարելի է գնահատել Ադրբեջանի այսօրինակ քայլը, Դեւիսը պատասխանեց, որ չի տեսել ու ծանոթ չէ ԵԱՀԿ Մինսկի խմբից հրաժարվելու ադրբեջանական առաջարկությանը: Ամեն դեպքում, կարելի է ուրախ լինել Մինսկի խումբը ցրելու համար այն ժամանակ, երբ ղարաբաղյան հակամարտությունը լուծված կլինի:

ԵԽ գլխավոր քարտուղարը դեռեւս երեկ առավոտյան տեղի ունեցած նախաճաշ-մամուլի ասուլիսում դատապարտել էր ադրբեջանական կողմից հնչող բռնությունների հայտարարությունները, հույս հայտնելով, որ լուծումը շուտով կգտնվի: Ընդ որում, ըստ Դեւիսի, ղարաբաղյան հակամարտության լուծումը կարող է գտնվել միայն սեղանի շուրջը եւ ոչ ռազմական ճանապարհով: ԵԽԽՎ-ում էլ ադրբեջանական կողմի հակահայկական հայտարարությունների` Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների վրա ազդեցության տեսանկյունից Թերի Դեւիսը գտնում է, որ ժողովրդավարությունը հնարավորություն է արտահայտելու իրենց տեսակետները:

Հիշատակելով, որ Եվրոպայի խորհրդին անդամակցության ժամանակ Հայաստանն աջակցեց Ադրբեջանին եւ հակառակը` Դեւիսը համոզմունք հայտնեց, թե հենց այդպիսին էլ պետք է լինեն հարաբերությունները, հատկապես չմոռանալով բիբլիական արտահայտությունը, որ պետք է տեսնել սեփական աչքի գերանը եւ ոչ ուրիշի աչքի փուշը: Մեկնաբանությանը, թե Ադրբեջանը փորձում է հայկական հարցերին ուշադրություն հրավիրելով շեղել ուշադրությունը իր սեփական խնդիրներից, Դեւիսը չհամաձայնեց, ընդգծելով, որ միմյանց քննադատելու փոխարեն ավելի օգտակար կլինի օգնել միմյանց: «Մարդիկ պետք է խոսեն միմյանց հետ եւ ոչ գոռան միմյանց վրա», եզրակացրեց Դեւիսը, հորդորելով, որ կողմերը միասին «հաց ուտեն, սուրճ խմեն»:

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարն անդրադարձավ ԵԽԽՎ այս նստաշրջանում բազմիցս քննարկված այնպիսի հարցի, ինչպիսին Հայաստանում «քաղբանտարկյալների» առկայության հարցադրումն է: Թերի Դեւիսի մոտեցմամբ, պետք է լինեն կոնկրետ օրինակներ, անուններ, որպեսզի խոսվի քաղաքական հայացքների համար բանտարկվածների մասին, մինչդեռ այդպիսիք ԵԽ գլխավոր քատուղարը չունի իր տրամադրության տակ: Դրա փոխարեն Թերի Դեւիսը մարտյան իրադարձությունների առնչությամբ հայտարարեց, որ դրանով Հայաստանի միջազգային իմիջը լրջորեն վնասվեց, ընդ որում, հետընտրական իրադարձությունների մեջ դիտորդների մեղավորության մասով էլ Դեւիսն ընդգծեց, որ համաձայն չէ այդօրինակ մոտեցմանը, հատկապես որ դիտորդները կատարել են իրենց աշխատանքը:

Հիշատակելով անցյալ տարի դեռեւս նոյեմբերին տարածաշրջան կատարած Թերի Դեւիսի այցելությունը` «Ազգը» հիշեցրեց Նախիջեւանում հայկական հուշարձաններին առնչվող իրավիճակը ուսումնասիրելու հատուկ առաքելություն ուղարկելու հենց ԵԽ գլխավոր քարտուղարի խոստումը: Դեւիսը նշեց, որ այդ հարցը կակտիվացվի մոտ ապագայում: Առաքելության հարցը չի բարձրացվել Հայաստանում ընտրությունների ընթացքում դրանց չխառնվելու համար: «Ազգի» հարցին, թե երբ կոնկրետ այդ առաքելությունը կայցելի Հայաստան, Դեւիսը նշեց, որ ժամկետ չի ասի, բայց դա կլինի շուտով: Արդյոք «շուտովը» նշանակո՞ւմ է մինչեւ հոկտեմբերին Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրություններ` Դեւիսը քանիցս կրկնեց. «Դա կլինի շատ շուտով»:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4