«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#71, 2008-04-15 | #72, 2008-04-16 | #73, 2008-04-17


ԴԱԼՈՒԶՅԱՆՆ ՈՒ ԱՎԴԱԼՅԱՆՆ ՈՒԺԵՂԱԳՈՒՅՆՆ ԵՆ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ

Իտալիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության հերթական օրը կանանց մրցաշարում մրցահարթակը տրամադրվել էր 63 եւ 69 կգ քաշային մարզուհիներին: Հայ մարզասերներն առանձնակի հետաքրքրությամբ էին սպասում Մելինե Դալուզյանի (63 կգ) եւ Նազիկ Ավդալյանի (69 կգ) ելույթներինՙ ակնկալելով նրանցից մեդալներ:

Մեր երկու մարզուհիներն էլ իրենց գերազանց դրսեւորեցին եւ մեկ երեկոյի ընթացքում 6 ոսկե մեդալ պարգեւեցին Հայաստանի հավաքականին: Դրա շնորհիվ մեր հավաքականը թիմային հաշվարկով գլխավորեց աղյուսակը: Եվրոպայի նախորդ առաջնության չեմպիոնուհի Մելինե Դալուզյանը լիովին արդարացրեց սպասելիքները եւ կրկին ուժեղագույնը ճանաչվեց: Մելինեն վերջինը մրցահարթակ դուրս եկավ եւ վստահ ելույթներով գերազանցեց իր հիմնական մրցակից, թուրք մարզուհի Սիբել Սիմսեկին` երկամարտում ցույց տալով 235կգ(107+128) արդյունք: Սիմսեկը երկամարտի 226կգ (105+121) արդյունքով դարձավ արծաթե մեդալակիր: Բրոնզե մեդալը բաժին հասավ բուլղարուհի Միլկա Մանեւային` 223կգ (100+123):

Վստահ հանդես եկավ նաեւ նախորդ առաջնության արծաթե մրցանակակիր Նազիկ Ավդալյանը: Արդեն առաջին վարժությունից հետո Նազիկը 106կգ արդյունքով ստանձնեց առաջատարի դերը` 3 կգ-ով գերազանցելով իր գլխավոր հակառակորդ, ռուսաստանցի Տատյանա Մատվեեւայի արդյունքը: Դա էլ վճռորոշ դեր խաղաց: Հրում վարժությունում երկու մարզուհիներն էլ ցույց տվեցին միեւնույն արդյունքը` 136 կգ: Այսպիսով, երկամարտի 242 կգ արդյունքով Նազիկ Ավդալյանը դարձավ Եվրոպայի չեմպիոնուհի: Հուսանք, որ այսօր նրանց հաղթարշավը կշարունակի նաեւ Հռիփսիմե Խուրշուդյանը:

Իսկ մինչ այդ չեմպիոնները որոշվել էին կանանց 53 եւ 58 կգ, տղամարդկանց 56 կգ քաշային կարգերում: Ինչպես տեղեկացրել էինք, 53 կգ քաշային կարգում Թեհմինա Կարապետյանը «B» խմբում լավագույն ցուցանիշն էր ցույց տվելՙ երկամարտում բարձրացնելով 172 կգ: Երբ իրենց մրցավեճն ավարտեցին քաշային այդ կարգում «A» խմբում ընդգրկված 10 մարզուհիները, պարզվեց, որ Կարապետյանը երկամարտում զբաղեցրել է 9-րդ տեղը 15 մասնակիցների մեջ: Ուժեղագույնների խմբում հանդես եկավ Լիանա Մանուկյանը: Պոկում վարժությունում Լիանան միայն առաջին փորձը հաջող կատարեցՙ բարձրացնելով 75 կգ: Իսկ ահա 80 կգ-անոց ծանրաձողը նրան երկու անգամ էլ չենթարկվեց: Հրում վարժությունում Մանուկյանը երկու հաջող մոտեցում կատարեց ու ցույց տվեց 100 կգ արդյունք: Այսպիսով, երկամարտում մեր մարզուհին 175 կգ արդյունքով զբաղեցրեց 7-րդ տեղը:

53 կգ քաշային կարգում չեմպիոն հռչակվեց ուկրաինուհի Նատալյա Տրոցենկոն, որը երկամարտում ցույց տվեց 197 կգ (88+109) արդյունք: Արծաթե մեդալակիր դարձավ իսպանուհի Մարիա դե լա Պուենտենՙ 190 կգ (86+104): Բրոնզե մրցանակակիրը գերմանուհի Ջուլիա Ռոդեն էրՙ 188 կգ (83+105):

Մինչեւ 85 կգ քաշային կարգում էլ Հայաստանը ներկայացնում էին Աննա Գովելյանն ու Հեղինե Եփրեմյանը, որոնք եւս զբաղեցրին համապատասխանաբար 7-րդ եւ 9-րդ հորիզոնականները: Իսկ չեմպիոնուհի հռչակվեց լեհ մարզուհի Կլեյնովսկանՙ 212 կգ (89+121): Նա ոսկե մեդալ նվաճեց շնորհիվ իր ավելի թեթեւ քաշի, քանի որ 2-րդ տեղը գրաված ալբանացի Բեգայը նույնպիսի արդյունքի էր հասել: Բրոնզե մեդալակիր դարձավ ռումինացի Կոկոսըՙ 209 կգ (89+120):

Տղամարդկանց մինչեւ 56 կգ քաշային ծանրորդների մրցավեճում հաղթող ճանաչվեց մոլդովացի Բոուրըՙ 269 կգ (118+151): Երկրորդ տեղում թուրք Մութլուն է, որը չեմպիոնի ոսկե մեդալը զիջեց միայն անձնական ավելի ծանր քաշի պատճառով: Բրոնզե մրցանակակիր դարձավ բելգիացի Գեգեբուերըՙ 244 կգ (111+133):

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4