«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#72, 2008-04-16 | #73, 2008-04-17 | #74, 2008-04-18


ԵՐԵՔ ԱՄԻՍ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ` ՆՇԱՆԱԿԱԼԻՈՐԵՆ ԲԱՐԵՓՈԽՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Այլապես ԵԽԽՎ-ում ձայնազուրկ կդառնանք

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Ստրասբուրգ

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը երեկ ընդունեց Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների գործունեության մասին բանաձեւը` 93 կողմ, 8 դեմ, 8 ձեռնպահ քվեարկությամբ, ամրագրելով, որ եթե բանաձեւով նախատեսվող առաջարկությունների ֆոնին Հայաստանը առաջընթաց չապահովի մինչեւ հունիսյան նստաշրջան` կզրկվի ձայնի իրավունքից: Մինչեւ բանաձեւի ընդունումը հնչած ելույթներում տարբեր կարծիքներ արտահայտվեցին:

Մասնավորապես, բանաձեւի համահեղինակ Ջոն Պրեսկոտի խոսքերով, Հայաստանում կասկածի մթնոլորտ կա, անվստահություն ընտրությունների նկատմամբ, ինչն էլ բերեց մինչեւ ընտրությունները զանգվածային բողոքի ցույցերի: Ըստ Պրեսկոտի, հետաքրքրական է, որ մինչեւ ընտրությունների ավարտն արդեն ընդդիմությունը ցույց էր անում: «Եթե բարեփոխումներ չիրականացվեն, Հայաստանի` որպես ԵԽ անդամ երկրի հեղինակությունը կվնասվի»: Պրեսկոտն առանձին հիշատակեց Հայաստանի նորընտիր նախագահի հայտարարությունը երդմնակալության ժամանակ, որի առնչությամբ ԵԽԽվ հուսադրումը որպես լրացում ավելի ուշ դարձավ բանաձեւի մաս:

Հաջորդ մի քանի ելույթները ԵԽԽՎ պատգամավորական խմբերի ներկայացուցիչներն էին: Մասնավորապես, ռուսաստանցի Իգոր Չեռնիշենկոն ընդգծեց, որ դիտորդ է եղել տարբեր ընտրություններում, նաեւ վերջին: Աջակցություն հայտնելով ընտրությունների` ստանդարտներին համապատասխանելու գնահատականին, նա նշեց, որ հետընտրական իրադարձությունների պատճառն, ըստ նրա, հիմնական ընդդիմադիր թեկնածուի շտաբում արդեն մինչեւ քվեարկությունը պատրաստություններն էին ցույցի դուրս գալու: «Դա ընդդիմության իրավունքն է, բայց թե ինչպես` պետք է մտածել: Եղել եմ Հայաստանում մարտյան իրադարձությունների ժամանակ, եւ դրանից հետո Հայաստանում դրական քայլեր են կատարվում, ու դրանում պետք է աջակցենք Հայաստանին»:

Հունգարացի Մաթիաս Յորշեի խոսքերով, ներկա պահին հեշտ է քննադատել Հայաստանին: «Անգամ ազատ ու անկախ ընտրությունները երկիրը ժողովրդավարական չեն դարձնում, դրանք միայն նախապայման են»: Սրանով հանդերձ Յորշեն հայաստանյան ընտրությունները որակեց կեղծված, որոնց պատճառով անվստահություն կա երկրի ժողինստիտուտների նկատմամբ: Ըստ Յորշեի, Հայաստանից առաջընթացն ակնկալելի չէ մինչեւ հունիս: Մինչդեռ դիտորդ եղած հունգարացի Բյորն Յակոբշեն ընտրությունների թերությունները տեխնիկական խնդիրներ որակեց, ավելացնելով, որ ընտրությունները ազատ էին, բայց ոչ արդար, ընդդիմությունն էլ շատ խնդիրների մասին է խոսում, բայց փաստեր քիչ ներկայացնում:

Հայաստանի պատվիրակ Արմեն Ռուստամյանի խոսքերով, Հայաստանը շահագրգիռ է ստանալու առաջարկություններ ու գնահատականներ` հետագա զարգացման ճիշտ ուղին գտնելու համար: Ըստ Ռուստամյանի, Հայաստանում կազմված քաղաքական կոալիցիայի նպատակներն, ըստ էության, չեն տարբերվում այսօր քննարկվող փաստաթղթի առաջարկություններից: Խոսելով ադրբեջանական պատվիրակության ցուցաբերած պաթոսի մասին` Ռուստամյանն ընդգծեց, որ եթե ցանկանում են ժողովրդավարության օրինակ դառնալ տարածաշրջանում, պետք է նորմալ ընտրություններ անցկացնեն իրենց երկրում եւ լուծեն սեփական երկրում քաղբանտարկյալների հարցը, որ առկա է Եվրոպայի խորհրդին Ադրբեջանի անդամակցության օրից:

Ավետ Ադոնցի ներկայացմամբ, մարտի 1-ի իրադարձությունները ցավոտ էին մեր երկրի, ժողովրդավարության համար: «Դրա ամենաճիշտ լուծումը երկխոսությունն է, որ առաջարկել է նորընտիր նախագահը: Հայաստանում ներկա վիճակը թույլ է տալիս քաղաքական ուժերի միջեւ քննարկումներ անցկացնել: Դավիթ Հարությունյանն էլ ավելացրեց, որ որեւէ փաստ թաքցնելը կաշխատի Հայաստանի դեմ: Ընդ որում, 3 ամիս ժամանակն էլՙ մինչեւ ամառային նստաշրջան, ըստ Հարությունյանի, կարելի է շատ բան անել: Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթով, մենք պետք է ինքնաքննադատությամբ զբաղվենք, բարձր ստանդարտներ դնենք ու կատարենք: «Հայաստանն ու նրա քաղաքական ինստիտուտները ճգնաժամի մեջ են հանրային անվստահության առումով»:

Ադրբեջանցի պատվիրակ Գյուլտակին Հաջիեւան, լիուլի ադրբեջանական մոտեցումների տիրույթում, սկսեց խոսել կեղծված ընտրություններից, մարտի 1-ի զոհերի, նաեւ ձերբակալվածների մտացածին թիվ ներկայացնելով, չմոռանալով հիշատակել ադրբեջանական քարոզչության սնանկ տարբերակներից մեկի մասին, թե ընտրատեղամասեր են եղել նաեւ Ղարաբաղում: Սամադ Սեիդովի մոտեցմամբ, այս զեկույցը ավելի հավասարակշռված է, քան երկուշաբթի օրվանը, կան կոնկրետ առաջարկներ վիճակի բարելավման մասին: Որքան էլ տարօրինակ է, բայց Սեիդովի երեկվա խոսքն ավելի մեղմ էր, քան երկուշաբթի, զերծ ծայրահեղ գնահատականներից: Ադրբեջանական պատվիրակության ղեկավարն ավելի շատ ընդգծեց, թե ինչու է Հայաստանի դեպքում բանաձեւում նշվում քաղաքականապես մոտիվացված ձերբակալություն, երբ Ադրբեջանի դեպքում հստակորեն օգտագործվել է քաղբանտարկյալ ձեւակերպումը: «Ինչո՞ւ է Եվրոպան այդ կերպ մոտենում», հռետորական կարողություններն էր փորձում Սեիդովը:

Ինչեւէ, բանաձեւի առնչությամբ ներկայացված 30-ից ավելի առաջարկություններից մի քանիսը հանվեցին հենց առաջարկություն ներկայացնող հայաստանյան պատվիրակության կողմից, ընդ որում, առաջարկություններին չէր միացել Րաֆֆի Հովհաննիսյանը: Քվեարկության դրված առաջարկություններից խորհրդարանական վեհաժողովը անհամաձայնություն հայտնեց միայն մեկին, իսկ մյուսներով բանաձեւում նշվեց, որ Հայաստանի հանրության մի մասն է անվստահություն տածում ընտրական համակարգի հանդեպ, որ բողոքի ցույցերը եղել են առանց համապատասխան թույլտվության ու իշխանությունները դրանք հանդուրժել են տասը օր: Բանաձեւում նշվեց նաեւ, որ չնայած ընդդիմադիր լրատվամիջոցների հետ առնչվող հանգամանքներին` Հայաստանում կա բազմակարծիք ու անկախ տպագիր մամուլ եւ որ մեր երկրում ոչ թե ինստիտուցիոնալ ճգնաժամ է, այլ ուղղակի ճգնաժամ: Ամրագրվեց նաեւ, որ հետաքննելու անհրաժեշտություն ունեն ոչ միայն ոստիկանության գործողությունները, այլեւ բռնությունը ցուցարարների կողմից:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4