«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#79, 2008-04-26 | #80, 2008-04-29 | #81, 2008-04-30


ՌՈՒՍ-ՀԱՅԿԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԱՐ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԱՌԱՋԱՐԿ

Ռուսաստանի հայերի միությունը շարունակում է իր ծրագրերը ՌԴ-ում, Հայաստանում եւ Արցախում

Արդեն մոտ 8 տարի գործում է համառուսաստանյան հասարակական կազմակերպություն Ռուսաստանի հայերի միությունը: «Հայացք» ակումբում երեկ հյուրընկալված ՌՀՄ փոխնախագահ, Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահ Վլադիմիր Աղայանի ներկայացմամբ, Միության ստեղծման անհրաժեշտությունն իր ժամանակին պայմանավորված էր հայերին համախմբելու, Ռուսաստանում հայության շահերի պաշտպանության հարցերով:

Որոշ գնահատականներով, Ռուսաստանում շուրջ երկուսուկես միլիոն հայ է բնակվում, որոնց խնդիրների լուծմանը նպաստելու համար էլ ստեղծվել է ՌՀՄ-ն, ընդ որում, կանոնադրորեն հռչակելով նպաստել Ռուսաստանում բնակվող հայերի շահերի պաշտպանությանը, ազգային շահերի շուրջը հայության համախմբմանը, ՌԴ-ում քաղաքացիական հասարակության կայացմանը հայերի մասնակցության ապահովմանը:

Աղայանի խոսքերով, այսօր ստեղծվել է մի իրավիճակ, երբ ՌԴ-ում բնակվող հայերն իրենց չլուծված հարցերով դիմում են ՌՀՄ-ին` սկսած իրավական հարցերից, վերջացրած աշխատանքային ու անգամ գործարար: Ըստ ՌՀՄ փոխնախագահի, կարեւոր է, որ հայերը Ռուսաստանում տեղ ունեն դիմելու եւ դիմում են սպասելիքով: Այդ ամենին հնարավոր է լինում արձագանքել ՌՀՄ 66 տարածքային եւ 450 քաղաքային ու շրջանային ստորաբաժանումների միջոցով:

ՌՀՄ այդ կառույցների աշխատանքն է նաեւ, որ 2001-ի տվյալներովՙ ՌԴ-ում տեղական ինքնակառավարման կոլեգիալ մարմիններում 16 հայ պատգամավորի փոխարեն այժմ ունենք ավելի քան 80 պատգամավոր, որից 35-ը ժամանակին այնպիսի խնդրահարույց մի տարածաշրջանում, ինչպիսին Կրասնոդարի երկրամասն է: Նմանօրինակ վիճակագրություն կա նաեւ ՌԴ-ում հայկական դպրոցների առնչությամբ: Եթե դրանք մինչեւ 2000 թվականը միայն 30 կիրակնօրյա դպրոց էին, ապա այսօր ավելի քան 350 են:

ՌՀՄ-ն իր գործունեությունն է ծավալում նաեւ Հայաստանում եւ Արցախում: 2001-ից պարբերաբար անց են կացվում ռուս-հայկական տնտեսական ֆորումներ ոչ միայն ներդրումները խթանելու, աշխատատեղեր բացելու, այլեւ ռեիմիգրացիան խթանելու նպատակով: Հունվարին տեղի ունեցած վերջին այդօրինակ հանդիպումից հետո ՌՀՄ-ն ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության հետ համատեղ պատրաստում է մի փաթեթ` հայ-ռուսական գործարար խորհրդի ստեղծման նպատակով, ինչպիսիք արդեն գործում են Ռուսաստանի եւ շատ այլ երկրների գործարարների միջեւ:

ՌՀՄ Հայաստանում եւ Արցախում գործունեության մեկ այլ ծրագիր էր դպրոցների համակարգչայնացումը, որի առնչությամբ որոշում կայացվեց դեռեւս Հայաստան-սփյուռք երկրորդ համաժողովում: Ցայսօր ՌՀՄ եւ ՀՀԿ նախագահ Արա Աբրահամյանի միջոցներով Հայաստանի եւ Արցախի դպրոցներին եւ այլ ուսումնական հաստատություններին բաժանվել է շուրջ 5500 համակարգիչ, համակարգչային դասարան ու լսարան են ձեւավորել ավելի քան 700 դպրոցներում ու կրթական հաստատություններում:

Համակարգչային օժանդակությունը նաեւ ՌՀՄ-ազգային բանակ համագործակցության բաղկացուցիչ մասն է կազմում, որի շրջանակներում Հայաստանի բանակին է նվիրվել 450 համակարգիչ: ՌՀՄ նախաձեռնած «Հայաստանի եւ Արցախի դպրոցների համակարգչայնացմանը` համազգային հոգածություն» շարժման տրամաբանության մեջ է նաեւ անձնապես ՌՀՄ եւ ՀՀԿ նախագահի միջոցներով Ստեփանակերտում թիվ 6 դպրոցի կառուցումը, որի նախագծային արժեքը շուրջ 2 մլն դոլար է:

ՌՀՄ եւ ՀՀԿ մեկ այլ նախաձեռնություն էլ սկսվեց նախորդ տարի: Ստեղծագործական միությունների հետ համագործակցության շրջանակներում Ժուռնալիստների եւ Գրողների միությունների հետ հայտարարվեցին ստեղծագործական մրցույթներ, որոնք կլինեն նաեւ այս տարի մի տարբերությամբ, որ նրանց են միացել նաեւ նկարիչների, կոմպոզիտորների միությունները, նաեւ Գիտությունների ազգային ակադեմիան` ընդհանուր մոտ 100000 դոլար մրցանակային ֆոնդով:

Երկու կառույցների ուշադրության կենտրոնում են ինչպես Հայոց ցեղասպանության ճանաչմանը, այնպես էլ ղարաբաղյան հարցին առնչվող խնդիրները: Մասնավորապես, ՌՀՄ կից գործող Մոսկվայի Միջազգային իրավունքի եւ քաղաքագիտության հայկական ինստիտուտի կողմից եւ Յուրի Բարսեղովի խմբագրությամբ հրատարակված Հայոց ցեղասպանության փաստաթղթային ընդգրկուն, երեք գրքով ներկայացված երկհատորյակն այս տարի արժանացավ ՀՀ նախագահի մրցանակին: Այս տարի եւս հունվարին հանրությանը ներկայացվեց Յուրի Բարսեղովի նոր աշխատությունը` Լեռնային Ղարաբաղի հարցի առնչությամբ:

Վլադիմիր Աղայանը հիշեցրեց, որ ՌՀՄ եւ ՀՀԿ դիրքորոշումը Հայոց ցեղասպանության ճանաչման գործում մնում է նույնը, այսինքն` դա անհրաժեշտություն է Հայաստանի` այս տարածաշրջանում անվտանգությունը երաշխավորված լինելու տեսանկյունից: Բացի այդ, Աղայանը ավելացրեց, որ Բարսեղովի աշխատության հիման վրա ՌՀՄ-ն եւ ՀՀԿ-ն առաջարկություն են արել Հայաստանի արտգործնախարարությանը` ուսումնասիրել ներկայացված նյութերը, որոնք կարող են հիմք լինել Հաագայի միջազգային դատարան դիմելու համար: Ըստ Աղայանի, ԱԳՆ-ն դանդաղկոտություն է դրսեւորում այդ հարցի ուսումնասիրության հարցում:

Ինչ վերաբերում է ապրիլի 24-ին Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան առջեւ հայերի ցույցը թույլ չտալու ռուսական իշխանությունների դիրքորոշմանը, ապա ՌՀՄ փոխնախագահի գնահատմամբ, դա ճիշտ մոտեցում չէ, բայց չի նշանակում, թե դա խնդիր է ռազմավարական գործընկերների միջեւ: Վլադիմիր Աղայանի վկայությամբ, ՌՀՄ-ն ուժեղ կազմակերպություն է եւ ուժ կգտնի քայլեր ձեռնարկելու, որ այսուհետեւ նման մոտեցումը չկրկնվի:

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4