«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#79, 2008-04-26 | #80, 2008-04-29 | #81, 2008-04-30


ՌԻՆԳՈՒՄ ԱՆՊԱՐՏԵԼԻ, ԻՍԿ ՆԱԽԱՆՁԻ ՈՒ ՏԳԻՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ..

Արթուր Աբրահամին անվանարկելու գործընթացին լծվեցին հայկական լրատվամիջոցները նաեւ

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

Շաբաթասկզբին հայկական լրատվամիջոցները, հղում անելով գերմանական «Բիլդ» թերթին, տարածեցին մի հաղորդագրություն, որում ասվում էր, թե Արթուր Աբրահամին մեղադրում են բռնաբարության մեջ: Նախ ծանուցենք, որ «Բիլդը» այդքան խիստ ու հաստատուն որակումներից խուսափել է. «Սեռական հարկադրա՞նք», ենթավերնագրել է «Բիլդը» հարցականով, այնուհետեւ իր շարադրանքում որեւէ անգամ բռնաբարություն բառը չի գործածել: Պարսավանքների առումով թերթը գրել էՙ նրան կասկածում են Ռյուգենի մարզաճամբարում, ուր 3 շաբաթ պարապել են ամբողջ թիմով, հյուրանոցի աշխատակցուհուն անհանգստացնելու համար:

«Անհանգստացնելը» կամ «սեռական բնույթի բռնի գործողությունը» դեռեւս «բռնաբարությունը» չէ, իսկ սխալ թարգմանությունն այս պարագայում Հայաստանում ավելի վատ ազդեցություն թողեց, քան Գերմանիայում, ուր սենսացիան մեծ ուշադրության չարժանացավ: Ինչպես ապրիլի 28-ին մեր հեռախոսազրույցում փոխանցեց Շվեյցարիայում մարզվող Աբրահամը, իրեն անվանարկող լուրը պատվիրել են. բանսարկության հեղինակը մրցակից «Ունիվերզում» ակումբն է, նրա տրամադրած հաղորդագրությունն առաջինը տպագրել է «Քյոլներ էքսպրեսը», այնուհետեւ «Բիլդը»:

Կարդացինք նաեւ «Քյոլներ էքսպրեսի» ապրիլի 25-ի տեղեկությունը, ուր «բռնաբարություն» բառը դարձյալ չգտանք: Այս լրատվամիջոցը թեպետ Աբրահամի կարծիքը չէր ներկայացրել, բայց փոխարենը վերջին պարբերությամբ կարծես ընթերցողներին այն տրամադրությունն էր հաղորդել, թե շատ լուրջ պետք չէ վերաբերվել փող ու համբավ ունեցող բռնցքամարտիկի անվանն առնչվող պատմությանը: «Քյոլներ էքսպրեսը» գրել էՙ մինչ դատախազությունը վկաներին ու մեղադրյալներին կլսի, Աբրահամն ըստ էության ուրիշ գործով է զբաղվածՙ պատրաստվում է հունիսի 21-ին Ֆլորիդայում անցկացվելիք «ծնոտ ջարդող» Էդիսոն Միրանդայից վրեժ առնել:

Մեր հեռախոսազրույցում Արթուրն ասաց, թե լուրջ չի ընդունում իր դեմ գերմանական մամուլում տպագրվածը, բայց նաեւ տհաճ է, որ հայկական լրատվամիջոցներն են առաջին օրը արագորեն ստահոդ լուրը ուռճացրել ու շրջանառել:

Փորձեցինք Արթուր Աբրահամից ճշտել, թե ինչ է եղել իրականում: Նա ասաց, որ իր դեմ բողոքել է մերսող պրակտիկանտուհին, ով բոլոր մարզիկներին է մերսել, բայց գանգատվել է, թե իբր Աբրահամն է իրեն սեռական առաջարկություն արել: Ի դեպ, հաստատության տնօրենն իրազեկ դառնալով, աշխատանքից ազատել է կնոջը: Աբրահամն ասաց, թե վկաներ չկան: Նույնը հաստատեց նրա փաստաբան Ստեփան Թաշչյանը մեզ հետ ունեցած հեռախոսազրույցում:

Բեռլինահայ փաստաբանն ասաց, թե ինքը պաշտպանելու է Աբրահամի շահերը, իսկ գերմանական մամուլին դատի տալու ցանկություն ոչ ինքը, ոչ էլ Աբրահամի մենեջերները չունենՙ կստացվի մեծ աղմուկ այս դեպքումՙ ոչնչից: Ինչ վերաբերում է գործի հանգամանքներին, փաստաբանն ասաց, թե Գերմանիայում (մեր կարծիքովՙ ամենուր- Ան.Հ.) կարող են ամեն մի անձի դեմ հայց հարուցել, բայց դատական մարմինների որոշելիքն էՙ անձը մեղավո՞ր է, թե ոչ: Գործը դեռ քննության փուլ նոր է մտել: Ինչ վերաբերում է իր պաշտպանյալին, Ստեփան Թաշչյանը նախ ասաց, թե լավ ճանաչելով Արթուրին, համոզված է, որ նա խելացի է եւ իր կարիերան այսպիսի փորձությունների չէր ենթարկի: Եվ ապաՙ վկաներ չկան, որ հաստատեն կնոջ ցուցմունքները: Հետոՙ եթե իսկապես նման բան էր եղել, ինչո՞ւ անմիջապես դուրս չի եկել սենյակից, շարունակել է իր գործը, ինչո՞ւ 10 օր հետո է միայն դիմել ոստիկանություն:

Վերջում փոխանցենք նաեւ շրջանառվող շշուկներ բռնցքամարտի կուլիսներիցՙ Աբրահամի մենեջերները խոստացել են նույնիսկ մեծ գումար ներդնել, միայն թե «Ունիվերզումի» «աստղը»ՙ գերմանացի Ֆելիքս Շտուրմը, որին ներկայացնում են անմրցակից, հայտարարություններ անելու փոխարեն ռինգ դուրս գա Աբրահամի հետ: Շտուրմն, ասում են, այդպիսի փորձության իրեն չի ուզեցել ենթարկել, փոխարենը որոշել է կիրառել «ամենահեշտ» տարբերակըՙ անվանարկումը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4