«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#80, 2008-04-29 | #81, 2008-04-30 | #82, 2008-05-01


ՎԱՐԴՈՒՀԻ ՎԱՐԴԵՐԵՍՅԱՆ. «ԹԱՏՐՈՆԻՑ ՀԵՌԱՆԱԼ ՉԵՄ ԿԱՐՈՂ»

«1946-ն էր: Ներգաղթի տարիներին ռումինահայերը հայրենասիրական մեծ զգացումով ոտքի ելան` հայրենիք վերադառնալու: Այդ առթիվ Հայաստանից պատվիրակներ էին եկել ու փոքրիկ հանդես էր կազմակերպվել: Դեռատի աղջնակ էի եւ մեծագույն փափագ ունեի` վերադառնալ հայրենիք ու դառնալ դերասանուհի: Հանդեսի ժամանակ ելույթ էին ունենում տեղի շնորհալի երիտասարդները` երգում, պարում կամ ներկայացնում թատերական փոքրիկ բեմադրություն: Ես էլ արտասանեցի Հովհաննես Շիրազի «Հայրենիք եւ սեր» բանաստեղծությունը: Չգիտեմ լավ ասմունքեցի, թե՞ պատվիրակները զգացին հուզմունքս եւ հայրենիք վերադառնալու ցանկությունը, բայց այն եղավ ճակատագրական եւ մենք վերադարձանք հայրենիք»:

Այսպես հայկական կինոյի ու թատրոնի ապագա լեգենդ Վարդուհի Վարդերեսյանը վերադարձավ հայրենիք եւ սկսվեց ստեղծագործական գործունեությունը: Որոշ ժամանակ անց Վարդուհին ընդունվեց Գյումրու թատրոնը, որտեղ եւ ստացավ դերասանական մկրտությունը:

«Շատ լավ ընդունեցին: Քսան տարեկան էի, երբ առաջին անգամ խաղացի Դեզդեմոնա: Հետագայում Դեզդեմոնա եմ խաղացել Վահրամ Փափազյանի, Հրաչյա Ներսիսյանի եւ Գուրգեն Ջանիբեկյանի հետ: Գյումրու թատրոնում աշխատել եմ 10 տարի եւ կարողացել եմ շահել հանդիսատեսի սերն ու համակրանքը: Իսկ գյումրեցի հանդիսատեսը շատ պահանջկոտ է»:

Վերջերս Վարդուհի Վարդերեսյանը կրկին Գյումրիում էր եւ երիտասարդ սերնդի դերասանների հետ խաղաց «Ծառերը կանգնած են մահանում» ներկայացման մեջ:

«Դահլիճում նստած էին երիտասարդներ, ովքեր արձագանքում էին եւ ծափահարություններով էին դիմավորում յուրաքանչյուր խոսք, դրվագ: Մի պահ ինձ թվաց, թե թատրոնի հանդեպ գյումրեցիների սերը ժառանգաբար է փոխանցվում»:

Չկա դերասան, որի բոլոր դերակատարումներն անթերի լինեն: Կատարյալին հասնելը շատ դժվար է: Վարդուհի Վարդերեսյանի կերտած կերպարներից շատերը` «Մոր սիրտը», «Պատվի համար» ֆիլմերում, վաղուց դարձել են դասական ստեղծագործություններ եւ հայկական կինոարվեստի լավագույն նմուշներից են:

«Մարգարիտ խաղացել եմ երեք անգամ: 40-ականների վերջերին Նուբարաշենում բեմադրվում էր «Պատվի համարը» եւ ինձ առաջարկեցին խաղալ Մարգարիտի կերպարը: Տարիներ անց Գյումրու թատրոնում կրկին կերտեցի Մարգարիտին: Իսկ երրորդ անգամ հերոսուհուն հանդիպեցի կինոհրապարակում: Ֆիլմի ռեժիսոր Արտաշես Հայ-Արտյանը հրավիրեց մասնակցելու փորձնական նկարահանումների, նշելով թեՙ ուրիշ ո՛չ մի դերասանուհի չունի իմ աչքերի փայլը»:

Հրաչյա Ներսիսյան, Ավետ Ավետիսյան մեծությունների կողքին Վարդուհու խաղը չխամրեց: Ընդհակառակը, ցուցադրեց դերասանական վարպետությունն ու բնատուր օժտվածությունը:

1961-ին դերասանուհին «Իմ սիրտը լեռներում է» ներկայացման մեջ մարմնավորեց Ջոնիին, որը դարձավ նրա կերտած լավագույն կերպարը:

«Ավելի քան 17 տարի մարմնավորել եմ Ջոնիին: Այնքան էլ հեշտ բան չէ 32 տարեկանում մարմնավորել 9 տարեկան մանչուկի: Հատկանշական է, որ այս դերի համար արժանացել եմ շատ բարձր գնահատականների»: Դերասանուհին խոստովանում է, որ միշտ երազել է խաղալ «Կտոր մը երկինք» ֆիլմում Թուրվանտա քորոյի դերը: Սակայն Մալյանն ընտրեց Սոֆիկո Ճիաուրելիին:

Այսօր դերասանուհին հիասթափված, նեղացած է. ժամանակակից հեռուստատեսությամբ ցուցադրվող ֆիլմերը, երաժշտությունը մտահոգության առիթ են:

«Ասելիք, խոսքի գեղեցկություն, կատարման վարպետություն չկա: Ցույց են տալիս, թե ինչպես մի քանի կանայք հավաքվում են, սրճում, բամբասում: Ո՞րն է այստեղ ասելիքը, միտքը: Խորհրդային ժամանակաշրջանը չեմ գովում, բայց այդ ընթացքում պետությունը հետեւում էր մշակույթի զարգացմանը: Ամեն մարդ չէր, որ կարող էր հեռուստատեսությունում աշխատել: Այսօրվա հեռուստահաղորդումները հանրային մշակույթը պրոպագանդելու փոխարեն ցուցադրում են անորակ սերիալներ, անճաշակ հումորային հաղորդումներ: Մեր հասարակության մեծ մասը տառապում է օտարամոլությամբ: Բայց շատ են նաեւ խելացի երիտասարդները, ովքեր ապագայում մեր մշակույթը կրողներն են դառնալու: Արդեն 9 տարի Սունդուկյանի թատրոնում բեմադրում ենք «Հին աստվածներ» պիեսը եւ դահլիճում մեծամասնություն են կազմում երիտասարդները»:

Դժգոհ լինելով հանդերձ, Վարդուհի Վարդերեսյանը շարունակում է ստեղծագործել: «Թեեւ տարիքս առել եմ, բայց ստեղծագործական վիճակի մեջ եմ: Թատրոնը չլքեցի: Շատերը թողեցին ու հեռացան, բայց ես մնացի: Որովհետեւ անցյալի վարպետների ոգին թատրոնում է: Կարծես ինձ հուշում էին, թե մի՛ լքիր, գոնե դու մնա թատրոնում: Երբեմն արվեստը զոհաբերություններ է պահանջում: Միշտ չէ, որ նյութականը կարող է մարդուն հոգեպես բավարարել: Այդպես է ապրել իմ սերունդը: Կուզենայի, որ երիտասարդներն էլ նույն ոգով ապրեին: Թատրոնից հեռանալ չեմ կարող»:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4