«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#81, 2008-04-30 | #82, 2008-05-01 | #83, 2008-05-02


ԿԲԱՐՁՐԱՆԱ՞ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՍԱԿԱԳԻՆԸ

Ի՞նչ հիմնավորումներով ինչն է անհնար եւ ինչըՙ հավանական

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Պետության կողմից գազի սուբսիդավորման վերացումը եւ սակագնի փաստացի բարձրացումը, ինչպես եւ կարելի էր ենթադրել, առաջինը չէր լինելու թանկացումների շղթայում: Այս օրերին ամենաքննարկվող հարցը թերեւս հասարակական տրանսպորտի փոխադրման գնի բարձրացման հարցն է: Հայտնի է, որ մայրաքաղաքի երթուղիները սպասարկող կազմակերպությունները հայտնել են սակագների բարձրացման մասին: Ինչին կառավարության ներկայացուցիչը նախօրեին խորհրդարանում պատասխանել է, որ այդ հարցը քննարկման ենթակա է եւ ամեն ինչ այնպես միանշանակ չէ, ինչպես ասում են երթուղիները սպասարկող կազմակերպությունները: Իսկ վերջիններս պնդում են, որ գազի սակագնի բարձրացման պատճառով «իրենք չեն տեղավորվում ինքնարժեքի մեջ»: Ընդ որում, նրանք շոշափում են ոչ ավել, ոչ պակաս, փոխադրման սակագինը 200 դրամ դարձնելու հարցը: Այն, որ երթուղիները շահագործողների կամ գծատերերի հաշվարկում շատ բան իսկապես միանշանակ չէ, կասկած չի հարուցում: Ո՞րն է խնդիրը:

Գազի սուբսիդավորման վերացումից հետո 10 հազար խմ-ից ավելի սպառող կազմակերպությունները, այսինքնՙ արդյունաբերական ձեռնարկությունները, նախկին 102 դոլարի փոխարեն պետք է վճարեն 153 դոլար 1000 խմ համար: Այսինքնՙ 1 խմ-ի համար մոտ 46 դրամ: Փաստորեն, նրանց համար գազը թանկացել է մոտ 50 տոկոսով: Այժմ գանք գծատերերի այն «հաշվարկներին», համաձայն որոնց, առաջարկվում է 100 դրամ փոխադրավարձը բարձրացնել կրկնակի: Ակնհայտ է, որ վառելիքի 50 տոկոսով թանկանալու պարագայում ընդհանրապես անիմաստ է խոսել ուղեվարձի 100 տոկոս թանկացման մասին:

Ինչ մնում է ուղեվարձի ընդհանրապես թանկացմանը եւ դրա հիմնավորումներին: Պարզ է, որ ուղեվարձի թանկացման դեպքում դրա ամենահավանական տարբերակը կարող է լինել 50 դրամը, որը նույնն է, ինչ 50 տոկոսով թանկացնելըՙ ներկայիս 100 դրամի փոխարեն 150 դրամ սակագին սահմանելը: Որքանո՞վ է այս տարբերակը հիմնավոր: Եթե այն պատճառաբանվում է զուտ գազի թանկացմամբ, ապա դա չի կարող հիմնավոր համարվել: Ըստ մասնագետների մեզ տրամադրած տեղեկատվության, միկրոավտոբուսների շահագործման ժամանակ 100 դրամ ինքնարժեքի մեջ վառելիքի բաժինը կազմում է 62-65 տոկոսը կամ 62-65 դրամը: Երբ երթուղայինները մայիսի 1-ից սկսեն գազ գնել 50 տոկոս ավելի թանկ գնով, ապա 50 տոկոսով կավելանա ոչ թե սակագինը, այլ միայն ինքնարժեքի մաս կազմող վառելիքի բաժինը: Այսինքն, վերոնշյալ 62-65 դրամը կդառնա 93-98 դրամ, ինչը նշանակում է, որ 100 դրամ սակագինը ավելանում է 31-33 դրամով կամ այդքան տոկոսով, բայց ոչ երբեք 50 դրամով:

Մյուս հարցն այն է, թե արդյոք երթուղիները սպասարկողներն իրավունք ունե՞ն բարձրացնելու սակագին, երբ նրանց մրցութային պայմաններով սահմանված է, որ նրանք պարտավոր են ուղեւորափոխադրումներ իրականացնել 100 դրամ ուղեվարձով: Այս հարցի առնչությամբ Երեւանի քաղաքապետարանից պատասխանեցին, որ ոչ մի սպասարկող կազմակերպություն իրավունք չունի ինքնակամ փոխադրման սակագին բարձրացնելու, եւ եթե նման դեպք արձանագրվի, ապա քաղաքապետարանը նրանց նկատմամբ համապատասխան միջոցներ կկիրառիՙ ընդհուպ շահագործման իրավունքից զրկելը: Միաժամանակ մեզ հայտնեցին, որ ուղեւորավարձի փոփոխություն որոշ դեպքերում, այդ թվում, վառելիքի թանկացման, մրցութային պայմանագրով ենթադրվում է:

Սակայն պարզվում է, որ ուղեւորափոխադրումների սակագների հնարավոր բարձրացման պատճառը կարող է լինել ոչ միայն գազի գնի բարձրացումը միկրոավտոբուսների համար եւ դիզվառելիքինըՙ ավտոբուսների համար: Բնագավառին քաջատեղյակ մարդկանց վկայությամբ, վերջին 1 տարվա ընթացքում աննախադեպ թանկացել են հենց այդ նույն միկրոավտոբուսները եւ ավտոբուսները, ինչպես նաեւ դրանց պահեստամասերը: Մեկ հատկանշական օրինակՙ «Բոգդան» ավտոբուսների հիդրավլիկ համակարգը նախկին 2 հազար դոլարի փոխարեն այժմ թանկացել էՙ հասնելով 6 հազար դոլարի: Նույնկերպ թանկացել են նաեւ ավտոբուսների եւ միկրոավտոբուսների մնացած գրեթե բոլոր պահեստամասերը: Բացի այդ, ավելացել են նաեւ նրանց նորոգման եւ պահպանման ծախսերը: Հետեւաբար, կարելի է ենթադրել, որ 100 դրամ սակագնով փոխադրումներ իրականացնելը ավտոբուսային եւ միկրոավտոբուսային երթուղիները սպասարկողների համար կարող է դառնալ քիչ շահավետ: Ուրեմն պե՞տք է սպասենք, որ ուղեւորավարձն, այնուամենայնիվ, կբարձրանա: Դրա համար նախ պետք է երթուղիներ սպասարկողները կարողանան հաշվարկներով փաստարկված հիմնավորումներ ներկայացնել, որոնք պետք է ուսումնասիրի տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը, քանզի սպասարկող կազմակերպությունները փաստորեն գերիշխող դիրք ունեն իրենց երթուղիներում եւ սակագնային փոփոխության դեպքում նրանք պետք է փաստեն, որ չեն չարաշահել գերիշխող դիրքը:

Սակայն, անկախ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի դիրքորոշումից, տրանսպորտի սակագնի բարձրացման հարցը պետք է լուծվի կառավարության մակարդակով: Բոլորին էլ հասկանալի է, որ փոխադրման սակագնի բարձրացումը սոցիալական խնդիրներ կարող է առաջացնել: Ի՞նչ որոշում կընդունի կառավարությունը:

Դժվար է ենթադրել, որ վերացնելով գազի սուբսիդավորումն ընդհանրապես, պոպուլիստական քայլերի չգնացող Տիգրան Սարգսյանի կառավարությունը կսուբսիդավորի մեկ այլՙ տրանսպորտի ոլորտ: Քիչ հավանական է, որ ինչպես ավտոբուսների ներկրումն է ազատվել ավելացված արժեքի հարկից, այսպես էլ որոշ պահեստամասերի ներկրումն ազատվի այդ հարկատեսակից: Եվ ամենահավանականն է, որ ուղեւորափոխադրման սակագինն, այնուամենայնիվ, առաջիկա մեկ-երկու ամսվա ընթացքում կբարձրանա 50 դրամով: Երեւի ապացուցման կարիք չկա, որ այն, ինչ թանկացման ենթակա է օբյեկտիվ պատճառներով, ի վերջո թանկանալու է, եւ այստեղ հնարավոր է միայն ժամանակ ձգձգել: Այս դեպքում կառավարությունը թերեւս ավելացնի նպաստառու ընտանիքներին տրվող նպաստների չափը որպես փոխհատուցում տրանսպորտի գնի բարձրացման: Սակայն, ինչպես ամեն անգամ, թանկացման բեռը առավել ծանրանալու է աղքատությունից դուրս գալ ձգտող եւ այդպես էլ միջին խավ դառնալ չհասցնողների վրա, որոնք փոխհատուցում չեն ստանում, իսկ եթե եկամուտների որոշակի բարձրացում են ունենում, ապա այն «խժռում են» վերոնշյալ թանկացումները:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4