«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#81, 2008-04-30 | #82, 2008-05-01 | #83, 2008-05-02


350 ՀԱԶԱՐՆ ԱՎԵԼԻ ԿԱՐԵՎՈՐ ԵՆ, ՔԱՆ ՄՆԱՑԱԾ ԲՈԼՈ՞ՐԸ

Հետընտրական շրջանում տեղի ունեցած իրադարձություններից հետո, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից հրահրվեցին մարտի 1-ի անկարգությունները եւ 10 մարդ զոհվեց, հաճախ է խոսվում երկխոսության եւ մարդկանց դժգոհությունների պատճառները վերացնելու մասին: Սակայն երբեք չի խոսվում, թե ինչի՞ շուրջը պետք է տեղի ունենա այդ երկխոսությունը եւ ո՞ւմ ու ինչպիսի՞ դժգոհությունները վերացնելու անհրաժեշտության մասին է խոսքը:

Նախՙ երկխոսության մասին: Ակնհայտ է, որ անհեթեթ իրավիճակ է ստեղծվել: Որեւէ այլ երկրում, անգամ հետխորհրդային, ընտրություններում 21 տոկոս հավաքած թեկնածուն չի խոսում ողջ ժողովրդի անունից եւ այն էլ վերջնագրային տոնով: Տպավորություն է ստեղծվում, որ 350 հազար մարդկանց ձայնն ավելի վճռորոշ է, քան 53 տոկոս հավաքած թեկնածու Սերժ Սարգսյանի օգտին տրված 860 հազար եւ մյուս բոլոր թեկնածուների օգտին տրված մոտ 400 հազար ձայները: Ճիշտՙ ինչպես Ջորջ Օրվելի «Անասնաֆերմայում», որտեղ չնայած հռչակվում էր, որ հեղափոխություն կատարած բոլոր կենդանիները հավասար են, բայց որոշ կենդանիներ «ավելի հավասար են»:

Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարում է, որ իր հետեւում ժողովուրդն է կանգնած, հակառակ այն բանի, որ այդ նույն ժողովրդի գերակշիռ մասը չի մոռացել նրա իշխանության տարիներն ու շարունակում է հայհոյել եւ հայտնի վիրավորական արտահայտությունն ուղղել նրա հասցեին: Բնականաբար, իրականում ժողովուրդ ասելով Լեւոն Տեր-Պետրոսյանը նկատի ունի իր ընտրազանգվածին եւ այդ ընտրազանգվածի առավել ագրեսիվ եւ անհանդուրժողական մասը: Կարելի է հասկանալ, երբ նա իր ընտրազանգվածի անունից է գործում, անհասկանալին եւ տարօրինակն այլ բան է: Երբ խոսք է գնում երկխոսության եւ մարդկանց դժգոհությունների պատճառները վերացնելու մասին, հասկացվում է, որ խոսքը հենց վերոնշյալ 350 հազար մարդու մասին է: Առավել քան տարօրինակ է, երբ այդպես են խոսում եւ արտահայտվում իշխող քաղաքական ուժերիՙ ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի, Դաշնակցության կամ ՕԵԿ-ի ներկայացուցիչները, նախարարները կամ վարչապետն ու նախագահը:

Փաստորեն, այն մարդիկ, ովքեր երկրի հետագա զարգացման հեռանկարը տեսել են ոչ թե Լեւոն Տեր-Պետրոսյանիՙ Հայաստանի պետությունը «կազմաքանդելու», Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանին հանձնելու, ժողովրդի տարբեր հատվածներին միմյանց դեմ տրամադրելուՙ տականքների եւ ոչ տականքների, ղարաբաղցիների եւ հայաստանցիների, լեւոնականների եւ սերժականների բաժանելով, քաղաքական գործիչներին դավաճանների եւ ոչ դավաճանների դասդասելու քաղաքականությանը հավանություն տալու միջոցով, այլ կայունության, բարեփոխումների, սոցիալական արդարության հաստատման, զարգացման ծրագրեր առաջարկող թեկնածուներին ձայն տալով, հայտնվում են ուշադրությունից դուրս: Սա նշանակում է, որ հաջորդ ընտրությունների ժամանակ ՀՀՇ-ի կամ Լեւոն Տեր-Պետրոսյանի նման քանդելու կոչով հանդես եկող ամեն ուժ կարող է հավակնել ավելի շատ ձայների: Քանզի մարդիկ տեսնում են, որ իրենց ձայների շնորհիվ ընտրվածներն ավելի շատ խոսում են իրենց չընտրածների դժգոհությունների մասին: Մշտապես շոշափվում է 350 հազար մարդու եւ մի քանի հազար հանրահավաքայինների խնդիրներով երկխոսություն սկսելու եւ դրանք լուծելու մասին, որն իբր նրանց կստիպի այլեւս փողոց դուրս չգալ:

Նախ նշենք, որ եթե այդպես մտածող մարդիկ կան իշխող կոալիցիայում, ապա նրանք չարաչար սխալվում են: Չի լինելու այնպիսի վիճակ, երբ բոլորը գոհ լինեն իշխանություններից եւ վերջինններս երբեք թող նման պատրանքներով չտարվեն: Երկրորդ, ՀՀՇ-ական ամբոխավարությամբ տարվածների եթե ոչ մեծամասնությունը, ապա զգալի մասն ամենեւին էլ սոցիալապես անապահով խավին չի պատկանում, եւ նրանք բոլոր միջոցները շարունակելու են օգտագործել հանուն իրենց գերնպատակիՙ իշխանության գալու: Եվ երրորդ, թող ոչ մի իշխանավոր կասկած չունենա, որ Սերժ Սարգսյանին ձայն տվածների մեջ ավելի քիչ դժգոհ մարդիկ կան: Հետեւաբար, պետք չէ գնալ Լեւոն Տեր-Պետրոսյանի գծած խաղի կանոններով եւ անհրաժեշտ է դադարեցնել նրա ընտրազանգվածին շողոքորթելուն կոչված հայտարարությունները:

Այժմՙ դժգոհությունների բնույթի մասին: Հարկ է զանազանել դժգոհությունները նույնպես, քանի որ հասարակության մեջՙ իշխանություններից մինչեւ սովորական քաղաքացիներ, հարուստներից մինչեւ ծայրահեղ աղքատներ, արմատավորված է օրենքն ու օրինականությունը ոտնահարելով ապրելը եւ գործելը, իսկ անհրաժեշտության դեպքում կատաղի պայքար տանելը ապօրինի գործելու իրենց «սուրբ» «իրավունքը» պաշտպանելու համար: Հարկ է տարբերակել ստվերում գործելու համար ցույցի դուրս եկող տոնավաճառային առեւտրականներինՙ անհավասար մրցակցային դաշտից բողոքող գործարարներից, մաքսայինի հետ համաձայնությամբ, ի վնաս պետական բյուջեի եւ բոլորիս, մաքսանենգ ապրանքներ ներկրողների պահանջները հայտնի ընկերությունների ապրանքները բացառիկ իրավունքներով Հայաստան ներկրողներիՙ մաքսային մարմինների կողմից կողմնորոշիչ գների կիրառումից արվող դժգոհություններից, նախկինում մի քանի անգամ իրացման գոտուց բնակարան ստացած, նորից նախկին բնակավայրում գրանցված եւ շուկայական գներից կրկնակի, եռակի ավելի փոխհատուցում պահանջող հացադուլավորներին եւ ցուցարարներինՙ արհեստականորեն ցածր գնահատված տան համար ցածր փոխհատուցում ստացածներից, առաջին անհրաժեշտության ապրանքների գների արհեստական բարձրացումից տուժող սոցիալապես անապահովների արդարացի դժգոհությունները խոշոր ներկրողների եւ առեւտրային օբյեկտների սեփականատերերի դժգոհություններից, երբ նրանք պետական մարմնի կողմից տուգանվում են գների չհիմնավորված բարձրացման համար: Այս շարքը կարելի է շարունակել, սակայն եզրափակենք, հուսալով, որ յուրաքանչյուր քաղաքացու օրինական պահանջը լուծում, իսկ զոռբայությունըՙ իր համարժեք գնահատականը կստանա:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4