«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#82, 2008-05-01 | #83, 2008-05-02 | #84, 2008-05-03


«ԱՆՑՅԱԼԻՆ ՈՒՂՂՎԱԾ ՀՍՏԱԿ ՀԱՅԱՑՔԸ ՆԵՐԿԱՆ ԸՄԲՌՆԵԼՈՒ, ԱՊԱԳԱՆ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՆԱԽԱՊԱՅՄԱՆ Է»

Ասել է Բունդեսթագի փոխնախագահ Սյուզաննե Կաստները

Ինչպես ամեն տարի, 2008-ին էլ Հայոց ցեղասպանության տարելիցի միջոցառումներ անցկացվեցին Գերմանիայի Դաշնային Հանրապետության զանազան քաղաքներումՙ Համբուրգում, Պոտսդամում, Քյոլնում, Մայնի Ֆրանկֆուրտում, Շտուտգարդում, Հյոխբերգում եւ, իհարկե, մայրաքաղաք Բեռլինումՙ հայկական տարբեր կազմակերպությունների կողմիցՙ տարաբնույթ բովանդակությամբ:

Ամենաբազմամարդ ձեռնարկները բնականաբար երկուսն էինՙ Գերմանահայոց կենտրոնական խորհրդի Ապրիլ 24 հանձնախմբի եւ առաջնորդարանիՙ Մայնի Ֆրանկֆուրտի Ս. Պողոս տաճարում ապրիլի 24-ին, ժամը 19-ին հրավիրված հուշ երեկոն եւ Բեռլինի հայ համայնքի Ֆրանսիական մայր տաճարում ժամը 18-ին անցկացված հուշահանդեսը:

Ս. Պողոս տաճարում գլխավոր բանախոսներից Լայպցիգի համալսարանի փիլիսոփայության դոկտոր Գեորգ Մեգգլեն ասել է. «Մարդասպանության, առավել եւս ցեղասպանության ամեն տեսակի հարաբերականացումը պատճառ է դառնում, որ ոճրագործը խուսանավումի ձեւեր գտնի եւ փորձի խուսափել պատասխանատվությունից: Իսկ Գերմանիան չպետք է մոռանա, որ պատժելի է ոչ միայն ցեղասպանություն արարքը, այլեւՙ աջակցությունը: Իբրեւ ցեղասպանության մասնակից երկիրՙ Գերմանիայի խոսքն ավելի ծանրակշիռ է, քան ուրիշ որեւէ մեկինը: Հետեւաբարՙ Գերմանիան իրավունք չունի լռելու: Շատ երկար լռեց Գերմանիան. առայժմ պաշտոնապես չի ընդունել Հայոց ցեղասպանությունը: 2005-ի Բունդեսթագի որոշումը, հակառակ իր դրական առաջխաղացման, Հայոց ցեղասպանության հստակ ու բացահայտ ճանաչումը չէ, այլ միայնՙ լռելյայն: Մենք պետք է ազատվենք տարբեր բան մտածելու, բայց ուրիշ բան ասելու բարդույթից: Անհիմն են բոլոր այն պատճառաբանությունները, որոնցով փորձ է արվում հիմնավորելու «ցեղասպանություն» բառի չօգտագործումը խորհրդարանական որոշման մեջ: Որպես գերմանացիներ գիտենք, որ հայերի նկատմամբ կիրառվել է կազմակերպված ցեղասպանություն, պարտավոր ենք այն իր ճիշտ անունով կոչել եւ խստագույնս դատապարտել», եզրակացրել է բանախոսը:

Երաժշտական բաժնում հնչել են Գրիգոր Օսմանյանի (ակորդեոն) եւ Գարեգին Հովսեփյանի (բարիտոն) կատարումները:

Ելույթ են ունեցել նաեւ Գերմանիայի Ավետարանական եկեղեցիների միության ներկայացուցիչ դոկտոր Շտեֆան Ռայմերսը, Ապրիլ 24 հանձնախմբից Անդրանիկ Ազնավուրյանը, ընթերցվել է ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Կարինե Ղազինյանի խոսքը, գերմանահայոց առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեկջյանը եզրափակել է հիշատակի երեկոն աղոթքով:

Նույն օրըՙ ապրիլի 24-ին Բեռլինի Ֆրանսիական մայր տաճարում կազմակերպված հուշահանդեսում ընդգծվել է պաշտոնական Բեռլինի ներկայությունը: Գլխավոր բանախոսըՙ Բունդեսթագի փոխնախագահ դոկտոր Սյուզաննե Կաստներն իր բավականաչափ հուզիչ ու անկեղծ ելույթը կառուցել է ցեղասպանության հիշատակման ու ճանաչման հարցի վրա կենտրոնանալով: Անցյալին ուղղված հստակ հայացքը ներկան ըմբռնելու, ապագան կառուցելու նախապայման է, ասել է փոխնախագահը:

1915-16-ին մեկ միլիոն հայեր սպանվեցինՙ դիտավորությամբ ու հաշվենկատ: Թուրքական պետության սանձազերծած բռնությանը մասնակցում էին հեղինակավոր ներկայացուցիչներ, ովքեր տեղահանություններն ու ձերբակալություններն էին իրականացնում: Տիկին Կաստները ազդու շեշտով է ձեւակերպել իր պահանջը հիշեցնելով Եվրոխորհրդարանի նախազգուշացումներըՙ Թուրքիայի ԵՄ մուտքը պայմանավորել ժամանակակից Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումով, ինչպես նաեւ անդրադարձել է Հայոց ցեղասպանությունը որպես ցեղասպանություն կոչելու ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հանձնաժողովի որոշմանը: Ելույթ է ունեցել նաեւ Բեռլինում ՀՀ դեսպան Կարինե Ղազինյանը: Ընդգծելով, թե 2005-ին Բունդեսթագի ընդունած բանաձեւը հուսալի քայլ էր եւ պետք է հետեւողական զարգացում ունենա, տիկին Ղազինյանն ասել է, թե գերմանա-իսրայելյան հարաբերություններն օրինակելի կարող են լինել թուրք-հայկական հարաբերությունների համար: Ողջակիզման պատասխանատվությունը գերմանական ինքնության ամուր բաղադրիչն է, իսկ Իսրայելի անվտանգության հանդեպ ստանձնած պատասխանատվությունը Գերմանիայի քաղաքականության հիմնադրույթը: «Հայաստանի ու Թուրքիայի համար նշմարելի չէ այդ ճանապարհի սկիզբն իսկ, բայց, իմ կարծիքով, ժամանակն է դրա սկիզբը դնելու», գերմաներեն իր ելույթում հստակ ձեւակերպել է Բեռլինում ՀՀ դեսպանըՙ շեշտելով նաեւ, թե անհիմն են հայկական սփյուռքը ազգայնամոլ ներկայացնելու փորձերը:

Ֆրանսիական մայր տաճարում, ուր ներկաներն ունկնդրել են Մելինե Պոպովյան-Բյուլովի ղեկավարած հայ համայնքի երգչախմբին, հանրահայտ դաշնակահար Վարդան Մամիկոնյանին, խոսք են ասել նաեւ Նացիոնալ-սոցիալիզմի պատմության փաստագրական կենտրոնի ղեկավար, Ահաբեկչության տեղագրություն հիմնադրամի տնօրեն ռաբբի Անդրեաս Նահաման, Բեռլինի հայ համայնքի ներկայացուցիչ Վարդգես Ալյանաքը: «Ցեղասպանությունը մի ոճրագործություն է, որ հասարակության բոլոր շերտերին է վերաբերում, բոլոր սերունդներին ներառումՙ առանց տարբերության ու բացառության, քանզի, ով ոճրագործության անմիջական դերակատար չէ, հանդիսատեսի դերում է: Բայց մի՞թե այս ծավալի զանգվածային տեղահանության դեպքում հնարավոր է միայն դիտորդ լինելու մասին խոսել, երբ յուրաքանչյուրն ականատես է դառնում», հարցրել է Վարդգես Ալյանաքըՙ դատապարտելով թուրքական ժխտողականությունը որպես ցեղասպանության մեջ սեփական մեղքը պարտակելու յուրօրինակ ոճիր: Պարոն Ալյանաքի խոսքերով, ցեղասպանություն իրագործողները վստահ են, որ ականատեսները համամիտ են իրենց գործողություններին: Ավելինՙ գաղափարախոսական նպատակներով նրանք գիտակցաբար իրենց ծրագրի ակտիվ մասնակիցն են դարձնումՙ մինչ այդ այսպես կոչված լուռ «դիտորդին»: Ցեղասպանը ամենեւին չի սարսափում իր զոհի դիմադրությունից, այլ միայնՙ «դիտորդի» միջամտությունից: Ուստի, ըստ պարոն Ալյանաքի, ցեղասպանության պարագայում ակնդիրները եւս չեն կարող անպատասխանատու մնալ: Պաշտոնական Թուրքիայի կողմից հայերի ցեղասպանության ուրացման դիրքորոշման հանդեպ միջազգային հանրությանՙ մարդկության դեմ գործած այս ոճիրը ճանաչելու եւ դատապարտելու փոխարեն այսօրվա անտարբեր լռությունը եւս նրանց կրկին հանդուրժող «դիտորդի» է վերածում:

Տարեցտարի ԳԴՀ հասարակական լայն շրջանակների ներկայացուցիչների աճող մասնակցությունը հիշատակի արարողություններին վկայում է, որ Հայոց ցեղասպանությունն իր առանձնահատուկ ու հաստատուն տեղն ունի դաշնային հանրապետության հիշողության մշակույթի մեջ իբրեւ 20-րդ դարի եվրոպական պատմության կենտրոնական փորձառություն, ուրեմն եվրոպական հիշողության մշակույթի անքակտելի բաղադրիչ լինելու իրավունքն ունի, մեր զրույցում նկատել տվեց Բոխումի Սփյուռք եւ ցեղասպանություն ինստիտուտի տնօրեն դոկտոր Միհրան Դաբաղը:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4