«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#82, 2008-05-01 | #83, 2008-05-02 | #84, 2008-05-03


ԸՆԴԼԱՅՆԵԼ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՊԱՏԿԵՐԱՑՈՒՄՆԵՐԸ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Այս նպատակն ունի երեկ բացված մասնագիտացված ցուցահանդեսը

Երեւանում երեկ բացվեց «Ֆինանսներ, վարկեր, ապահովագրություն, եւ աուդիտ EXPO-2008» մասնագիտացված ցուցահանդեսը, որը կազմակերպել է «Լոգոս էքսպո կենտրոնը», Հայաստանի կենտրոնական բանկի, էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության, Հայաստանի բանկերի միության, զարգացման հայկական գործակալության աջակցությամբ:

Ինչպես բացման խոսքում նշեց ԿԲ փոխնախագահ Արթուր Ջավադյանը, առաջին անգամ Երեւանում անցկացվող այս ցուցահանդեսը նպատակ ունի ընդլայնելու հասարակության պատկերացումները Հայաստանում մատուցվող ֆինանսական ծառայությունների վերաբերյալ եւ իր դրական ազդեցությունը կունենա ֆինանսական համակարգի զարգացման վրա: Այնուհետեւ նա ավելացրեց, որ նման միջոցառումների կազմակերպումը կարեւոր քայլ է ֆինանսական համակարգի թափանցիկության ապահովման եւ ֆինանսական ծառայությունների սպառողների շահերի պաշտպանության տեսանկյունից: Ըստ ԿԲ փոխնախագահի, այսպիսի ցուցահանդեսները հնարավորություն են տալիս սպառողներին ծանոթանալու ֆինանսական ծառայություններին եւ արտադրանքի լայն տեսականուն:

Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության (ՀԱԳՄ) նախագահ Արսեն Ղազարյանը հույս հայտնեց, որ կառավարության ծրագրում ամրագրվածՙ Հայաստանը տարածաշրջանի ֆինանսական կենտրոն դարձնելու հավակնությունը մի քանի տարվա մեջ իրականություն կդառնա: ՀԱԳՄ նախագահը նաեւ ցանկություն հայտնեց, որ հաջորդ ցուցահանդեսին ավելի լայն շրջանակներ կմասնակցեն:

Լրագրողների հետ զրույցի ժամանակ, անդրադառնալով Հայաստանում ապահովագրության ոլորտին, Արթուր Ջավադյանը հայտնեց, որ Հայաստանի Կենտրոնական բանկը երկրի ապահովագրական համակարգում փորձում է անել այն, ինչ արդեն արվել է բանկային համակարգումՙ նախ շուկան մաքրել այսպես կոչված գրպանային ապահովագրական ընկերություններից: Նախկինում գործող 20 ընկերությունների փոխարեն այժմ գործում են 8-ը: Սակայն, ըստ Արթուր Ջավադյանի, այդ ոլորտում գործելու համար բավականին հայտեր են ներկայացվել եւ ներկայումս քննարկվում են երեք ընկերությունների ներկայացրած հայտերը:

Ցուցահանդեսին մասնակցում էին 25 կազմակերպություններ:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4