«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#85, 2008-05-06 | #86, 2008-05-07 | #87, 2008-05-08


«ՄԱՅՐՍ, ԵՂԲԱՅՐՍ ԵՎ ԵՍ»

Հայաստանից գաղթած ընտանիքի էկրանավորված պատմությունը մեծ հետաքրքրություն է գրանցել

«Բեռլիներ ցայթունգը» ծանուցում է, որ Վիսբադենի FBW-ի «առանձնապես արժեքավոր» գնահատականին է արժանացել թատրոնի բեմադրիչ գերմանաբնակ Նուրան Դավիդ Կալիսի 2007-ին նկարահանած 102 րոպե տեւողությամբ առաջինՙ «Մայրս, եղբայրս եւ ես» վերնագրյալ ֆիլմը: FBW-ն հարկատուների միջոցներով նկարահանված ֆիլմերը գնահատող մի մարմին է, որ գործում է 1951 թվականի օգոստոսի 20-իցՙ մշակույթի նախարարության խորհրդի որոշմամբ, կենտրոնը Հեսսենի երկրամասի մայրաքաղաք Վիսբադենն է, ունի գնահատման երկու կնիքՙ «արժեքավոր» եւ «առանձնապես արժեքավոր»:

Ֆիլմն արծարծում է Գերմանիայում հրատապ թեմաներից մեկըՙ անդրադառնում է ներգաղթյալների հոգեվիճակին: Կալիսը, FBW-ի գնահատմամբՙ ուշադիր ուսումնասիրել է իրադրությունը եւ տրագիկոմիկ իրադրությունը ներկայացրել ռեալ, քնարական շնչով:

Նուրան Դավիդ Կալիսը Թուրքիայից Գերմանիա ներգաղթած հայ-հրեա ծնողների զավակ է: 1992-ից դռնապան է աշխատել: 1996-2000-ին բեմադրիչի կրթություն է ստացել Մյունխենի Օտտո- Ֆալքենբերգ դպրոցում, եղել է ասիստենտ Մյունխենի կամերային եւ Ցյուրիխի դրամատիկ թատրոններում:

Ստորեւՙ «Մայրս, եղբայրս եւ ես» ֆիլմի մասին համառոտՙ այն, ինչ քաղեցինք գերմանական լրատու աղբյուրներից:

23-ամյա Արեգը (Էրհան Էմրե) թեպետ ծնվել է Հայաստանում, բայց իրեն գերմանացի է զգում: Նա կիսատ է թողել իրավաբանական կրթությունը, կինոյի բեմադրիչի մասնագիտությունն է ուսանում Մյունխենում, երազում է Օսկար ստանալ, երջանիկ է գերմանացի ընկերուհուՙ Լիլլիի հետ, սպասում է երկրում երկարատեւ կեցության իրավունք ստանալու փաստաթղթերին: Բայց Արեգը փորձում է ապագա կերտել առանց անցյալի հետ հաշվի նստելու:

Շաքարախտով հիվանդՙ օրեցօր վատթարացող այրիացած մոր վիճակը, փոքր եղբոր խնամքը Արեգին պիտի Մյունխենից Ռեգեսբուրգՙ ընտանիք վերադարձնենՙ կրելու ճակատագրով բաժին ընկածը: Արեգի ծրագրերին թերահավատ են մայրն (Լիդա Զաքարյան) ու եղբայրըՙ 10-ամյա Գառնիկը (Կուրտ Օնուր Իպեկկայա), երկուսն էլ Գերմանիայում իրենց լիարժեք չեն զգում: Արեգի ընտանիքը Հայաստանից Գերմանիա է գաղթել 90-ականներին, ինչպես բեռլինյան լրատուներից մեկում էր գրվածՙ քաղաքացիական պատերազմի պատճառով (իրականում ո՞վ է սխալՙ հոդվածագիրը, թե՞ բեմադրիչը. կարելի է ճշտել ֆիլմը դիտելուց հետո, ինչի առիթ դեռ չի եղել- Ան. Հ.): Թեպետ նպատակը ԱՄՆ մեկնելն էր, բայց ընտանիքը մնում է գերմանական Ռեգենսբուրգում: Գերմանիայում են, բայց ավելի շուտ հայկական իրենց փոքրիկ անկլավում են ապրում. մայրը հայերեն է խոսում, հայկական յուղոտ ճաշեր եփում եւ, կարելի է ասել, ապրում ճամպրուկային տրամադրությամբ:

Ո՞վ է Արեգը. սեփական ինքնության փնտրտուքը փորձում է այսպես ձեւակերպել. «Ապրում եմ Գերմանիայում, խոսում եմ գերմաներեն, սա այն լեզուն է, որով լռում եմ, երազում եմ, սիրում ու ատում եմ: Ես ապրում եմ լեզվական մի տարածքում, որ իմը չէ»:

«Մայրս, եղբայրս եւ ես» ֆիլմը գաղթական դարձած մի ընտանիքի դիմանկար էՙ շրջանակված երեկվա ու այսօրվա, այնտեղի ու այստեղի, եղածի ու դառնալու միջեւ:

Ֆիլմը սեփական արմատներին ամուր կառչած լինելու, դրանք գտնելու շատ կարեւոր իրողությունն է, որ հաճախ է անուշադրության մատնվում ներգաղթի մասին քաղաքական բանավեճերում:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4