«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#86, 2008-05-07 | #87, 2008-05-08 | #88, 2008-05-09


Ի ՀԻՇԱՏԱԿ ՖՐԻՏՅՈՖ ՆԱՆՍԵՆԻ

Նորվեգացի նշանավոր բեւեռախույզ, մեծ մարդասեր, «Խաղաղության Նոբելյան մրցանակի» դափնեկիր Ֆրիտյոֆ Նանսենի պայքարը հանուն մարդու իրավունքների եւ մարդկային արժանապատվության, ստեղծեց նոր չափանիշներ միջազգային քաղաքականության մեջ: Ֆ. Նանսենի հայանպաստ գործունեությունը մեծ դեր ու նշանակություն է ունեցել:

Երեկ Ժուռնալիստի տանը կայացած հերթական միջոցառումը կրկին հարգանքի տուրք էր Ֆ. Նանսենի հիշատակին, նախաձեռնողը արդեն 6 տարի գործող «Ֆրիտյոֆ Նանսեն» հիմնադրամն էր: Հայ ընթերցողի դատին հանձնվեց Ֆ. Նանսենի «Հայաստանը եւ Մերձավոր Արեւելքը», Էդուարդ Շեկլտոնի «Ֆրիտյոֆ Նանսեն հետազոտողը» եւ «Քրիստոսի ավետարանի մարդկային թարգմանությունը» գրքերը: Երեք գրքերն էլ հրատարակության է պատրաստել հիմնադրամը: Միջոցառման ընթացքում խոսք ասացին Ժուռնալիստների միության վարչության նախագահ Աստղիկ Գեւորգյանը, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ակադեմիկոս, ՀՀ վարչապետի խորհրդական Ֆադեյ Սարգսյանը, ԳԱԱ թղթակից անդամ Բաբկեն Հարությունյանը, ԵՊՀ հայ գրականության ամբիոնի վարիչ, բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Սամվել Մուրադյանը: Բանախոսներն առաջարկեցին գրքերը թարգմանել օտար լեզուներովՙ աշխարհին տեղեկացնելու այն ամենին, ինչը տեսել, գրի է առել Ֆրիտյոֆ Նանսենը:

2010-ի հոկտեմբերի 10-ին լրանում է Ֆ. Նանսենի ծննդյան 150-ամյակը, նշեց հիմնադրամի նախագահ Ֆելիքս Բախչինյանն ու տեղեկացրեց, որ շուտով Աջափնյակ թաղամասում, ՀՀ գլխ. դատախազ Աղվան Հովսեփյանի հովանավորությամբ, կտեղադրվի Նանսենի հուշարձանը (քանդակագործՙ Տարիել Հակոբյան), իսկ «Վահագն» թաղամասում (անհասկանալի է տրամաբանությունը, եթե նկատի առնենք, որ լայն հասարակության համար թաղամասը փակ է: - խմբ.) Վահագն Հովնանյանի հովանավորությամբ, կբացվի Ֆ. Նանսենի թանգարանը: Մեծ մարդասերին նվիրված փաստավավերագրական ֆիլմ կնկարահանվի, կանցկացվի գիտաժողով:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4