«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#92, 2008-05-15 | #93, 2008-05-16 | #94, 2008-05-17


ՌԵԺԻՍՈՐԻ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ԿԻՆՈՅԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Լեւոն Իսահակյան-100

Լրացավ անվանի կինոռեժիսոր Լեւոն Իսահակյանի ծննդյան 100-ամյակը: Մեկ դար հետաքրքրական եւ լիարժեք ապրած տարիներ, որոնց մեծ մասն անմնացորդ նվիրաբերվել է հայկական կինոարվեստին: Նա Գյումրիում է ծնվել 1908-ի ապրիլի 15-ին: 13 տարեկանում հասակակիցների հետ ծննդավայրում կոմունարների ջոկատ է կազմում ու դառնում պիոներ տան առաջին տնօրենը, ստանձնում է նաեւ թատերական խմբակի ղեկավարությունը, ոտանավորներ գրում եւ ինչպես հայրըՙ ֆլեյտա նվագում:

Հետո հաջորդում են գեղարվեստաթատերական ինստիտուտում էքստեռն քննությունները եւ հենց այդ ժամանակ էլ Լեւոն Իսահակյանի կյանքն ու կինոարվեստը մեկընդմիշտ զուգահեռվում են: Միեւնույն ժամանակ հայկական կինոն դեռեւս իր առաջին քայլերն էր անում: 21 տարեկան էր Լեւոնը, երբ ռեժիսոր Ի. Պերեարքիանին նկատեց նրան ու հանձնեց «Անուշ» ֆիլմում Մոսիի դերակատարությունը: Այնուհետեւ նկարահանվեց նաեւ «Վոստոկկինոյի» «Թունել», ապաՙ Լ. Քալանթարի «Խորտակված վիշապներ», Ա. Մարտիրոսյանի «Մեքսիկական դիպլոմատներ» ֆիլմերում: Այսքանով էլ ավարտվեց Լեւոն Իսահակյանի դերասանական կարիերան, բայց սկսվեց ռեժիսորականը: Հ. Բեկնազարյանի, Ա. Մարտիրոսյանի եւ Ստ. Կեւորկովի հետ աշխատեց սկզբում որպես ռեժիսորի օգնականՙ գործի հանդեպ ցուցաբերելով բծախնդրություն եւ պատասխանատվության մեծ զգացում:

1930-ականներին «Խորհրդային Հայաստան» եւ «Ավանգարդ» թերթերին թղթակցելովՙ Լեւոն Իսահակյանը հետաքրքրություն դրսեւորեց նաեւ վավերագրական կինոյի նկատմամբ: Այդ աշխատանքը օգնել է նրան հետագայում իր հույզերն ու ապրումներն արտահայտելու վավերագրական կինոյի լեզվով: Մեծ հայրենականի տարիներին Լ. Իսահակյանը զորակոչվում է ռազմաճակատ, իսկ վերադառնալուց հետո շարունակում է ֆիլմեր նկարահանելու իր առաքելությունը: Այդ տարիներին են ստեղծում պատերազմի եւ թիկունքի մարդկանց հանդես բերած կամքի, ռազմաճակատին ցուցաբերած օգնության մասին պատմող ժապավենները:

Դարերով ազատության եւ անկախության համար պայքարող հայ ժողովրդի մռայլ եւ լուսավոր էջերի մասին է 1951-ին Լ. Իսահակյանի եւ Գ. Բալասանյանի համատեղ ջանքերով նկարահանած, հայրենասիրական մեծ հնչեղություն ունեցող «Երկիր հայրենի» ֆիլմը Ալ. Դովժենկոյի հրաշալի հաղորդավարական տեքստով: Կինոնկարն իր բանաստեղծականությամբ հուզում է հանդիսատեսին, իսկ ֆիլմի համար գրված «Մարտիկի երգը» մեկընդմիշտ սիրեց ժողովուրդը: Հատկանշական է, որ ֆիլմում առաջին անգամ ներկայացվում է Եղեռնի փաստը:

Լ. Իսահակյանի մեկ այլՙ «Երկնագույն աղբյուրներ» (1969) վավերագրական ֆիլմում ներկայացվում են ի հավերժացում հերոսների հիշատակի աղբյուր-հուշարձաններ կառուցելու մեր ժողովրդի հնուց պահպանած ավանդույթը, որը լավագույնս շարունակել է ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը: 1980-ականներին նկարահանված «Ով է մեղավոր», «Ինչպես պատահեց», «Դժբախտ պատահար» կարճամետրաժ ժապավենները պատմում են հանրապետության առօրյայի մասին, ուսուցանում բարոյական նորմեր: Լ. Իսահակյանը վավերագրական կինոյի մեծ վարպետ է: Նրա օժանդակությամբ կինոյի մեծ աշխարհ են մուտք գործել եւ իրենց արժանի տեղն են զբաղեցրել բազմաթիվ երիտասարդ վավերագրողներ, որոնցից մեկն էլ տաղանդավոր ռեժիսոր Արտավազդ Փելեշյանն է: Իր վարպետին 1989-ին նվիրած «Իմ կինոն» գրքի ընծայականում, որը պահպանվում է Գրականության եւ արվեստի թանգարանի կինոբաժնումՙ Լ. Իսահակյանի արժեքավոր ֆոնդում, նա գրում է. «Լեւոն Իսահակյանին, որն ինձ օգնեց առաջին քայլերն անել կինոարվեստի դժվարին աշխարհում: Ափսոս, որ մարդիկ ցանկացան այն խանգարել»: Լ. Իսահակյանի հովանավորությամբ Ա. Փելեշյանը նկարահանել է իր առաջին վավերագրական «Լեռնային պարեկ» ֆիլմը:

Լավ կինոնկարը, ինչպես եւ լավ գիրքն ու արվեստի գործըՙ չի հնանում. ապացույցըՙ 1963-ին Լեւոն Իսահակյանի եւ Հենրիկ Մալյանի համագործակցության արդյունքում ծնված «Ճանապարհ դեպի կրկես» կինոկատակերգությունը, որտեղ ստեղծագործական խմբի ներդաշնակ աշխատանքըՙ Լեոնիդ Ենգիբարյան ծաղրածուի, ակրոբատի, գերազանց կատարված մնջախաղային համարների հետ միաձուլվելով, ստեղծել են գեղարվեստական մեծ ճաշակով նկարահանված կինոնկար, որը մինչեւ օրս էլ հաճույքով է դիտվում:

Հրաշալի համագործակցության արդյունք է նաեւ Աղասի Այվազյանի սցենարով եւ նրա ու Լեւոն Իսահակյանի համառեժիսորությամբ 1981-ին նկարահանված «Լիրիկական երթ» ֆիլմը: Այն քաղաքացիական պատերազմի խառնաշփոթում երիտասարդ կնոջ, որը նաեւ ֆիլմի հերոսուհին է, իդեալների խորտակման պատմությունն է, որը հաղթահարելով բոլոր խոչընդոտները, ի վերջո իր մեջ ուժ է գտնում առաջնորդվելու այն ճշմարիտ ուղիով, որը նրան հնարավորություն կտա գտնելու կյանքում իր տեղը: Սցենարի հեղինակն այսպես է մեկնաբանել ֆիլմը. «Վայ մեր օրին, եթե մարդկանց միջից կորչի հավատը, եթե մարդկային հոգին ենթարկվի առարկային: Բայց մի գերակա նախախնամություն չի թողնում, որ արվեստի լույսը լքի մարդկությանըՙ նույնիսկ ամենաճգնաժամային վիճակներում, որովհետեւ հավատը օգնական մասն է լինելիության»:

Մեծ է Իսահակյանի ավանդը հայկական կինոարվեստում: 60 տարի աշխատելով «Հայֆիլմում», նա ստեղծել է շուրջ 50 ֆիլմ: Եղել է կրկնօրինակվող ֆիլմերի ռեժիսոր, բազմաթիվ ֆիլմերի խորհրդատու, կատարել կինոնկարների վերականգնման աշխատանքներ: Նրա միջոցով է հնչյունավորվել եւ վերականգնվել «Նամուս» կինոնկարը: Ստեղծագործական աշխատանքներին զուգահեռ Իսահակյանը զբաղվել է հասարակական եւ մանկավարժական գործունեությամբ, շեֆական աշխատանքներ կատարել զորամասերում, զինվորների համար կարդացել դասախոսություններ: Վերջին տարիներին, երբ վաստակաշատ ռեժիսորը հնարավորություն չուներ ստեղծագործելու, շարունակում է մամուլի միջոցով բարձրաձայնել կինոյի բնագավառին հուզող հարցերը:

Լեւոն Իսահակյանն արվեստի վաստակավոր գործիչ է 1966-ից, իսկ վաղուցվանից սպասվող «Ժողովրդական դերասանի» կոչումը, հուսով ենք, որ իրեն շատ սպասեցնել չի տա: Անուրանալի է ներդրումը հայկական կինոարվեստում եւ հաստատուն նրա զբաղեցրած պատվավոր տեղը հայ կինոյի մեծերի շարքում: Իսկ հարյուրամյակը բոլորած վարպետն այսօր էլ կյանքով լեցուն է եւ մտքով պայծառ:

Բազմավաստակ ռեժիսորին առողջություն եւ արեւշատություն:

ՕՖԵԼՅԱ ԱՅՎԱԶՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4