«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#92, 2008-05-15 | #93, 2008-05-16 | #94, 2008-05-17


ՄԵԾԱՆՈՒՆ ՀԱՅ ՄԱԹԵՄԱՏԻԿՈՍԸ

Լրացավ նշանավոր հայ մաթեմատիկոս, գիտության եւ կրթության ականավոր գործիչ եւ կազմակերպիչ Սերգեյ Նիկիտի Մերգելյանի ծննդյան 80-ամյակը: Նա ծնվել է 1928 թ. մայիսի 19-ին Սիմֆերոպոլում: 1941-ին Մերգելյանի ընտանիքը մշտական բնակության համար տեղափոխվում է Երեւան:

Դեռեւս դպրոցական տարիներից դրսեւորվեցին Ս. Մերգելյանի բացառիկ մաթեմատիկական ընդունակությունները: 8-րդ դասարանում, մաթեմատիկայի եւ ֆիզիկայի գծով հանրապետական օլիմպիադայում հաղթելուց հետո, նա էքստեռնով հանձնում է 9-րդ եւ 10-րդ դասարանների քննությունները եւ 1944-ին ընդունվում Երեւանի պետական համալսարանի ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետը:

Համալսարանում Մերգելյանն արժանանում է ակադեմիկոս Արտաշես Շահինյանի ուշադրությանը եւ ջերմ հոգատարությանը: Շահինյանն այդ տարիներին դնում էր հայկական մաթեմատիկական դպրոցի հիմքերը, եւ նրա գիտական ղեկավարությամբ էլ Մերգելյանը հաջողությամբ կատարեց իր դիպլոմային թեզում նախատեսված հետազոտությունը: Այն նվիրված էր ֆունկցիաների մոտավորության տեսությանը, եւ կողմնորոշիչ դեր ունեցավ Մերգելյանի հետագա գիտական գործունեության համար:

Ավարտելով համալսարանը 1947-ին, 19-ամյա Մերգելյանը ասպիրանտական ուսումնառության նպատակով գործուղվում է ԽՍՀՄ ԳԱ մաթեմատիկական ինստիտուտ: Գիտության այս առաջատար օջախում նրան բախտ վիճակվեց աշակերտել ականավոր ռուս մաթեմատիկոս եւ մեխանիկոս, ակադեմիկոս Մստիսլավ Կելդիշին: Հաջողությունները չուշացան, եւ ընդամենը 2 տարի անց, 1949-ին նույն ինստիտուտում Մերգելյանը պաշտպանեց իր թեկնածուական թեզը, նվիրված ֆունկցիաների մոտավորության տեսությանը: Ինստիտուտի գիտական խորհուրդն այն գնահատեց որպես բացառիկ արժեքավոր հետազոտություն, եւ 21-ամյա Սերգեյ Մերգելյանին միանգամից շնորհվեց գիտության դոկտորի կոչում: Եվս 2 տարի անց, 1951-ին Մերգելյանին հաջողվեց ապացուցել իր հռչակավոր բազմանդամային մոտավորության թեորեմը, որը եզրափակեց 1885-ին սկսված ուսումնասիրությունների մի երկար շղթա, ներառյալ Կ. Վայերշտրասի, Կ. Ռունգեյի, Ջ. Ուոլշի, Մ. Լավրենտեւի, Մ. Կելդիշի եւ այլոց դասական հետազոտությունները: «Մերգելյանի թեորեմ» եւ «Մերգելյանի բազմություններ» արտահայտություններն ստացան համընդհանուր ճանաչում եւ մտան մաթեմատիկական գիտության գանձարան:

Դա հնարավոր դարձավ Ս. Մերգելյանի զարգացրած նոր, հզոր մաթեմատիկական մեթոդների եւ նորամուծությունների կիրառման շնորհիվ: 1952-ին Ս. Մերգելյանն արժանացավ ԽՍՀՄ պետական մրցանակի, իսկ 1953-ին, 25 տարեկան հասակում ընտրվեց ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամ: Նույն թվից նա ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ էր, իսկ 1956 թվիցՙ ակադեմիկոս:

Հետագայում Ս. Մերգելյանը հաջողությամբ շարունակում է իր հիմնարար գիտական հետազոտությունները, հարստացնելով արդի մաթեմատիկայի այնպիսի կարեւոր բնագավառներ, ինչպիսիք են Ֆունկցիաների մոտավորության տեսությունը, Կոմպլեքս անալիզը, Պոտենցյալի եւ հարմոնիկ ֆունկցիաների տեսությունը: Այս հաջողություններն անգնահատելի ավանդ էին երիտասարդ հայկական մաթեմատիկական դպրոցի կայացման եւ հետագա առաջընթացի գործում, մեծապես նպաստելով այդ դպրոցի միջազգային լայն ճանաչմանը:

Սերգեյ Նիկիտի Մերգելյանը նաեւ գիտության առաջնակարգ կազմակերպիչ է: Մեծ է նրա դերը Հայաստանում հաշվողական գիտության եւ տեխնիկայի զարգացման գործում: 1956 թ. Երեւանում կազմակերպվեց այն ժամանակ համամիութենական կարեւորություն ունեցող Մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտը: Մերգելյանն այդ ինստիտուտի հիմնադիր տնօրենն էր 1956-60 թվերին: Նա նաեւ ստեղծել եւ 1961-71 թթ. ղեկավարել է ԽՍՀՄ ԳԱ Մաթեմատիկական ինստիտուտի կոմպլեքս անալիզի բաժինը, միաժամանակ հանդիսանալով ԽՍՀՄ ԳԱ մաթեմատիկայի բաժանմունքի ակադեմիկոս քարտուղարի տեղակալը:

1965-ին Ս. Մերգելյանի ակտիվ նախաձեռնությամբ եւ մասնակցությամբ Երեւանում կազմակերպվեց իր բնույթով ԽՍՀՄ համար եզակի միջազգային գիտաժողովՙ ֆունկցիաների տեսության գծով: Նրան մասնակցեցին աշխարհի շատ առաջատար մաթեմատիկոսներ, խթանելով միջազգային համագործակցությունը եւ հավաստելով հայկական մաթեմատիկական դպրոցի ակնառու ձեռքբերումները:

1971-74 թթ. Ս. Ն. Մերգելյանը ՀԽՍՀ ԳԱ փոխնախագահ էր, 1974-79 թվերինՙ ԳԱ Հաշվողական կենտրոնի տնօրենը, իսկ 1979-82 թվերինՙ ՀՀ ԳԱ մաթեմատիկայի ինստիտուտի բաժնի վարիչ: 1982-86 թթ. նա Կիրովականի մանկավարժական ինստիտուտի ռեկտորն էր: Հայաստանում եւ Մոսկվայում աշխատանքի տարիներին Ս. Մերգելյանը պատրաստել է բարձրորակ մաթեմատիկոսների եւ մանկավարժների բազմաթիվ կադրեր, նպաստել երիտասարդ գիտնականների որակական աճին:

Հայաստանի գիտական հասարակայնության եւ իր գործընկերների անունից սրտանց շնորհավորելով Սերգեյ Նիկիտի Մերգելյանին փառահեղ հոբելյանի առթիվ, ցանկանում ենք նրան քաջառողջություն, երկար տարիների կյանք եւ բոլոր նվիրական իղձերի կատարումՙ ի փառս մեր հայրենիքի:

Ռ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ, ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս
Ն. ԱՌԱՔԵԼՅԱՆ, ՀՀ ԳԱԱ մաթեմատիկական եւ տեխնիկական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4