«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#92, 2008-05-15 | #93, 2008-05-16 | #94, 2008-05-17


ԶՈՎԱՑՈՒՑԻՉ ԸՄՊԵԼԻՔԻՑ` ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆ

ԽԱՉԱՏՈՒՐ ԴԱԴԱՅԱՆ

1993-ի ցուրտ ու խավարին, ի թիվս շատերի, Հայաստանից Ռուսաստան արտագաղթեց նաեւ Տիգրան Յաշայի Ներսիսյանը: Զբաղմունքի փնտրտուքներում ծանոթներից մեկից լսեց, որ մերձմոսկովյան Մոժայսկ քաղաքի կոլտնտեսությունում աշխատանքի տեղ կա: Գնաց: Կոլտնտեսության երբեմնի փառքից մնացել էր միայն Բորոդինո հռչակավոր ճակատամարտի դաշտը, այնինչ տնտեսությունը վերածվել էր կատարյալ ավերակի: Իսկ նախկին նշանավոր նախագահ, ԽՍՀՄ առաջին ու վերջին համագումարի ժողպատգամավոր Վիկտոր Լապկինը տնտեսությունը պահպանելու հուսահատ ճիգեր էր գործադրում: Տ. Ներսիսյանը ներկայացավ Վ. Լապկինին. ծնվել էր 1966-ին, Երեւանում, 1989 թ. ավարտել էր Լվովի առեւտրատնտեսագիտական ինստիտուտը, վերադարձել էր ծննդավայր ու չորս տարի Շահումյանի շրջանի սպառողական կոոպերացիայում աշխատել որպես տնտեսագետ, ավագ վերահսկիչ: Վ. Լապկինին այդպիսի մարդ պետք էր, եւ նա Տ. Ներսիսյանին նշանակեց օժանդակ արտադրամասի պետ:

Հենց այստեղ էր, որ ծլարձակեց հայի ձեռներեցության, աչքաբացության դարավոր գենը: Կոլտնտեսությունն ուներ հին ու մաշված սարքավորումներով մի պստիկ գործարան, եւ Տ. Ներսիսյանը Վ. Լապկինին առաջարկեց այդտեղ տեղադրել զովացուցիչ ըմպելիքների արտադրական հոսքագիծ:

«Նոր հոսքագիծն արժեր մոտ 50.000 դոլար, ինչն այն ժամանակ մեզ համար առասպելական գումար էր: Որոշեցինք ամեն ինչ ինքներս անել: Գորբաչովյան ժամանակներում սարքավորումները ձեռնարկություններից աջ ու ձախ կրում էին, եւ մենք բառացիորեն բակերից ու գարաժներից կարողացանք հավաքել անհրաժեշտ մասեր: 1994-ի հուլիսին գործարանը թողարկեց պլաստիկե շշերով լիմոնադի առաջին խմբաքանակը»:

Ժամանակի պահանջներին համապատասխանՙ կոլտնտեսությունը վերածվեց «Բորոդինո» ՓԲԸ-ի, որից հետո սկսվեց այն, ինչը հանգեցնելու էր վիթխարի մի կայսրության ստեղծման, ինչպես նաեւ երկուՙ հայ եւ ռուս մարդկանց երկարամյա, սրտագին բարեկամությանը:

Զովացուցիչ ջրերի արտադրությունը խիստ շահութաբեր էր (դրանք Ռուսաստան էին ներկրվում հիմնականում արտասահմանից), սակայն եկամուտը ներդրվում էր նոր սարքավորումներ եւ սնանկացած ձեռնարկություններ ձեռք բերելու գործում: 1995-ի մայիսին ընկերությունը վերցրեց առաջին բանկային վարկըՙ 500 հազ. դոլար, եւ կես տարի անց կարողացավ այն մարել: Նույն թվականին պայմանագիր կնքվեց «ՊեպսիԿօ» ընկերության հետ եւ մինչ 1998-ին նրա արտադրանքն էր թողարկում, քանի դեռ ամերիկացիներն իրենց սեփական ձեռնարկությունը չկառուցեցին Մոսկվայի մերձակայքում: 1998-ին «Բորոդինոն» ոչ միայն առանց ցավի հաղթահարեց համառուսաստանյան տնտեսական ճգնաժամը, այլեւ Մոսկվայում ձեռք բերեց «Մոնա» ոչ-ոգելից խմիչքների գործարանը, որտեղ ժամանակին հորինել էին ամբողջ ԽՍՀՄ-ում հանրահայտ «Բայկալ» ըմպելիքը:

«Բորոդինոն» աստիճանաբար, հաստատուն քայլերով տեղ էր գրավում շուկայում, եւ Տ. Ներսիսյանը ձեռնամուխ եղավ իր վաղեմի երազանքի, հավակնոտ ծրագրի իրականացմանը: Եթե դուք, ասենք, մտադիր եք մետաղյա փականով լիմոնադ արտադրել, ապա ձեզ ի՞նչ է պետքՙ հումք, ջուր, շիշ, մետաղ, պիտակ, նոր տեխնոլոգիաներ: Տ. Ներսիսյանը մտադրվեց ամեն ինչ ինքն արտադրել, ունենալ սեփականը. դա հնարավորություն էր տալու զերծ մնալ այլ մատակարարներից ու ցածր ինքնարժեքի, բայց բարձր որակի շնորհիվ մրցունակ լինել շուկայում: Եվ այս աներեւակայելի դժվար, անիրագործելի թվացող ձեռնարկում նա, ի վերջո, հաջողեց: Այսօր «Բորոդինոն» շուրջ 60 ընկերություններից եւ արդյունաբերական ձեռնարկություններից բաղկացած մի հոլդինգ է, ուր աշխատում է ավելի քան 15 հազար մարդ: Իսկ հզոր արտադրական եւ գիտատեխնոլոգիական հենքը հնարավորություն է տալիս 95%-ով արտադրական գործընթացը կազմակերպել սեփական հումքային ու մտավոր ներուժով: Գործունեության շրջանակն ընդգրկում է չորս ճյուղՙ պարենային (զանազան ըմպելիքներ, պաղպաղակ, պահածո, կաթնամթերք, խանութների ցանց), մեքենաշինական եւ շինարարական ու ծառայությունների (տրանսպորտային ձեռնարկություն, գովազդային ընկերություն, զբոսաշրջություն, հյուրանոցներ): Ընդ որում, Հայաստանում Տ. Ներսիսյանին են պատկանում «Հայկական պահածոների գործարան» ՍՊԸ-ն եւ սարքավորումների ծրագրային ապահովմամբ զբաղվող մի ընկերություն: «Ֆորբսի» տվյալներով, Ռուսաստանի 200 լավագույն մասնավոր ընկերությունների ցանկում «Բորոդինոն» 2007-ին զբաղեցրեց 92-րդ տեղը:

Իսկ ըստ «Ֆինանս» շաբաթաթերթի վարկանիշային աղյուսակի, 2007-ին «Բորոդինո» ընկերությունների խմբի սեփականատեր, արտասահմանում Ռուսաստանի ամենախոշոր շինարարական կազմակերպությանՙ «Զառուբեժստրոյի» տնօրենների խորհրդի նախագահ, «Պետրոֆ-բանկի» բաժնետեր, տնտեսագիտության թեկնածու Տիգրան Ներսիսյանն ունի 800 միլիոն դոլարի անձնական ունեցվածք: Ճիշտ ու ճիշտ նույնպիսի ցուցանիշ ունի 20 տարով ավագ նրա լավագույն բարեկամ Վիկտոր Լապկինը...


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4