«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#95, 2008-05-20 | #96, 2008-05-21 | #97, 2008-05-22


ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԸՆՏՐԱՏԵՂԱՄԱՍՈՒՄ ԵՎ ԱԿԱՆԱԿՈԾՈՒՄՆԵՐ ԱԲԽԱԶԻԱՅԻ ՍԱՀՄԱՆԻՆ

Վրաստանում կատարելագործո՞ւմ են ընտրախախտումները

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Թբիլիսի

Հարավային Կովկասում ընտրական գործընթացները գնալով նմանվում են միմյանց` անկախ պետությունից, գերակայող մոտեցումներից ու առաջնահերթություն հռչակված ուղղություններից: Ռուսաստանյան ուղղվածության, թե՛ ՆԱՏՕ կողմնորոշման, թե՛ առերեւույթ անկախ կեցվածքի դեպքում անգամ տարածված ընտրախախտումներն են «հակված» դառնալու նույնը` ապացուցելով, որ վատն ավելի հեշտ է ընդօրինակվում, քան լավը:

Երեկ Վրաստանը խորհրդարանական ընտրություններ էր անցկացնում: Անցյալ տարվա նոյեմբերին Թբիլիսիի փողոցներ դուրս եկած ընդդիմության հանրահավաքների արդյունքում Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին արտահերթ նախագահական ընտրություններ նշանակեց հունվարի հինգին` ձեռաց պլեբիսցիտով որոշելով նաեւ խորհրդարանական ընտրությունները գարնանն անցկացնելու հարցը: Ու չնայած խորհրդարանական ընտրություններին բավականին ժամանակ կար նախապատրաստվելու համար, վրաց ընդդիմությունն էլ, ընդհանուր տպավորությամբ, ավելի շատ հետընտրական զարգացումներին է պատրաստվում, քան բուն ընտրությանը:

Մյուս կողմից էլ, լրահոսը, հատկապես ընդդիմադիր գործիչների հայտարարությունների կոնտեքստում այնպիսի տպավորություն էր թողնում, թե Վրաստանում փորձում են «կատարելագործել» ընտրախախտումների արդեն հայտնի ձեւերը` կաշառքից մինչեւ հայտնի կարուսել:

Առկա էին նաեւ ընտրախախտումների առումով «նորամուծություններ»: Մասնավորապես, Արեւմտյան Վրաստանի լեռնային շրջաններից մեկի մի քանի ընտրատեղամասերում քվեարկություն էին իրականացրել միայն ընտրատեղամասային հանձնաժողովի նախագահները` փակվելով իրենց սենյակներում ու լրացնելով քվեաթերթիկները: ԿԸՀ ընդդիմությանն ուղղված մեղադրանքներում էլ արտառոցություններ կային: Օրինակ, ըստ ԿԸՀ-ի, ընտրացուցակները ներքնազգեստի մեջ պահելով ընտրատեղամասից դուրս էր բերել ընդդիմադիր լեյբորիստական կուսակցության թեկնածուական ցուցակից մի կին...

Վրացական 3558 ընտրատեղամասերի ընտրացուցակներում գրանցված ընտրողների ընդհանուր թիվը 3 մլն 458 հազար 25 էր, որոնց քվեարկության ակտիվության մասին ԿԸՀ տվյալները օրվա ավարտին էլ դեռ մնում են ժամը 12-ի տվյալների տեսքով, պաշտոնական կայքէջում էլ առանձնակի ոչինչ տեսնել հնարավոր չէր: Միայն ընտրատեղամասերի փակմանը մոտ հայտարարվեց, թե մասնակցությունը ժամը 17-ի դրությամբ կազմել է ավելի քան 41 տոկոս:

Ինչեւէ, հենց առավոտյան հայտարարություն տարածվեց, որ մի շարք տեղամասեր այդպես էլ չեն բացվել կամ բացվել են ուշացումով: Տարբեր գնահատականներով, քվեաթերթիկում ներառված տասնյակից ավելի քաղաքական միավորումներից հիմնական պայքարող ուժերն էին երկրի նախագահի, նաեւ իշխող «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունն ու միասնական ընդդիմությունը, որ ութ կուսակցություն է միավորում:

Դեռեւս առավոտյան գրանցվեց քվեարկության օրվա ամենաարտառոց միջադեպը Սամեգրելո տարածաշրջանում, որտեղ սպանության զոհ դարձավ ընդդիմության ներկայացուցիչ Գերոնտի Կացիան, իսկ նրա դուստրը ոտքից հրազենային վնասվածքով տեղափոխվել էր հիվանդանոց: Պաշտոնական աղբյուրները շտապեցին ժխտել սպանության կապը ընտրությունների հետ` որակելով որպես ամենասովորական կրիմինալ, մինչդեռ ընդդիմությունը հակառակն է պնդում:

Վրացական հեռուստաընկերությունների եթերում օրվա առաջին կեսին հայտնվեցին կադրեր նաեւ ընտրախախտումներից կարուսել կոչվող տարատեսակի մասին, որին մասնակից էին դարձվել Ախալցխայի եւ Կրծանիսի զորամասերի հինգ հարյուրից ավելի զինծառայողներ: Նրանց ընտրատեղամասից ընտրատեղամաս էին տեղափոխում` քվեարկության: Բազմաթիվ հաղորդագրություններ եղան նաեւ ընդդիմության ներկայացուցիչների ծեծի, գողացման, բռնությունների մասին:

Ընտրախախտումների ու միջադեպերի առատությամբ տարբերվում էր ադրբեջանաբնակ Քվեմո Քարթլիի տարածաշրջանի Մառնեուլի շրջանը, որտեղից ստացվող տեղեկությունների համաձայն, եղել էին մեկ անձի բազմակի անձնագրերով, առանց մատնանշման, քվեաթերթիկներ լցնելու դեպքերով քվեարկություններ: Ավելին, ադրբեջանաբնակ մի քանի գյուղերում ընդդիմությունը գրանցել է հնարավոր գրեթե բոլոր խախտումները: Քվեմո Քարթլիի պարագայում հնարավոր բացատրություն է, որ ընդդիմությունը բավականին ակտիվ էր հենց այս ադրբեջանաբնակ տարածքում:

Հայաբնակ Ջավախքի առնչությամբ թեեւ վրացական ԿԸՀ-ն առավոտյան բարձր ակտիվության ցուցանիշներ էր հրապարակում, այնուամենայնիվ, « Ազգի » տեղեկություններով, այս անգամ կատարյալ պասսիվություն է տիրել այս տարածաշրջանի շատ բնակավայրերում: Ակտիվության բացակայությունն էլ թերեւս բացատրությունն է այն բանի, որ Սամցխե-Ջավախեթիից ընտրախախտումների մասին հաղորդագրություններ չէին ստացվում:

Հետաքրքրական է, որ խնդրահարույց էր Աբխազիայի հետ սահմանակից Զուգդիդիի շրջանը, որն օրվա կեսից դարձավ ուշադրության հիմնական բեւեռներից մեկը: Ընդդիմության բազմաթիվ գործիչներ նախ հայտարարեցին, թե Զուգդիդիում ընտրություններ է անցկացնում տեղի ոստիկանությունը, իսկ ավելի ուշ վրացական հեռուստաեթերում հայտնվեցին նաեւ կադրեր` ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ ճնշումների վկայությամբ:

Այս շրջանը եւս իր առանձնահատկությունն ունի. Զուգդիդիից է միասնական ընդդիմության ներկայիս լիդերներից մեկը` Կոնստանտին Գամսախուրդիան` Վրաստանի առաջին նախագահի որդին: Եվ ընդդիմությունն էլ այստեղ բավականին ակտիվ է գործել ու ունի բնակչության աջակցությունը:

Ամեն դեպքում, Զուգդիդիում երեկ, օրվա երկրորդ կեսին, ըստ առաջինը տեղեկությունը տարածած «Ռուսթավի-2» հեռուստաընկերության, հնչել էին նաեւ կրակոցներ ու այրվել էր երկու ավտոբուս: Դրանցով փորձում էին Աբխազիայի առումով խնդրահարույց Գալիի շրջանի վրացի բնակչությանը քվեարկության համար ընտրատեղամասեր տեղափոխել, եւ վրացական կողմի համաձայն, ականանետից գնդակոծում էր եղել աբխազական կողմից:

Աբխազիան իր հերթին, ի դեմս առաջնորդ Սերգեյ Բաղապշի Մոսկվայում կատարած հայտարարության, հերքեց կրակոցներին եւ ականակոծմանը մասնակից լինելը: Թերեւս ճիշտ ժամանակին էր իբր քվեարկողներին ընտրատեղամասեր հասցնելու «ժողովրդավարական» ցանկության իրագործման խափանումը, քանի որ ընտրախախտումների մասին հայտարարություններն ուղղակի հեղեղում էին ամեն ինչ, մինչդեռ տարբեր տեղամասերում օտարերկրյա դիտորդները խոսում էին նորմալ ընտրական գործընթացի մասին:

Ինչեւէ, վրաց ընդդիմությունը դեռեւս օրեր առաջ էր հայտարարել հենց քվեարկության օրը, ժամը 20-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հարեւանությամբ հավաքվելու ցանկության մասին, որ այնուհետեւ տեղափոխվել էր ժամը 23-ին` ԿԸՀ կողմից առաջին նախնական արդյունքների հայտարարումից հետո: Ընդդիմության լիդերների հայտարարությունները նմանվում են նոյեմբերյան իրադարձությունների ժամանակ հնչած մտքերին. «Եթե այս ընտրություններն էլ կեղծվեն, ժողովուրդը կապստամբի»:

Հ.Գ. Վրաստանի խորհրդարանը դեռեւս գլխավորող Նինո Բուրջանաձեն չի մասնակցում այս ընտրություններին` երկրի նախագահ Միխեիլ Սաակաշվիլու հետ իշխող կուսակցության ընտրական ցուցակում տեղերը «չբարիշելու» պատճառով: Երեկ Բուրջանաձեն խոստացել է ընտրություններից հետո ասել, թե ինչու իրականում չի մասնակցել ընտրություններին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4