«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#100, 2008-05-27 | #101, 2008-05-28 | #102, 2008-05-30


ՄՈՍԿՎԱՅԻՑ ՎՌՆԴՈՒՄ ԵՆ ՎՐԱՑԻ ԳՈՂԵՐԻՆ

Ռուս-վրացական հակամարտությունը նորից իջավ գողական մակարդակի: Մոսկվայի իրավապահ մարմինները Վրաստան արտաքսեցին քրեական աշխարհի «պատվավոր» կոչումը կրող օրենքով գող Գեորգի Գոգոլաձեինՙ Գոգա մականունով: Վռնդվել է նաեւ նրա հանցակից «գործընկեր» Ամիրան Սոպրոմաձեն (Սոպոտիա):

Գոգան սովորական գող չէր, այլ վերահսկում էր Մոսկվայի տարածաշրջանի վրացական էթնիկական հանցախմբերը, որոնք զբաղվում են ավազակային հարձակումներով, բնակարանային գողություններով, դրամաշորթությամբ եւ այլն: Նրան վաղուց «սպասում էին» նաեւ Թբիլիսիում:

Հետաքրքրականն այն է, որ նկատի ունենալով երկու երկրների բարդ հարաբերությունները, քրեական պարագլուխը աղմուկ է բարձրացրել, թե ինքը դարձել է քաղաքական բռնության զոհ, որ Ռուսաստանի եւ Վրաստանի ՆԳ նախարարությունները կորպորատիվ դավ են նյութել իր դեմ:

Ինչպես տեսնում ենք, գողերի «ընտրախավն» էլ է սովորել խոսել արդիական «դեմոկրատական» լեզվով: Ի դեպ, սրանց դերը շատ մեծ է Ռուսաստանում հակակովկասյան տրամադրությունների բորբոքման մեջ: Նորերս մոսկվացի ծանոթ փաստաբաններից մեկը պատմում էր, թե ինչպես էին այստեղ դատում մի հայ քրեական հեղինակության: «Եթե տեսնեիր ի՜նչ կատեգորիայի զանգված էր հավաքվել դատարանի դահլիճում, դառնությամբ ասաց նա, ապա կհիասթափվեիր մեր ազգից»:

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4