«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#104, 2008-06-03 | #105, 2008-06-04 | #106, 2008-06-05


ՊԵՏԵՐԲՈՒՐԳՈՒՄ ՍԱՐԳՍՅԱՆ-ԱԼԻԵՎ ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՒՄ Է ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՐՈՒՆԱԿՄԱՆ ԵՐԱՇԽԻՔ

ՀՀ ԱԳ նախարարը նույն կե՞րպ է ընկալում հանրաքվեն ու պլեբիսցիտը

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Չնայած ադրբեջանական կողմի պնդումներին, թե ղարաբաղյան հակամարտության բանակցություններում քննարկվող որեւէ կոնկրետ փաստաթուղթ չկա, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հավաստիացրեց, որ անցյալ տարեվերջին ԵԱՀԿ ԱԳ նախարարական խորհրդի շրջանակներում բանակցային կողմերին ներկայացվել է փաստաթուղթ, որն, ի դեպ, գրանցված է որպես այդպիսին նաեւ ԵԱՀԿ Վիեննայի գրասենյակում:

Ամեն դեպքում, ըստ նախարարի, այդ փաստաթուղթը պայմանագիր չէ, այլ առաջարկներ, որոնք արդյունք են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ բանակցությունների կողմերի երկարատեւ ջանքերի: «Այսօր խոսք չի գնում նոր առաջարկների մասին որեւէ կողմից, այդ առաջարկները կան եւ դրանք հիմք են բանակցությունների, ինչին Հայաստանը պատրաստ է», նշեց Նալբանդյանը:

Անդրադառնալով ՀՀ ՊՆ այն տեղեկատվությանը, որ հունիսի 3-ին ադրբեջանական կողմը, սեփական ԱԳՆ-ից անվտանգության ապահովման երաշխիքների հայտագիր չի ներկայացրել, խափանել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի մանդատի շրջանակներում շփման գծի մոնիտորինգը, ԱԳ նախարարը նշեց, որ հարկ է զերծ մնալ բանակցությունները խոչընդոտող քայլերից հատկապես հիմա: Հունիսի 6-ին Սանկտ Պետերբուրգում տեղի է ունենալու Հայաստանի նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի առաջին հանդիպումը:

Ադրբեջանական պաշտոնյաների տարաբնույթ հայտարարությունները, որոնց մեջ խոսվում է ինչպես խաղաղ բանակցությունների, այնպես էլ ռազմական գործողությունների հնարավոր վերսկսման մասին, ըստ Նալբանդյանի, հասկանալի չեն, քանի որ վերջերս տեղի ունեցած հանդիպմանը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ (Ռուսաստանը համանախագահող երկիր է ղարաբաղյան հարցի կարգավորման գործում միջնորդական առաքելությամբ հանդես եկող ԵԱՀԿ Մինսկի խմբում - Ա.Հ.) եւս մեկ անգամ ընդգծվել է, որ հակամարտության կարգավորման միակ ելքը խաղաղ բանակցություններն են:

Հայաստանը Պետերբուրգում կայանալիք կարեւոր հանդիպմանը գնում է բանակցությունները շարունակելու պատրաստակամությամբ, քանի որ հակամարտության շարունակումը, ըստ Նալբանդյանի, ոչ Հայաստանի շահերից է ելնում, ոչ էլ Ադրբեջանի: Ադրբեջանի պաշտպանության նախարարի հայտարարությունները, թե ադրբեջանական դիրքորոշումը չընդունելու դեպքում իրավիճակը դուրս կգա վերահսկողությունից, վտանգավոր են եւ կարեւոր է հակամարտութուն լուծելիս բանակցությունների ընթացքում դադարեցնել քարոզչությունը` հատկապես այդօրինակ ռազմատենչ ոճով:

Ընդ որում, նախարարի հիշեցմամբ, «2001 թվականին, երբ մենք շատ մոտ էինք լուծմանը, ադրբեջանական կողմից հնչեց, որ հանրային կարծիքը պատրաստ չէ դրան: Երբ արդեն պայմանագիր ես կնքում, հանրային կարծիքը պետք է պատրաստել շատ-շատ առաջ»: Նալբանդյանն իր զարմանքն արտահայտեց ադրբեջանական` հանրային կարծիքը պատրաստելու պատճառաբանության առնչությամբ այն մոտեցմամբ, որ Ադրբեջանում, հարցումների արդյունքներով, 29 տոկոսը կողմ է ղարաբաղյան հարցի ռազմական լուծմանը, իսկ 82 տոկոսը դրական չի գնահատում Մինսկի խմբի համանախագահների միջնորդությունը:

Նախարարը հույս հայտնեց, որ վաղը Պետերբուրգում կայանալիք հանդիպումը դրական արդյունք կտա, այլապես վիճակը տարօրինակ կլինի, ինչից էլ համանախագահները պետք է եզրակացության գան: «Այս բանակցությունների գործընթացում մենք դուրս ենք եկել այնպիսի մի շրջան, որ պետք է շատ զգույշ լինել, այսինքն` յուղ չլցնել կրակի վրա, որեւէ ձեւով չխոչընդոտել բանակցությունները: Հատկապես, եթե ինչ-որ կառույցներ, որ մոտիկից ծանոթ չեն գործընթացին, պետք է առավել զգույշ լինեն»:

Ինչ վերաբերում է բանակցությունների սեղանին դրված փաստաթղթում հանրաքվե կամ պլեբիսցիտ անցկացնելու ձեւակերպմանը, ապա Նալբանդյանն ըստ էության ոչինչ չասաց, նշելով, թե չի մանրամասնի հանրաքվե կամ պլեբիսցիտ բառերի տարբերությունը: «Պլեբիսցիտը շատ դեպքերում համարյա նույնն է, ինչ հանրաքվեն եւ համապատասխան իրավունք, հնարավորություն է տվել ինքնորոշման իրավունքի իրականացման: Բուն իմաստը մտքի այն է, որ Ղարաբաղի բնակչությունը պետք է ազատորեն արտահայտի իր կամքը իր ապագա կարգավիճակի վերաբերյալ»:

Խոսելով Հայաստանի նախագահական ընտրությունների առնչությամբ դեռեւս հնչող գնահատականներից` նախարարը նշեց. «Այո, մեր նախագահական ընտրությունները առաջընթաց էին նախորդ նախագահական ընտրությունների համեմատությամբ եւ շատ ավելի առաջընթաց էին նախորդներին նախորդած ընտրությունների համեմատությամբ»:

Թերությունների մասին նշումներն էլ նկատի են առնվում, եւ կարեւոր է, թե ինչպես են իշխանությունները մոտենում այդ թերությունների վերացմանը` ընտրական գործընթացը միջազգային չափանիշներին ավելի համապատասխանեցնելու ուղղությամբ: Ամեն դեպքում, ըստ նախարարի, բարեփոխումները չեն արվում, որովհետեւ Հայաստանը պարտավորություններ ունի, որ տարբեր երկրներ գնահատականներ են տալիս, այլ որովհետեւ դա մեր ժողովրդի եւ երկրի ղեկավարության գիտակցված ընտրությունն է:

ԱԳՆ մամուլի բաժինը կընդլայնվի, կդառնա ավելի գործուն: ԱԳ նախարարության ամենաբացը լինելու առնչությամբ իր զարմանքը հայտնեց, նշելով, թե գերատեսչությունը ակումբ չէ, որ բաց կամ փակ լինի: Ամեն դեպքում, ԱԳՆ կայքէջը կարող է շուտով ունենալ նաեւ ռուսերեն տարբերակ: ԱԳՆ աշխատանքի ավելի ակտիվացման խոսակցությունների առումով էլ նախարարը դրանք լավ ցանկություններ որակեց, հայտարարելով, որ երկար ճանապարհ է անցած, կան ձեռքբերումներ եւ դրանց վրա հենվելով պետք է ոչ միայն առաջ գնալ, այլեւ լրացնել նոր բովանդակությամբ:

Երեկ տեղի ունեցած ասուլիսը Էդվարդ Նալբանդյանի առաջին հանդիպումն էր լրագրողների հետ որպես արտգործնախարար: Նախարարի առաջին ասուլիսը կարելի է որակել որպես մանեւրված պատասխանների շարք, որում նախարարն ավելի շատ դեսպան էր մնացել:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4