«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#120, 2008-06-25 | #121, 2008-06-26 | #122, 2008-06-27


ԼՐԱՆՈՒՄ Է ՎԱԶԳԵՆ Ա ՎԵՀԱՓԱՌԻ ԾՆՆԴՅԱՆ 100-ԱՄՅԱԿԸ

«Աստուած փնտրելու ճամբին ես գտայ Ս. Էջմիածինը եւ իմ Հայրենիքը, եւ խոնարհուեցի ճակատագրին առջեւ»:

Սեպտեմբերի քսանին լրանում է երջանկահիշատակ Վազգեն Ա Ամենայն հայոց կաթողիկոսի ծննդյան 100-ամյակը: Սա սովորական հոբելյան չէ, այլ նշանակալից մի օր, որ ամեն հայի պարտքն է հիշել այն: Վստահաբար, Աստված ողորմած եղավ հայոց ազգի նկատմամբ, որ ճիշտ ժամանակին աշխարհ ուղարկեց իր լուսավորչաշավիղ «առաքյալին»` Լեւոն-Կարապետ Պալճյանին:

Լեւոն-Կարապետ Պալճյանը ծնվել է 1908-ին Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում: Տեղում ստանալով նախնական կրթություն, ուսումը շարունակել է Բուխարեստի պետական համալսարանումՙ մասնագիտանալով մանկավարժության եւ փիլիսոփայության մեջ: Բուխարեստում Լեւոն-Կարապետ Պալճյանը զբաղվել է բուռն եւ արգասաբեր ուսուցչական գործունեությամբ, իսկ 1943-ին Տիրոջ կամքով կոչվել հոգեւոր ծառայության եւ սկսել իր եկեղեցանպաստ, հայրենանվեր գործունեությունը:

Այդ շրջանում Հայաստանում իշխում էին խորհրդային կարգերը: Խորհրդային քաղաքականությունը դեռեւս 30-ական թվականներից ժխտում ու հալածում էր կրոնը եւ ազգայնական գաղափարախոսությունները: Եվ հակաաստվածային այդ դժվարին տարիներին Վազգեն եպիսկոպոսին վիճակված է առաջնորդել իր հավատացյալ հոտին եւ լուծել կուտակված բազմաթիվ խնդիրներ եւ մարտահրավերներ:

1955-ին Էջմիածնում գումարված ազգային-եկեղեցական ժողովը Վազգեն եպս. Պալճյանին ընտրում է Ամենայն հայոց կաթողիկոս: Նրան ի վերուստ վիճակված էր գահակալել մինչեւ 1994-ը եւ մեծ նվիրումով իրագործել անկարելին:

Իրապես, անգնահատելի է նրա դերը հայ ժողովրդի կյանքում: Ոչ ոք չէր սպասում, որ աթեիզմ քարոզող երկրում կարող էր հանկարծ եկեղեցու նկատմամբ համազգային սեր եւ հարգանք առաջանալ: Վեհափառ հայրապետը ջանք չխնայեց հայ ժողովրդի զավակների առջեւ բացելու մեր հազարամյա վանքերի եւ եկեղեցիների դռները: Երկար տարիների դադարից հետո Վեհափառի շնորհիվ հայը հնարավորություն ունեցավ հասկանալու բուն հայկականության կարեւորությունը, որ ամփոփված է հայոց եկեղեցու խնկաբույր ավանդույթի մեջ:

Ամեն ազգի տրված չէ ունենալու ազգային հերոս, այն էլ` քահանայապետ, երբ եկեղեցին անջատ է պետությունից: Այդուհանդերձ նա առաջինն էր, որ արժանացավ «Ազգային հերոս» ՀՀ բարձրագույն կոչմանը: Եվ սա Վազգեն Վեհափառ հայրապետի մեծ հայրենասիրության եւ իր ժողովրդի նկատմամբ ունեցած անմնացորդ մեծ սիրո պատասխանն էր:

Նման անձինք արժանի են արդար հիշատակի եւ խորին ակնածանքի: Հուսով ենք, որ այս տարի Վազգեն Ա կաթողիկոսին նվիրված շատ միջոցառումներ կլինեն, որոնք կօգնեն պատշաճ ներկայացնելու եւ յուրովի ճանաչելու մեր հայրենասեր հայրապետին:

ՆԱՐԵԿ ԱՇՈՒՂԱԹՈՅԱՆ, «Ծիրանի» ՀԿ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4