«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#123, 2008-06-28 | #124, 2008-07-01 | #125, 2008-07-02


ԵՐԲ ԳՈՒՅՆԵՐԸ ԽՈՍՈՒՄ ԵՆ

«Երիտասարդ արվեստագետները ներկայանալու խնդիր ունեն: Յուրաքանչյուր անհատական կամ խմբակային ցուցահանդես օգնում է կայանալ, հաստատվել, տեսնել սխալներդ եւ լսել արվեստագետների խորհուրդ-կարծիքները», ասում է երիտասարդ նկարչուհի Անժելիկա Մաճկալյանը, որի ստեղծագործությունների առաջին անհատական ցուցահանդեսը տեղի ունեցավ երեկ «Նարեկացի» արվեստի միությունում:

Անժելիկան ավարտել է Գեղարվեստի ակադեմիայի դիզայնի ֆակուլտետն ու դասավանդում է արվեստի դպրոցում: Ներկայանում է տարբեր ոճերում, աշխատում յուղաներկով, ջրաներկով եւ պաստելով: Վերջին շրջանում նկարչուհին պատրաստում է նաեւ կոլաժներ: Ասում էՙ այդ կերպ խենթ մտքերը, զգացմունքներն ու հույզերը շունչ ու ոգի են ստանումՙ դառնալով արվեստի յուրահատուկ ստեղծագործություններ:

Նկարչուհու երանգապնակը հարուստ ու գունագեղ է: Բնանկարներում ներդաշնակվում են բաց կապտավունը, կանաչն ու ոսկեգույնըՙ դիտողի ընկալմանը հասցնելով, հայրենի բնաշխարհի գեղեցկությունը:

«Նրա ցուցահանդեսը նորույթ է: Կտավները դիտելով ցանկանում ես առնչվել մայր բնությանը, շրջակա միջավայրի գեղեցկությանը, որը զարմանք ու հիացմունք է արթնացնում: Հոգիս ուրախությամբ է լցվում, երբ տեսնում եմ երիտասարդ արվեստագետի, որ այդքան նվիրված է բնությանը, գույներին, հայոց սրբազան հողին: Անժելիկան իր խոհերը նկարներով է ներկայացնում մարդկությանը: Տեսնում եմ հոյակապ բնանկարների շարք: Հայկական կարպետ հիշեցնող գունաշար է եւ զգում ես, որ խոսում է արվեստագետի զգայուն հոգին, սուր միտքն ու աչքը, որ միախառնված զգացական աշխարհի հետ ստեղծում է փոքրիկ գողտրիկ միջավայր, որը մեր գեղանկարչության մեջ ապագայում կգտնի իր արժանի տեղը», Անժելիկայի ստեղծագործություններից հիացած ասում է նկարիչ, արվեստի վաստակավոր գործիչ Ղարիբ Եղիազարյանը:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4