«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#124, 2008-07-01 | #125, 2008-07-02 | #126, 2008-07-03


ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՄՔ, ԼԱՎ ԾՐԱԳԻՐ ՈՒ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻՆ ՎԵ՞ՐՋ...

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Կոռուպցիան ամենալուրջ խնդիրներից մեկն է, որ խոչընդոտում է հասարակական զարգացմանը: Երեկ «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում Հայաստանի միջազգային հակակոռուպցիոն պարտավորությունների վերաբերյալ համաժողովում իր բացման խոսքն այսպես սկսեց հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը: Համաժողովը կազմակերպել էին ԱՄՆ Միջազգային զարգացման ծրագրի հակակոռուպցիոն գործունեության մոբիլիզացման ու ՄԱԿ-ի զարգացման ծրագրերը` քննարկելու Հայաստանի պարտավորությունները ՄԱԿ-ի հակակոռուպցիոն կոնվենցիայի, Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի հակակոռուպցիոն ցանցի ու Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարի երկրների խմբի (GRECO) շրջանակներում:

Տիգրան Սարգսյանն իր խոսքում նշեց, որ Հայաստանի նախագահի այս հարցում առաջ քաշած սկզբունքներն են նաեւ կառավարության գործունեության հիմքում, ամենից առաջ, որ կոռուպցիայի դեմ պայքարը պետք է ունենա տեսանելի եւ չափելի դրսեւորումներ: Բացի այդ, հանրությունը պետք է զգա, որ կառավարության գործողությունները եւ հակակոռուպցիոն ծրագիրը, որի առաջին` օրենսդրական բարեփոխումների փուլը իրագործված է, արդյունք են տալիս:

Վարչապետի մատուցմամբ, հասարակությունը պետք է լայնորեն ներգրավվի հակակոռուպցիոն ծրագրում, կառավարությունն էլ շահագրգիռ է մասնակից դարձնելու ինչպես հասարակական կազմակերպություններին, այնպես էլ ընդդիմությանը: Բացի այդ, Սարգսյանի խոսքերով, կարեւոր է համապատասխան միջավայրի ստեղծումը, հաղթահարելով հոգեբանական բարդույթները եւ անհանդուրժողականություն ձեւավորելով կոռուպցիայի նկատմամբ: Այս ամենի ֆոնին կառավարության նպատակն է հնարավորինս կարճ ժամկետում ունենալ այս ոլորտում լուրջ փոփոխություններ: Ամեն դեպքում, հակակոռուպցիոն ծրագիրն, ըստ Սարգսյանի, կարեւոր է ոչ թե զուտ Հայաստանի միջազգային պարտավորությունների տեսանկյունից, այլ որ կոռուպցիան լուրջ չարիք է եւ վտանգում է երկրի ապագան:

Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգտոնը հիշատակեց Հայաստանի հակակոռուպցիոն պարտավորությունները, ընդգծելով, որ կառավարության նախանշած խնդիրների լուծման հարցում մեծապես կարեւորված է մասնավոր հատվածի եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ գործընկերների մասնակցությունը:

Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ-ի մշտական ներկայացուցիչ Կոնսուելո Վիդալը եւս կարեւորեց կառավարության պատրաստակամությունըՙ պայքարելու կոռուպցիայի դեմ, ավելացնելով, որ կոռուպցիան ինստիտուտների վատ աշխատանքի հետեւանք է: Ըստ Վիդալի ներկայացրած տվյալների, Հայաստանում մարդկանց 90 տոկոսից ավելին կառավարության հիմնական խնդիր է համարում կոռուպցիան, մինչդեռ նրանց մեծ մասը որեւէ միջոց չի տեսնում դրա դեմ պայքարի համար:

ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար Սերգեյ Կապինոսն իր խոսքում նախ կարեւորեց կոռուպցիայի դեմ ամենաբարձր մակարդակում պայքար ծավալելու միջոցներ գտնելու նշանակությունը: Ընդ որում, հակակոռուպցիոն ծրագրի շրջանակներում իրագործված օրենսդրական բարեփոխումները կարող են, ըստ Կապինոսի, արդյունք տալ ամենաբարձր մակարդակով քաղաքական կամքի առկայության դեպքում:

Չեն փոխվի` մենք կփոխենք

Ավելի ուշ պատասխանելով լրագրողների հարցերին` վարչապետ Սարգսյանը ընդգծեց, որ առաջին հերթին կարեւոր է հանրության համար պարզ ու հասկանալի հակակոռուպցիոն ծրագիր ունենալ, ի դեպ, որի առաջին գլուխը քննարկվել է արդեն ու աշխատանքներ են տարվում երկրորդ մասի մշակման ուղղությամբ: Հակակոռուպցիոն ծրագրի մշակման աշխատանքներին ընդդիմությանն ուղղված հրավերի հնարավոր պատասխանի տարբերակ վարչապետը չնշեց, ընդգծելով, որ պետք է սպասել ընդդիմության արձագանքին, հետո նոր միայն տալ գնահատականներ:

Ինչպես եւ ակնկալելի էր, ըստ վարչապետի էլ, կոռուպցիայի բունը հարկային ու մաքսային վարչարարության ոլորտն է, եւ եթե այս երկու ոլորտներում մոտակա երկու-երեք տարում որակական բարեփոխումներ լինեն, ապա քիչ ավելի ուշ կունենանք բարեփոխված վիճակ ընդհանրապես: Դրա համար կառավարությունը միջազգային մասնագետների ներգրավմամբ հստակ ծրագիր է մշակել, որ, Սարգսյանի խոսքերով, պետք է իրագործվի համալիր, ամբողջական, հրապարակայնորեն, հատկապես որ ներառում է կոռուպցիոն ռիսկերը բացառող տարրեր: Հարկային ու մաքսային համակարգի ներկայիս կադրերով բարեփոխումներ անցկացնելու իրագործելիության առումով Տիգրան Սարգսյանը լրագրողի հարցին ի պատասխան նշեց, որ չի հավատում, թե հենց մաքսավոր-հարկայինը կփոխվեն, բայց հավատում է, որ կառավարությունը կփոխի նրանց:

Արդեն իսկ հայտարարված մոտեցմամբ, պետք է վերանայվի նաեւ, օրինակ, ՀՀ-ում անձեռնմխելիությունից օգտվող անձանց ցանկը` նվազեցնելով դրանից օգտվողների թիվը:

Հակակոռուպցիոն պայքարում իրավապահների աշխատանքը վարչապետը բավարար չգնահատեց, բայց նշեց, որ իրավապահների գործողություններն ու ծրագրերը հուսադրող են:

Հոգեբանական բարդույթները` հակակոռուպցիոն պայքարի խոչընդոտ

  «Ազգը» հետաքրքրվեց, թե ընդունելության քննությունների այս ժամանակաշրջանում ինչ է արվում Հայաստանում կոռուպցիոն դրսեւորումներով «հարուստ» կրթության ոլորտում: Վարչապետը պատասխանեց, որ երկխոսություն է սկսվել ուսանողական խորհուրդների հետ, ընդ որում, վերջիններիս նախաձեռնությամբ, բայց այստեղ էլ կան հոգեբանական բարդույթներ: Մասնավորապես, ըստ Սարգսյանի խոսքի, չեն նշվում կոնկրետ դասախոսների անուններ, իսկ երբ որեւէ բացահայտում է լինում, նույն ուսանողներից գտնվում են մարդիկ, որ խոսում են «ավելի մեծ ձկների» բռնելու անհրաժեշտության մասին` մասնակի օրինակի բացահայտումը չողջունելով:

Վարչապետն ընդգծեց, որ կրթության ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարը մեծապես կարեւոր է, ուստի կառավարությունը մտադիր է հենց երիտասարդների համագործակցությամբ պայքար սկսել բարձրագույն ուսումնական հաստատություններում:

Երթուղայինների վնասով աշխատելը` կասկածի տակ

Վարչապետ Տիգրան Սարգսյանն, ի պատասխան հարցերի, տեղեկացրեց, որ նախորդ շաբաթ կառավարությունում խորհրդակցություն է եղել եւ մտադրություն կա քննարկման հրավիրելու երթուղային գծերի տերերին: Ընդ որում, այս դեպքում խնդիր են ոչ միայն կոռուպցիոն ռիսկերը, այլեւ երթուղայինների սակագները: Վարչապետը մասնավորապես տեղեկացրեց, որ անկախ հետազոտություն է պատվիրվելՙ պարզելու, թե որքանով են արդարացված երթուղայինների տերերի դժգոհությունները, որ աշխատում են վնասով: Սարգսյանի հավաստմամբ, հաջորդ շաբաթ կառավարությունը կքննարկի այս հարցը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4