«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#125, 2008-07-02 | #126, 2008-07-03 | #127, 2008-07-04


ԾԻՐԱՆԵՆԻՆ ՃՅՈՒՂԱՎՈՐՎՈՒՄ ԵՎ ԸՆԴԱՐՁԱԿՎՈՒՄ Է

Հուլիսի 13-20-ը Երեւանում կայանալիք «Ոսկե ծիրան» 5-րդ միջազգային կինոփառատոնի ժամանակ Հայաստան կժամանեն կինոաշխարհի ականավոր դեմքեր: Եվրոպական հայտնի կայքէջերը «Ոսկե ծիրանը» ներկայացնում են կինոաշխարհի լուրջ, կարեւորագույն երեւույթ, հպարտությամբ նշելով, որ իրենց երկրի ռեժիսորներն էլ են մասնակցելու միջոցառումին: Երեկ «Երեւան» հյուրանոցում «Ոսկե ծիրան» կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանն ու Միքայել Ստամբոլցյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեցին ժյուրիի կազմն ու պատվավոր հյուրերին: Հարություն Խաչատրյանը նշեց, որ փառատոնը ոչ մեկին չի վճարում «Ոսկե ծիրանին» մասնակցելու համար: «Փորձեր եղել են աստղերից, որպեսզի մենք էլ խաղին մասնակցենք, սակայն այդ կանոնները մեզ համար ընդունելի չեն: Մենք գնահատում ենք ռեժիսորական եւ դերասանական վարպետությունը, այլ ոչ թե աստղային փայլն ու ձեւականությունը»:

Փառատոնի պատվավոր հյուրերից են համաշխարհային կինոյի ականավոր ռեժիսորներ Ուլրիխ Զայդլը, ով «Ոսկե ծիրան» փառատոնում նախորդ տարի արժանացավ գլխավոր մրցանակին, Ռոման Բալայանը, Ատոմ Էգոյանը:

«Հայաստան է գալիս շատ հետաքրքիր կին, որն էությամբ բողոք է ու համարձակություն: Շատերը չեն ընդունում Կատրին Բրիյայինՙ բաց ֆիլմեր նկարելու համար: Նա նաեւ տաղանդավոր գրող է: Նրա գրքերի հիման վրա Ֆելինին եւ բազմաթիվ այլ հայտնի կինոռեժիսորներ ֆիլմեր են նկարահանել: Կատրին Բրիյանի հիմնական պայքարն է բարձրացնել կանանց իրավունքներն ու պաշտպանել նրանց շահերը», ասաց Հարություն Խաչատրյանը:

Երեւան ժամանած Վիմ Վենդերսը կմասնակցի փառատոնի բոլոր միջոցառումներին, նաեւ երիտասարդ ռեժիսորների հետ կանցկացնի անվճար մաստեր կլասս: «Հայ երիտասարդ ռեժիսորների պակաս ունենք եւ թե՛ փառատոնը, թե՛ անվճար դասընթացները կնպաստեն, որպեսզի երիտասարդներն ուժ, փորձ, համարձակություն հավաքեն, իրենց առջեւ պահանջներ դնեն ու մտնեն կինոաշխարհ», ասաց Հարություն Խաչատրյանը:

Միքայել Ստամբոլցյանն էլ ներկայացրեց ժյուրիի կազմը: Փառատոնն այս տարի ունենալու է հինգ ժյուրի: Խաղարկային ֆիլմերը կնախագահի իրանցի հանրահայտ կինոռեժիսոր Դարյուշ Մեհրջուին: Ընդգրկված են նաեւ Ստամբուլի միջազգային կինոփառատոնի տնօրեն Ազիզեն Թանը եւ հայ դերասան Աշոտ Ադամյանը: Վավերագրական ֆիլմերի ժյուրին կգլխավորի ավստրիացի կինոռեժիսոր, Վիեննայի փառատոնի մրցանակակիր Միքայել Գլավոգերը, իսկ «Հայկական համայնապատկերը»ՙ ԱՄՆ-ից Անահիտ Նազարյանը, ում կինոկարիերան սկսվել է հանրահայտ Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի հետ համագործակցությամբ:

Հարություն Խաչատրյանի խոսքերով, Արտավազդ Փելեշյանն առողջական լուրջ խնդիրներ ունի եւ ամենայն հավանականությամբ չի մասնակցի կինոփառատոնի տոնակատարություններին: «Սակայն նրա բացակայությունը չի խանգարի, որպեսզի Երեւանում մեծ շուքով տոնենք մեծ վարպետի 70-ամյակը»:

Կինոփառատոնի ընթացքում համաշխարհային կինոյի մեծ վաստակի համար մրցանակի կարժանանան Վիմ Վենդերեսը եւ Դարյուշ Մեհրջուին:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4