«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#125, 2008-07-02 | #126, 2008-07-03 | #127, 2008-07-04


«ԻՆՉՊԻՍԻՆ Է ԱՇԽԱՐՀԸ, ԻՆՉՊԻՍԻՆ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ»

«Շատ հաճելի է, թե մարդիկ ինչպես են մոտենում իմ ստեղծագործություններին, նայում, երբեմն քննարկում: Հետաքրքիր հայացքներ կան: Սրանք ոչ թե նկարներ են, այլ հայելիներ, որտեղ մարդիկ գտնում են իրենց հոգու մութ անկյունում թաքնված վախը կամ անհանգստությունը, կյանքի իրականությունը», ասում է երիտասարդ նկարչուհի Լիլիթ Նիկողոսյանը: Նկարչուհին ավարտել է Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ակադեմիան: Առաջին անհատականը 1996-ին էրՙ Նարեկացի արվեստի միությունում:

Տարիներ շարունակ դասավանդել է Երեւանի թիվ 59 դպրոցում: Ուսուցման հետ համատեղ Լիլիթը նախշազարդում էր նաեւ դպրոցի պատերը հայրենասիրական, գրական ու բնության թեմաներով: Առանձնահատուկ են հատկապես հայկական հեքիաթների հերոսների թեմատիկայով նախշազարդումները, «որպեսզի հայ մանուկները «Թոմը եւ Ջերիից» բացի իմանան նաեւ Քաջ Նազարի, Կիկոսի, Բարիկենդանի գոյությունը»: Նկարչուհին նշում է, թե իր ոճը նուրբ սյուրռեալիզմն է, սիրում է նկարել մարդկանց հայացքները, ներաշխարհը. «Յուրաքանչյուր ստեղծագործությունում իմ հոգին է, ներաշխարհը, զգացմունքները: Նկարելու ընթացքում անէանում եմ երկրից: Պատկերացրեք ամենաիդեալական հանգիստը, երբ չես լսում կամ տեսնում: Այդ ժամանակ իմ ուղեղը, սիրտը կառավարում է վրձինը, մատիտը»:

Օրերս Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում «Կարիճ» մշակութային կազմակերպության հովանավորությամբ «Ինչպիսի՞ն է աշխարհը, ինչպիսի՞ն պետք է լինի» խորագրով բացվեց Լիլիթ Նիկողոսյանի երկրորդ անհատական ցուցահանդեսը: Նկարչուհու ստեղծագործությունները նուրբ հուզումների, երեւակայության ու իրական զգացմունքների միաձուլում են, որտեղ անտառային ոգիները, հայացքները, մարդկային մարմնով հրեշտակները դիտողի ընկալմանն են հասցնում նկարչուհու առեղծվածային ու խենթ մտքերը:

Հ.Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4