«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#128, 2008-07-05 | #129, 2008-07-08 | #130, 2008-07-09


ԻՐԱՆՆ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆՄԱՆԱՏԻՊ ՄԵԿՈՒՍԱՑՄԱՆ ՄԵՋ ԵՆ

ԱՄՆ-ի ու Իրանի հարաբերությունները հարկավոր է դիտարկել հետեւյալ տեսակետներիցՙ դիվանագիտական, ռազմական եւ տնտեսական: Այդ մասին Երեւանում «Իրանը որպես տարածաշրջանային տերությունՙ խնդիրներն ու հեռանկարները» սեմինարի ժամանակ հայտարարել է Jane՛s հետազոտական կենտրոնի վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանը: «Պանարմենիըն.նեթ» կայքէջի տեղեկացմամբ, Կիրակոսյանը նշել է, որ սեպտեմբերի 11-ից հետո ամերիկա-իրանական հարաբերությունները նոր փուլ մտան:

«ԱՄՆ-ն արշավ սկսեց ընդդեմ «Թալիբան» շարժման Աֆղանստանում, ինչը շահավետ էր Իրանի պետական շահերի համար: Այնուհետեւ սկսվեց ահաբեկչության դեմ պայքարը: Ճիշտ է, Իրանը ԱՄՆ-ի կամքով հայտնվեց «չարիքի առանցքում»: Ամերիկացիների սխալ կառավարումը հետպատերազմյան Իրաքում նպաստում է Իրանի կայացմանը որպես տարածաշրջանային տերության: Ինչ վերաբերում է Իրանի միջուկային ծրագրին, ապա դա ազգային հպարտության հարց է եւ պատասխան է Իսրայելի, հնարավոր էՙ նաեւ Պակիստանի ու Հնդկաստանի միջուկային սպառնալիքին», ասել է Կիրակոսյանը: Նա նաեւ գտնում է, որ Իրանի վիճակը նման է Հայաստանի վիճակինՙ փաստորեն այս երկու երկրները գտնվում են մեկուսացման մեջ եւ ձգտում են դառնալ տարածաշրջանային խաղացողներ:

Անդրադառնալով Իրանի դեմ ԱՄՆ-ի հնարավոր օդային հարձակմանըՙ ամերիկացի փորձագետը նշել է, որ դա անարդյունավետ կլինի: «Ամերիկյան բանակը չափազանց շատ է զբաղված Իրաքով ու Աֆղանստանով, նրա տեխնիկական հնարավորությունները սահմանափակ են: Սակայն ամենակարեւորն այն է, որ հարձակման դեպքում Իրանում կբարձրանա ազգային դիմադրության ալիքՙ դիմակայելու համար Ամերիկային, նույնիսկ ընդդիմությունը կպաշտպանի հայրենիքը», ընդգծել է Jane՛s-ի փորձագետը:

Նա գտնում է, որ ԱՄՆ-ի դիրքորոշումն այժմ հետեւյալն էՙ խոչընդոտել Իրանի ազդեցության աճին Իրաքում, ինչը, մասնավորապես, արտահայտվում է նրանով, որ շիաներին զենք է մատակարարում «Հզբոլլահ» կազմակերպությունը: «Միեւնույն ժամանակ Իրանը չափազանց լուրջ մարտահրավեր է ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի հարաբերությունների համար: Վաշինգտոնում արդեն սկսել են համարել, որ Իրանի հետ ավելի լավ է խոսել, քան սպառնալ նրան: Սակայն այժմյան նախագահի վարչակազմը նման քայլերի պատրաստ չէ: Ես հուսով եմ, որ Սպիտակ տան հաջորդ տերը կլինի Բարաք Օբաման, որը կարող է փոխել ԱՄՆ-ի քաղաքականությունը Իրանի հարցում», ասել է Կիրակոսյանը:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4