«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#128, 2008-07-05 | #129, 2008-07-08 | #130, 2008-07-09


ԲԱԶՄԱԿԱՐԾՈՒԹՅՈՒՆԸ ԼԱՎ ԲԱՆ Է, ԲԱՅՑ ԴՐԱՆԻՑ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԴԵՌ ՉՈՒՆԵՆՔ

Հայաստանն ամբողջությամբ չի կատարում Եվրոխորհրդի առջեւ ունեցած պարտավորությունները խոսքի ազատություն ապահովելու առումով: Երեկ նման գնահատական տվեց Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների եւ օրենսդրության գլխավոր տնօրինության օրենսդրության ու մարդու իրավունքների զարգացման բաժնի ծրագրերի խորհրդական Ֆրանցիսկա Կլոպֆերը` «Բազմակարծությունը Հայաստանի լրատվամիջոցներում» միջազգային կոնֆերանսում: Այն կազմակերպել էր Երեւանի մամուլի ակումբը` Եվրոպայի խորհրդի եվրոպական հանձնաժողովի եւ ԵԱՀԿ աջակցությամբ:

Կլոպֆերը հիշատակեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մեզ համար տխրահռչակ 1609 եւ 1620 բանաձեւերը, ավելացնելով, որ Հայաստանի բացթողումները նաեւ խոսքի ազատության ոլորտում նշված են հենց դրանցում, որոնցով ամենից առաջ մատնանշվում է հեռարձակման ոլորտի կարգավորման կարեւորությունը` ելնելով Եվրոդատարանի «Ա1+»-ի առնչությամբ կայացրած որոշումից: Ըստ Կլոպֆերի, Եվրոդատարանի որոշումը ցույց է տալիս, որ հեռարձակման օրենսդրությունը անկախության ու բազմակարծության բավականաչափ հնարավորություն չի տալիս:

Հիմնականում անդրադարձը վերաբերում էր հեռարձակման ոլորտը կարգավորող մարմնի աշխատանքի թերություններին, ինչին անդրադարձավ նաեւ ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցչի ավագ խորհրդական Աննա Կարլսրայթերը: Վերջինս ի թիվս թվարկված հանգամանքների, կարեւորեց նաեւ ոլորտի կարգավորման թափանցիկությունը:

ԱԺ կրթության, գիտության հանձնաժողովի նախագահի տեղակալ Նաիրա Զոհրաբյանը ներկայացրեց լրատվամիջոցների բազմակարծության ապահովմանն ուղղված օրենսդրական բարեփոխումների ընթացքը:

Մեծ Բրիտանիայից Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի լրատվամիջոցների ենթակոմիտեի ղեկավար Էնդրյու Մակինթոշը, ներկայացնելով լրատվամիջոցների բազմակարծության առնչությամբ ԵԽ չափանիշները, սկսեց Բելառուսի տխուր օրինակից: Այնուհետեւ խոսքն առավելապես հեռարձակման մասին էր եւ այդ ոլորտը կարգավորող մարմնի:

Մասնավորապես, ըստ Մակինթոշի, բավականին նշանակալի կարեւորություն ունի կարգավորող մարմնի հաշվետվողականությունը, որ անկախ լինի որեւէ այլ մարմնից կամ քաղաքական ազդեցությունից: Այդ մարմնի անդամների ընտրությունը պետք է լինի օբյեկտիվ, ընտրովի չափանիշներով: Նաեւ կարգավորող մարմինը պետք է հաշվետվողականություն ապահովի ֆինանսական առումով` բաց թողնելով այդ մարմնի որոշումները բողոքարկելու հնարավորությունը:

Ըստ լրատվամիջոցների ենթակոմիտեի ղեկավարի, չնայած ԵԽԽՎ բանաձեւերը նշում են Հայաստանի տպագիր մամուլի որոշակի բազմակարծության մասին, հեռուստաեթերը մնում է նշանակալի ու հրատապ խնդիր:

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4